ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս հանդիպումները դուռը կիսաբաց են թողնում»

08.12.2017 21:45 ԶԱՐԿԵՐԱԿ
«Այս հանդիպումները դուռը կիսաբաց են թողնում»

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, ապա՝ առանձնազրույցը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպումը 2018 թվականի սկզբին կազմակերպելու համար:
Հաշվի առնելով նման հանդիպումների հաճախակիությունը` կարելի՞ է ենթադրել, որ բանակացային գործընթացը առաջ է գնում: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆ.
- Եթե բանակցային գործընթաց ասելով` հասկանում ենք Արցախյան հիմնահարցի վերջնական լուծում եւ խաղաղության հասնելու գործընթացը, իհարկե, նման գործընթաց չկա եւ` վաղուց: Սակայն սա հայկական կողմի մեղքով չէ, այլ՝ Ադրբեջանի, որովհետեւ հայկական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել էական զիջումների գնալ: Մեր իշխանությունները համաձայնել են «Մադրիդյան սկզբունքներին», որը դրվել է բանակցությունների հիմքում: Նույնիսկ այս պարագայում Ադրբեջանը չի ցանկանում գնալ որեւէ զիջման, լավագույն դեպքում ասում է՝ միգուցե, Ղարաբաղին տա այն, ինչ կար 1988 թվականից առաջ` ինքնավարություն: Հետեւաբար, այս գործընթացն արդյունքի չի հասնի: Բայց ամեն դեպքում՝ ավելի լավ է հանդիպեն, պայմանավորվեն հաջորդ հանդիպման մասին, քան ընդհանրապես չհանդիպեն: Որովհետեւ այս հանդիպումները, այսպես ասած, դուռը կիսաբաց են թողնում` չթողնելով, որ գործընթացը լրիվ մեռնի:

Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ.
- Մենք սուսիկ-փուսիկ 25 տարի նստել ենք եւ ասում ենք, թե արդարություն կա: Եթե Հայաստանը 2007-2008 թվականներին փոխադարձ ռազմական օգնության միջպետական պայմանագիր կնքեր Արցախի Հանրապետության հետ, դրանով Ադրբեջանը կզրկվեր իր խոսակցական դրույթիկից, թե Հայաստանն իր զորքերը պետք է դուրս բերի Արցախից: Ադրբեջանի դեպքում այլ կերպ հնարավոր չէ: Այդ հանդիպումներին պետք է գնալ եւ պահանջել, որպեսզի Ադրբեջանը հաշվի նստի միջազգային հանրության հետ: 

Քաղաքական եւ միջազգային հարցերով փորձագետ ՄԱՆՎԵԼ ՂՈՒՄԱՇՅԱՆ.
- Իմ կարծիքով` նման հանդիպումները կարեւոր են, քանի որ ավելի լավ է անվերջ ու անպտուղ բանակցել, քան գնալ պատերազմի: Եկեք պատկերացնենք, որ «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա կնքվել է պայմանագիրը, եւ ավարտին է մոտենում ամեն ինչ, ի՞նչ եք կարծում, կարող ենք վստահ լինել, որ վաղը Ադրբեջանը չի ասի, թե Սյունիքն էլ է ուզում: Սա գործընթաց է, որը վերջ չունի, հատկապես, երբ մեր հակառակորդն Ադրբեջանն է: Նախորդ տարվա ապրիլյան պատերազմը օրինակ էր, որպեսզի մենք միշտ պատրաստ լինենք: Այնպես որ, եթե վախենանք նրանից, որ ինչքան ուշանում ենք, այնքան Ադրբեջանը պատրաստվում ու զինվում է, ապա դա սուտ է: Մենք պայմանագիր ունենք ոչ միայն ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի, այլեւ՝ ՆԱՏՕ-ի հետ, այսինքն, մենք էլ ձեռքներս ծալած չենք նստում: Ամբողջ աշխարհը հասկանում է, որ Արցախի հարցը դե ֆակտո լուծված է, մնում է միայն դե յուրե ձեւակերպել: Իսկ դրա համար ժամանակի առումով դեռ վաղ է: Ադրբեջանի վերնախավն էլ շատ լավ հասկանում է, որ հարցը լուծված է, դրան պետք է արդեն Ադրբեջանի հասարակությունը նախապատրաստվի, որի ուղղությամբ, ցավոք, աշխատանքներ չեն տարվում: Որքան շատ հանդիպեն երկու երկրների նախագահներն ու արտգործնախարարները, այդքան ավելի քիչ է պատերազմի վերսկսման հավանականությունը:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է սոցհարցում` պարզելու, թե ինչ կարծիքի են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ:
1. Սա ոչինչ չտվող բազում հանդիպումներից մեկն է- 52%:
2. Բանակցային ակտիվությունը հուշում է, որ լուծում կարող է գտնվել- 17%:
3. Այն պահն է, երբ արտաքին ուժերը պարտադրում են լուծում: Այս բանակցություններն էլ դրան են տանում- 15%:
4. Դժվարանում են պատասխանել- 16%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА