ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՐԱՄՓԸ ԿՍԿՍԻ՞ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

12.12.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹՐԱՄՓԸ ԿՍԿՍԻ՞ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմը ճանաչելու Թրամփի հայտնի որոշումը, ինչպես եւ սպասվում էր, մեծ աղմուկ առաջ բերեց: Ավելի կոնկրետ, բացի Իսրայելից, չկա ոչ մի պետություն, որ չքննադատեր Սպիտակ տան նման որոշումը: Ընդ որում, խոսքը նաեւ այն բոլոր երկրների մասին է, որոնց համար վաշինգտոնյան ամեն մի հայտարարությունը օրենք էր:

Թրամփը պատրաստվում է իր երդմնակալության արարողության մեկամյակի երեկույթին. տոմսերի արժեքը սկսվում է 100.000 դոլարից

ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ
Ավելին, Թրամփի այդ քայլը անգամ նրա աշխատակազմում ոչ միանշանակ ընդունվեց: Օրինակ՝ որոշումից ընդամենը երկու օր անց հրաժարական տվեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Դինա Փաուլը, ով պատասխանատու է մերձավորարեւելյան ուղղության համար:
Սակայն այս ամենով հանդերձ, նման ծայրահեղ քայլով անգամ Վաշինգտոնը կարծես թե չի կարողանում Մերձավոր Արեւելքի իր համար ոչ ձեռնտու իրավիճակը փոխել: Ավելին, կարծես թե զարգացումները մղվելու են ԱՄՆ-ի համար էլ ավելի անցանկալի հուն:
Սկսենք նախօրեին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի արած հայտարարությունից, ըստ որի՝ Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պատերազմն ավարտված է: Այդպես էլ կա. անցած շաբաթվա վերջին իրաքյան բանակը վերահսկողության տակ առավ նաեւ Սիրիային սահմանակից այն վերջին տարածքները, որոնք մնացել էին ԻՊ-ի վերահսկողության տակ: Դրանց հարեւանությամբ արդեն Սիրիայում ԻՊ-ն դեռ որոշ հատվածներում գործում է: Սակայն, խոսքը հիմնականում սիրիական ուժերի կողմից շրջափակված տարածքների մասին է: Հաջորդը, ԻՊ-ի այդ ուժերն արդեն չունեն Իրաքի իրենց կառույցներից օգնություն ստանալու տարբերակ: Կարճ ասած, նաեւ Սիրիայում ԻՊ-ի վերջնական ոչնչացումն այնքան մոտ է, որ սիրիական բանակը այդ խնդիրը թողել է իր երկրորդական ուժերին եւ հիմնական գրոհային ստորաբաժանումները տեղափոխել է երկրի հյուսիս՝ դեռ տարաբնույթ ահաբեկչական կառույցների վերահսկողության տակ գտնվող Իդլիբի տարածաշրջանի ուղղությամբ: Եվ այստեղ էլ երեկ սկսված առաջխաղացման արդյունքում սիրիական բանակին արդեն հաջողվել է բավականին տպավորիչ ձեռքբերումներ արձանագրել:
Այսպիսով, ահաբեկչության դեմ պատերազմը Սիրիայում եւս մոտենում է ավարտին: Ընդ որում, Երուսաղեմի այդ պատմության պատճառով Սիրիա-Իրաք հատվածում էականորեն սրվել է Վաշինգտոնի հետ նրա տեղի դաշնակիցների հարաբերությունները: Այդ թվում, Իրաքում արդեն բացահայտ կոչեր են հնչում ամերիկյան զինուժն այդ երկրից վերջապես հեռացնելու մասին: Սիրիայում անգամ սպառնալիքներ կան՝ ամերիկյան ոչ մեծաքանակ ուժերի ապօրինաբար այդ երկրում գտնվելու պատճառով ագրեսոր ճանաչելու եւ հարվածելու մասին, եթե նրանք կամովին դուրս չգան երկրից:
Միաժամանակ, ինչպես եւ սպասվում էր, Երուսաղեմի խնդրի առնչությամբ կոշտ հակազդեցություն են ծավալել մի կողմից՝ Իրանը եւ Թուրքիան, մյուս կողմից՝ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դաշնակիցների համարում ունեցող Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ այլն: Իհարկե, ինչպես Թուրքիան, այնպես էլ՝ Սաուդյան Արաբիան Վաշինգտոնի հետ կարող են եւ ամենատարբեր խաղերի մեջ մտնել: Սակայն Պաղեստինն այն թեման է, որի հետ կապված իսլամական երկրները միշտ էլ ստիպված են ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերել, եթե հանկարծ նման խաղերի ցանկություն առաջանա: Ավելին, Պաղեստինն ԱՄՆ-ի այդ քայլը համարում է պատերազմի հայտարարություն, դրանից հետո անգամ մերժեցին Թրամփի հետ հանդիպում-քննարկումը: Իսկ դա նշանակում է, որ եթե հանկարծ որոշ ուժեր, այնուամենայնիվ, փորձեն ԱՄՆ-ի հետ խաղերի մեջ մտնել, իրենց ենթարկում են իսլամական աշխարհի կողմից դավաճան համարվելու ռիսկին: Արդյունքում, փաստն այն է, որ Թրամփը հաջողացրեց միանգամից իր դեմ հանել ինչպես սունի, այնպես էլ՝ շիա մահմեդականներին, այսինքն՝ ողջ իսլամական աշխարհին: Եվ դա, թերեւս, շատ ավելի պարզ կդառնա վաղը Թուրքիայում կայանալիք Երուսաղեմի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթաժողովի ընթացքում:
Վերջապես, այս թեման էլ ավելի ծանր հարաբերություններ ձեւավորեց ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ: Ընդ որում, հակասությունները նաեւ այլ ուղղությամբ են սկսել սրվել: Հերթական անգամ Թրամփը Եվրոպայից պահանջեց՝ մեծացնել ՆԱՏՕ-ում իրենց ծախսերը: Ընդ որում, այս անգամ նա անցավ ամենակոպիտ բառապաշարին, թե՝ «պետք է վճարեն», այլապես «կազամակերպությունում անելիք չունեն... Օրինակ՝ մեզ մոտ երկիր կա, որը չի վճարում, հետո սկսում է խաղեր տալ ինչ-որ մեկի հետ, ով էլ դա լինի, օրինակ՝ Ռուսաստանը: Երկիրը չի վճարում, իսկ մենք Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ենք հայտնվում մի երկրի պատճառով, որն անգամ չի վճարում»: Եվ, ի պատասխան, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ երկրներին կոչ արեց՝ առաջ մղել եվրոպական արժութային միության բարեփոխումը: Խոսքը Եվրախորհրդարանի ղեկավարմամբ Արժույթի եվրոպական հիմնադրամի վերափոխման մասին է, որպեսզի այն վերածվի Արժույթի միջազգային հիմնադրամի ¥ԱՄՀ¤ հակակշիռ կառույցի: Կա նաեւ Եվրոպական բանկային միության ստեղծման ծրագիրը՝ որպես Համաշխարհային բանկի ¥ՀԲ¤ այլընտրանք: Վերջապես, օրակարգում է նաեւ եվրոպական բանակի թեման: Իսկ դա նշանակում է, որ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ անվտանգության հարցերով Եվրոպան շարունակում է ԱՄՆ-ից հեռանալու փորձերը, եւ հազիվ թե ՆԱՏՕ-ի հետ կապված Թրամփի սպառնալիքները այդ տրամադրությունները փոխեն: Եթե սրան ավելացնենք նաեւ ՌԴ-ի եւ Չինաստանի հետ հակասությունները, ապա կարելի է արձանագրել, որ իր կառավարման մեկ տարվա ընթացքում Թրամփին հաջողվեց թշնամանալ գրեթե ողջ աշխարհի հետ, էլ չասած՝ ներամերիկյան թշնամիների մասին:

Թրամփը պոռնոաստղի հետ սիրավեպի մասին հոդվածի հրապարակումն արգելել է դեռևս 2011թ.

ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Բայց մեկ կարեւոր հարցադրում էլ կա: Թեկուզեւ բոլորի հետ թշնամանալով` ԱՄՆ-ը մնում է համաշխարհային գերհսկա: Այսինքն, ո՞ւր է տանելու այս շարունակական թեժացումը:
Այն, որ քաղաքական հարթությունում Թրամփը միայն պարտություններ է կրում, դա դժվար չէ տեսնելը: Իրավիճակը փոխելու համար ԱՄՆ-ը քանիցս կիրառման մեջ դրեց տնտեսական լծակները: Սակայն երբ Չինաստանից եւ Ռուսաստանից զատ, արդեն նաեւ Եվրոպան է փորձում սեփական անալոգների միջոցով չեզոքացնել ԱՄՆ-ի հիմնական տնտեսական գործիքները՝ ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն, նշանակում է, որ Վաշինգտոնը իրավիճակը փոխելու համար պետք է մտածի այլ ուղղությունների մասին: Չնայած՝ մնում է վերջին նման ուղղությունը՝ ռազմականը: Նկատենք, որ ՆԱՏՕ-ի հետ կապված հիշատակված հայտարարության մեջ Թրամփը հենց դա է ակնարկում՝ «Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ենք հայտնվում» արտահայտությամբ: Դրանից զատ, այս օրերին ԱՄՆ-ում շատ է խոսվում փոքր եւ միջին հեռահարության հրթիռների հայտնի պայմանագրից հրաժարվելու մասին, ինչը եւս իրավիճակի ծայրահեղ ռազմականացման սպառնալիք է:
ԹՐԱՄՓԸ ՉԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Բայց մյուս կողմից էլ, կապված կորեական իրավիճակի հետ, Թրամփը ոչ պակաս ռազմատենչ հայտարարություններով քանիցս հանդես եկավ, սակայն դա չխանգարեց Հս.Կորեային՝ հանգիստ առաջ շարժվել: Արդյունքում, Թրամփի ռազմատենչ հայտարարություններին արդեն լուրջ չեն վերաբերվում, այսինքն՝ միայն հայտարարելով, նա հազիվ թե Հս.Կորեայից շատ ավելի զորեղ երկրների կարողանա վախեցնել:
Այսպիսով՝ իրականո՞ւմ է ցանկանում Թրամփը, որ Երրորդ աշխարհամարտի մասին նրա սպառնալիքներն ինչ-որ մեկին վախեցնի, ապա պետք է գնա գործնական քայլերի: Երեկ կորեական ափերի մոտ Ճապոնիայի եւ Հվ.Կորեայի հետ միասին սկսած հերթական զորավարժանքներով Թրամփը թերեւս փորձում է իր վճռականության մասին ապացույցներ ներկայացնել: Նկատենք, խոսքը աննախադեպ մասշտաբի զորավարժությունների մասին է, ավելի քան 200 ինքնաթիռների, երեք ավիակրային նավախմբերի ներգրավմամբ: Ընդ որում, վիճակն իրականում էլ այնքան լուրջ է, որ Փհենյանը մինչեւ իսկ հայտարարեց, որ պատերազմն անխուսափելի է:
Այլ հարց է, թե Թրամփն իրո՞ք պատրաստ է սպառնալիքներից այն կողմ անցնել: Այս առնչությամբ շատ ռազմական փորձագետներ շարունակում են թերահավատ վերաբերմունք ցուցաբերել: ԱՄՆ, իրոք, լուրջ ուժեր է կենտրոնացրել: Բայց նաեւ՝ Փհենյանն էլ ոչ պակաս լուրջ պատասխան կարող է տալ, այդ թվում՝ միջուկային զենքի միջոցով: Իսկ այն պարագայում, երբ վերջերս ամերիկյան հիմնական հակաօդային պաշտպանության միջոցը՝ «Պետրիոտը», ցուցաբերեց, մեղմ ասած, ոչ գերազանց մարտունակություն, Հս.Կորեային պատասխանը շատ ծանր կլինի ոչ միայն զորավարժանքների համար կենտրոնացված ուժերի, այլ, դրանից էլ առաջ, Ճապոնիայի եւ Հվ.Կորեայի համար:
Այսպիսով, նախ՝ այդ ուժերով հանդերձ, Թրամփը նորից չկարողացավ սարսափեցնել Փհենյանին. վերջինս պարզ ցույց տվեց, որ պատրաստ է ցանկացած զարգացման: Այսինքն, չսարսափեցրեց նաեւ ավելի զորեղ ուժերին, այդ թվում՝ կոնկրետ դեպքում Չինաստանին, ապա՝ ՌԴ-ին: Ու քանի դեռ կան ԱՄՆ-ին հակակշիռ այդ ուժերը, նաեւ մյուսները չեն սարսափում: Արդյունքում, եթե վախեցնելու տարբերակը չի գործում, Վաշինգտոնին մնում է երկու տարբերակ: Կա՛մ՝ գնալ մինչեւ վերջ, եւ այդ վերջ ասվածը բոլորին ոչնչացնելու ունակ միջուկային պատերազմն է: Կա՛մ` մնում է այս զորավարժանքներն էլ անցկացնել ու հետ քաշվել: Իսկ այս դեպքում՝ Վաշինգտոնի հետագա սպառնալիքները երեւի արդեն միայն ժպիտ կառաջացնեն:
Եվ նկատենք, որ հետ քաշվելու տարբերակի ուղղությամբ արդեն որոշ նախապատրաստական քայլեր կան: Այդ թվում, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հերթական անգամ հայտարարեց, թե՝ ԱՄՆ-ն դեռ հույս ունի, որ Չինաստանը Հս.Կորեայի հարցով ավելին կանի: «Եթե Չինաստանը ավելին չանի, մենք ինքներս կզբաղվենք հարցով եւ կսկսենք երկրորդական պատժամիջոցներ կիրառել»,- ավելացրեց տիկին Հեյլին, որն արդեն ավելի շուտ դեմքը փրկելու ժանրից էր:
Մի խոսքով, քիչ հավանական է նաեւ, որ գլոբալ իրավիճակը փոխելու հարցով Վաշինգտոնը կդիմի հասանելի վերջին միջոցին՝ ռազմական ուժի կիրառմանը: Եվ այս իրավիճակում, երբ Թրամփը նաեւ թշնամանում է բոլորի հետ, այն տարբերակն է սկսում հավանական դառնալ, որ նա դիտավորյալ է նման ձախողվող քաղաքականության դիմում՝ կամավոր կերպով գլոբալ դիրքերը զիջելու համար:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
 

Թրամփը Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակը համեմատել է պոկերի խաղի հետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА