ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ԵՎ ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅԱՆ ՑԻՆԻԿ ԱՆԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

12.12.2017 19:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ԵՎ ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅԱՆ ՑԻՆԻԿ ԱՆԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խորհրդաժողովին ՀՀ նախագահը առաջ քաշեց մի շարք ռազմավարական ծրագրեր, բայց միաժամանակ էլ, առանց այլեւայլության մատնանշեց առկա իրավիճակը, այդ թվում` անթույլատրելի եւ անհանդուրժելի երեւույթները: 
ՆԵՐԵԼՈՒ ԼԻՄԻՏԸ ՍՊԱՌՎԵԼ Է
Սերժ Սարգսյանը մատնանշեց, որ համայնքապետների նախաձեռնողականության աստիճանը շատ ցածր է. «Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի եւ բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագրեր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանության, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու եւ իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքում ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք եւ ընդամենը 14 ծրագիր»: Իսկ ի՞նչ է դա նշանակում` դա նշանակում է թերի աշխատանք, հետեւաբար` կյանքի բարելավման հեռանկարի բացակայություն: 
Բայց նաեւ, ըստ ՀՀ նախագահի, դրան գումարվում է եւ չարաշահումների գործոնը. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար` սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ ուղղակի ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի»: Երկրի ղեկավարը շեշտեց. «Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է: Մենք կարո՞ղ ենք պայմանավորվել, որ եթե այդպիսի երեւույթներ լինեն, որեւէ մեկը հանիրավի ուրիշին չի մեղադրելու: Եթե նույնիսկ դուք չասեք` այո, ապա ես ասում եմ հետեւյալը` եթե այս նոր խոշորացված համայնքներում, իհարկե, մնացածներում եւս, այդպիսի դեպքեր հայտնաբերվեն, թող որեւէ մեկը ներողամտություն չհայցի, չսպասի, որ իրեն ներելու են»: Նաեւ մատնանշվեց, որ ներելու ժամանակն անցել է. «Եվ խնդրում եմ, որեւէ մեկը Նոր տարուց հետո` լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի` որեւէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ` դժբախտ պատահար եւ այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլեւս հանդուրժել»: 
Մեկնաբանելով երկրի ղեկավարի ելույթը` ՀՀԿ խմբակցության անդամ քաղաքագետ Միհրան Հակոբյանը ուշադրություն դարձրեց հետեւյալի վրա. «Հանրապետության նախագահը սթափության կոչ է անում բոլորին, որ պետք է աշխատել առավոտից գիշեր: Մենք պետություն ենք կառուցում եւ այլ ճանապարհ չունենք, պետք է շատ աշխատենք: Եթե դանիացիները կամ բելգիացիներն իրենց կարող են թույլ տալ քիչ աշխատել, մենք դրա իրավունքը չունենք: Մենք այնպիսի ներքին եւ արտաքին մարտահրավերներ ունենք, որոնք մեզ ստիպում են մի քանի անգամ շատ աշխատել»: 
ԶԿԱՐՏՈՖԻԼ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ...
Բայց, բնականաբար, ՀՀ նախագահի հնչեցրած սթափության կոչը վերաբերում է ոչ միայն համայնքապետներին եւ մարզպետներին, այլեւ գործադիր բոլոր օղակներին, իսկ քանի որ մեր երկրի անցումը խորհրդարանական կառավարման համակարգին մտնում է եզրափակիչ փուլ, ապա շեշտակի բարձրանում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների դերն ու պատասխանատվությունը: 
Բայց, կարծես թե, ամենեւին էլ ոչ բոլոր հանձնաժողովների նախագահներն են դա զգում: Այլապես չէր լինի հանրային վրդովմունքը հարուցած «կարտոֆիլային սկանդալը»` գլխադասային հանձնաժողովների նախագահներ Հակոբ Հակոբյանի եւ Խոսրով Հարությունյանի կատարմամբ: Իսկ սկանդալը հասավ այն աստիճանի, որ Զարուհի Փոստանջյանի կուսակցությանն առիթ տվեց անցկացնելու, այսպես ասած, «կարտոֆիլային ցույց», եւ կարեւոր չէ` մասնակիցները հինգ, հիսուն, թե հինգ հարյուր հոգի էին: Ու նաեւ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը շեշտեց այդպիսի ելույթների անթույլատրելիությունը. «Ես ափսոսանքս եմ հայտնում, որ նման հայտարարություն եղել է կամ կոնտեքստից հանվել է, կամ մեր գործընկերները արել են հայտարարություն անզգուշորեն: Այդ իմաստով ուզում եմ ասել, որ ՀՀ բոլոր քաղաքացիները մեր ամենամեծ հարստությունն են: Մենք` որպես իշխող կուսակցություն, անելու ենք ամեն ինչ, որպեսզի քայլ առ քայլ մեր սիրելի ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծվեն»: 
Բայց մի կողմ դնենք «կարտոֆիլային սկանդալի» զգացական կողմը եւ անդրադառնանք պատասխանատվության հարցին: Արդյո՞ք կառավարության հետ հավասար, եթե ոչ ավելին, հենց գլխադասային հանձնաժողովների նախագահաներ Հակոբ Հակոբյանը եւ Խոսրով Հարությունյանը պատասխանատու չեն, որպեսզի բնակչության խոցելի խավի սնունդը բաղկացած չլինի սոսկ կարտոֆիլից: Իսկ, միգուցե, նրանց հնչեցրածը յուրահատուկ քննադատությո՞ւն էր կառավարության հասցեին: Եվ ի՞նչ են արել իրենք, որպեսզի պետբյուջեն լինի ոչ թե փոքր տոկոսով յոլա գնալու բյուջե, այլ նախատեսի ճեղքումային գոնե մեկ-երկու ուղղություն: Մինչդեռ խորհրդարանական այդ պատասխանատուներից մենք լսեցինք միայն անտեղի գովասանք` բյուջեի նախագծի վերաբերյալ, նույնը նաեւ` ԱԺ նախագահից: Պարզ է, որ եթե ԱԺ մեծամասնությունը վստահություն է հայտնում կառավարությանը, ապա բյուջեն պետք է բավարար քվեներ ստանար, բայց արդյո՞ք ԱԺ պաշտոնատար անձինք, նախեւառաջ, գլխադասային հանձնաժողովների նախագահները, չպետք է պարզ մատնանշեին, որ դա յոլա գնալու բյուջե է` այսինչ եւ այնինչ պատճառներով: Շատ ավելի նորմալ կընդունվեր ՀՀ քաղաքացիների կողմից, քան` կարտոֆիլի մասին ցինիկ անբանությունը: 
Բայց, մեղմ ասած, իր բարձրության վրա չէ եւ խորհրդարանական ընդդիմությունը, այն նույնպես ցինիկ անբանություն է եւ ուրիշ ոչինչ: Այսպես, Հակոբ Հակոբյանի արտահայտությունը մեկնաբանելիս «Ելք» խմբակցության կարկառուն եւ «լուսավոր» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը դրսեւորեց ակնհայտ արհամարհանք հանրության հանդեպ` տալով մոտավորապես այն ձեւակերպումը, թե հանրությունն ինչպես ընտրել է, թող այդպես էլ «ջառմեն քաշի»: Բայց չէ՞ որ հենց հանրությունը պետք է լինի այս կամ այն ուժի հենարանը, իսկ ընդդիմության համար առավել նորմալ կեցվածք է` փնտրել հանրության աջակցությունը, այլ ոչ թե հանրությանը վերաբերվել թերուս ինտելեկտուալների կեղծ բարձունքից վերից վար նայելով: 
Ինչեւէ, ենթադրելի է, որ վիթխարի կադրային եւ քաղաքական ռեսուրսով օժտված ՀՀԿ-ն մինչեւ 2018-ի սահմանադրական վերջնական անցում, հետեւելով երկրի եւ կուսակցության ղեկավարի կոչին, շտկումներ եւ վերանայումներ կանի, հարկ եղած դեպքում նաեւ` կադրային: Բայց, օրինակ, նույն ընդդիմությունը եթե իրեն այդ քամահրական վերաբերմունքով օտարի հանրությունից, էլ ի՞նչ ռեսուրսով է շարունակելու 2018-ի երկրորդ կեսին, ու առավել եւս, ի՞նչ վարկանիշ կունենա մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները: Այնպես որ, ընդդիմության կողմից էլ ողջամիտ կլինի ականջալուր լինել ՀՀ նախագահի հնչեցրած սթափության կոչին, ու նաեւ առավել ուշադրություն դարձնել այն ոլորտին, որի վերաբերյալ Սերժ Սարգսյանն արտահայտվել է` տեղական ինքնակառավարման: Թե՞ ընդդիմադիրներն էլ որոշ գործող համայնքապետների պես «հավես» չունեն «գյուղերում նոքարություն անել»: 
  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ՀՀ նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածությունը հնարավոր է քննարկվի․ ՀՀԿ

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА