ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱ Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՏԸ

08.12.2017 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱ Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՏԸ

Նախօրեին լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել, որ երեւանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնաբերվել: Կոնֆետը գնած անձը, ով, ի դեպ, լրագրող է, այդ մասին տեղեկատվություն էր հրապարակել՝ նշելով, որ դրանց փաթեթավորման վրա նշված է արտադրողի հասցեն. ««Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան»: 
ՍԱՊԾ-Ն ԲԱՆ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայաստանյան շուկայում հայտնվում են ադրբեջանական արտադրության ապրանքներ, այդ թվում՝ ադրբեջանական խնձոր, թեյ, կոնֆետներ ¥մինչ այս նման դեպք արձանագրվել էր նաեւ Վանաձորում¤:
Թե իրականում որտեղի՞ց եւ ինչպե՞ս է ադրբեջանական արտադրության կոնֆետը հայտնվել երեւանյան խանութներում, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից պարզաբանել էին. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կապ է հաստատել լրագրողի հետ, ճշտել խանութի հասցեն եւ այցելել Երեւանի Մառի 13/3 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Սամվել Ղարիբյանի խանութ: Այնտեղ իրացվել են հիմնականում տեղական արտադրության կոնֆետներ, ադրբեջանական կոնֆետ չի եղել: Հարակից տարածքի վաճառակետերում նույնպես որեւէ նման ապրանքատեսակ չի հայտնաբերվել: Հավելենք նաեւ, որ ՍԱՊԾ պետական սահմանային վերահսկողության շրջանակներում ադրբեջանական սննդամթերք չի ներմուծվում հանրապետություն»:
Այս հայտարարությունն առնվազն տարակուսանք է առաջացնում: Այսինքն, ՍԱՊԾ-ն ակնարկում է, որ լրագրողը, ավելի ճիշտ, կոնկրետ դեպքում սպառողը կեղծ տեղեկությո՞ւն է ներկայացրել, թե՝ ադրբեջանական կոնֆետ է գնել: Այս վարկածն առնվազն կասկածելի է. եթե տեղեկությունը մտացածին լիներ, լրագրողը հազիվ թե ՍԱՊԾ-ին կոնկրետ վաճառակետը կմատնանշեր, ենթարկվելով եթե ոչ պետական կառույցի, ապա առնվազն տվյալ խանութի կողմից պատասխանատվության կանչելու վտանգին: Ի վերջո, այդ մեղադրանքը ավելի շատ բարոյական հարթությունում է, որը լուրջ վնաս կպատճառի փող աշխատելու նպատակով թշնամական ապրանք վաճառող խանութին: Այսինքն, տրամաբանորեն, կեղծ մեղադրանքի դեպքում այն չէր հապաղի գոնե արդարանալով՝ լրագրողին մեղադրել: Սակայն նման բան կարծես թե չկա:
Այս դեպքում, եթե ադրբեջանական կոնֆետ իրոք եղել է, ուրեմն ինչո՞ւ «որեւէ նման ապրանքատեսակ չի հայտնաբերվել»: Դա էլ կարելի է պատկերացնել. հրապարակային ահազանգից հետո հազիվ թե նման ապրանք մնար խանութում: Այսինքն, կար խորացված ուսումնասիրության կարիք, որը, զգացվում է, որ չի արվել: Այ, դա արդեն ամենամտահոգիչն է...

«Ցեղասպանություն` ադրբեջանական ձևով»

ՍԱՊԾ-Ն ԷԼ ԱՊՕՐԻՆԻ ՍԻԳԸ «ՉԻ ՏԵՍՆՈՒՄ»
Չնայած, սա ամենեւին էլ ՍԱՊԾ-ի հետ կապված միակ խնդիրը չէ: Այս օրերին փողոցում տարբեր ապրանքների եւ հատկապես՝ սիգ ձկան վաճառքի մասին խոսելու առիթներ ունեցանք: Հիշեցնենք, անգամ բնապահպանության նախարարն էր մեզ հետ զրույցում հաստատել, որ խոսքը հիմնականում ձկնագողության միջոցով ստացված ձկան մասին է, թեեւ նախարարի այդ խոստովանությունից հետո էլ բան չփոխվեց: Բայց, անկախ նրանից, որ դա ապօրինի ձուկ է, միայն այն փաստը, որ վաճառվում է խայտառակ սանիտարահիգիենիկ պայմաններում, պետք է զգաստացներ պատկան կառույցներին: Ուրեմն, փողոցներում վաճառվող ձկների եւ ձկնավաճառների նկատմամբ ի՞նչ վերահսկողություն է իրականացնում ՍԱՊԾ-ն: Հարցի պատասխանը մեզ հաջողվեց ստանալ ծառայության պետ ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ, ով նկատեց.
- Ձեր բարձրացրած խնդիրը այն բազմաթիվ խնդիրներից մեկն է, որին բոլորս տարիներ շարունակ ականտես ենք լինում: Այդ խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Մենք խնդրի հետ կապված իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ, հանդիպում ենք շուկայի սեփականատերերի հետ, ներկայացնում ենք օրենքով նախատեսված պահանջները, տալիս ենք ժամանակ եւ շատ շուկաների հետ ունենք պայմանավորվածություն, որպեսզի այդ իրավիճակը հնարավորինս արագ ուղղեն: Քանի որ ՍԱՊԾ-ն որդեգրել է սկզբից քննարկելու, խորհրդակցելու, տրամադրելու, այնուհետեւ՝ գործողություն իրականացնելու սկզբունքը, ուստի մեր տնտեսվարողներին լրացուցիչ անհանգստություններ չպատճառելու տրամաբանությամբ, փորձում ենք այդ տրամաբանությամբ շտկել իրավիճակը: Բնականաբար, մեր առաջարկները չընդունելու պարագայում կիրականացվեն կոնկրետ գործողություններ եւ միջոցառումներ: Մեկ անգամ էլ ուզում եմ նշել, որ խնդիրը այսօր չի առաջացել, խնդիրը տեւական ժամանակ առկա է, եւ մենք տրամաբանական հաջորդականությամբ լուծում ենք բոլոր խնդիները:
- Պարոն Կարապետյան, նշում եք, որ շուկաների հետ քննարկում եք իրավիճակը եւ ժամանակ տալիս խնդիրները լուծելու: Միեւնույն ժամանակ ինքներդ էլ նշում եք, որ խնդիրը նոր չէ: Չե՞ք կարծում, որ մինչեւ Դուք տնտեսվարողներին լրացուցիչ չանհանգստացնելու պատճառաբանությամբ խնդիր եք լուծում, ռիսկի տակ եք դնում սպառողի առողջությունը: Եվ հետո, այսօր ոչ միայն շուկաներում են ձկներ վաճառում, այլ՝ փողոցի ցանկացած հատվածում: Այստեղ արդեն տնտեսվարողի հարց առհասարակ չկա:
- Հիմնական մասը շուկաներն են: Բայց մենք նաեւ շրջայցեր ենք իրականացնում, փողոցներում վաճառվող ձկներն էլ են մեր վերահսկողության տակ:
- Իսկ ի՞նչ տույժեր են նախատեսված, եւ քանիսն են մինչ օրս տուգանվել:
- Գիտեք, տույժ ասվածը հարաբերական հասկացողություն է: Ապրանքը ենթակա է ոչնչացման, եթե ինքը չունի ուղեկցող փաստաթղթեր` անգամ չնչին քանակությամբ:

«Մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 29-ին, ադրբեջանական բանակը կրկին սադրանքների դիմեց»

Նկատենք, որ պարոն Կարապետյանի պարզաբանումներն առնվազն խոցելի են: Կրկնում ենք, ՀՀ բնապահպանության նախարարը մեզ հետ զրույցում հաստատել էր, որ սիգի որսն արգելված է: Այսինքն, փողոցներում վաճառվող այդ ձկները, վստահեցնում ենք, որեւէ փաստաթուղթ չունեն, իսկ ունենալու դեպքում արդեն խոսքը կգնա նաեւ ապօրինի փաստաթուղթ տրամադրելու մասին: Եվ դրանից հետո, տեսնես այդ ինչպե՞ս է փողոցներում վաճառվող ձկները ՍԱՊԾ-ի «վերահսկողության տակ»: Այսինքն, ստուգել ու պարզել են, որ փաստաթո՞ւղթ կա: Այդ դեպքում, ինչո՞ւ խնդիրն անմիջապես իրավապահներին չի ներկայացվել, չէ՞ որ խոսքը բացահայտ օրինախախտման մասին է: Վերջապես, ՍԱՊԾ-ն գոնե մեկ ապօրինի վաճառվող սիգ հայտնաբերե՞լ է: Վստահ ենք՝ ոչ: 
Կարճ ասած, մասնավորապես, սիգի հարցով եւս ՍԱՊԾ-ն անգործունեության է մատնված՝ դրանով իսկ նպաստելով Սեւանա լճի չնչին ձկնապաշարի հետագա ոչնչացմանը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА