ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միգուցե, շատուշատ կապիտալներ այդքա՞ն էլ սպիտակ չեն»

12.12.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Միգուցե, շատուշատ կապիտալներ այդքա՞ն էլ սպիտակ չեն»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, ապա Խոսրով Հարությունյանի մեկնաբանությունները` կապված երկրում աղքատության եւ թանկացումների հետ, հանրային լայն դժգոհության տեղիք են տվել: Մասնավորապես` պարզաբանելով ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Հակոբյանի այն միտքը, թե աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափել է թանկացած ապրանքներից, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Խ. Հարությունյանը նշել էր. «Պատկերացրեք` կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միեւնույնն է, գումար չունի` միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: Անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած այս արտահայտությանը` «Իրավունքի» հետ զրույցում ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ շեշտեց, որ ինչ որ պետք է, արդեն ասվել է, եւ չի ցանկանում խոսել այդ մասին: 

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

«ԱՅԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

– Պարոն Հարությունյան, իսկ միգուցե տարընկալո՞ւմ կա Ձեր մեկնաբանության մեջ:

– Ինչո՞ւ, պարզ բան եմ ասել: Այն մարդը, ով ուզում էր հասկանար, հասկացավ, ով չի ուզում` չի հասկանում: Ընդ որում` դա իմ կարծիքը չէ, այլ ինձ խնդրել էին մեկնաբանել պարոն Հակոբյանի խոսքը: Իսկ նա նկատի ուներ, որ, ցավոք սրտի, մեր իրականության մեջ կան ընտանիքներ, որոնք գտնվում են ծայրաստիճան աղքատ իրավիճակում, եւ այդ ընտանիքների ամենօրյա սննդամթերքի նույնիսկ անհրաժեշտ այդ տեսականու մեջ կան ապրանքատեսակներ, որոնք ուղղակի չեն օգտագործվում: Ոչ թե իրենք դրա կարիքը չունեն, այլ ուղղակի, իրենց ֆինանսական կարողությունները թույլ չեն տալիս օգտագործել: Եվ ինքն ասում է` եթե կան այդպիսի ապրանքատեսակներ, որոնք ինչ-որ ընտանիքների համար դեռեւս մատչելի չեն, հիմա այդ ապրանքները էժան են, թե թանկ, այդ խմբի, այդ ընտանքիների համար, ըստ էության, նշանակություն չունի: Հիմա չհամաձայնե՞լ նրա հետ, ասել, որ չկա՞ն այդպիսի ընտանիքներ, բայց չէ՞ որ կան: 

– Արդյոք իշխանության ներկայացուցիչներն անձնական պատասխանատվություն չեն զգում աղքատության մակարդակի վրա գտնվող ընտանիքների հանդեպ: 

– Ընդհանրապես, իշխանության պատասխանատվությունը աղքատության դեմ պայքարելն է: Իսկ ճանապարհը հետեւյալն է` եթե կա որեւէ մեկը, որն ունակ է անհատական պոտենցիալը, շնորհքը օգտագործել` սեփական ընտանիքի համար եկամուտ վաստակելու, ուրեմն` պետության խնդիրը պետք է լինի նման մարդկանց հնարավորություն տալը, ինչի ուղղությամբ այսօր առավելագույնս քայլեր են կատարվում` ներդրումներ ներգրավելու ճանապարհով աշխատատեղեր ստեղծելու:

«ՔԱՂԱՔԱՑԻՆ Ի՞ՆՉ ՄԵՂՔ ՈՒՆԻ»

– Ամեն դեպքում, կարելի՞ է, ասել, որ Ձեր մեկնաբանությունը նաեւ գնահատականն է եղել` առ այսօրվա կառավարության իրականացրած աշխատանքի:

– Տեսեք, սրանից ուղիղ երկու տարի առաջ ունեինք 32-33 տոկոս աղքատություն մակարդակ, այսօր այն դարձել է մոտ 29,4 տոկոս: Իջե՞լ է, իհարկե, իջել է, շա՞տ է, ես կասեմ` ոչ: Կուզենայի, որ 29 տոկոս էլ իջներ, բայց դինամիկան անկասկած կարելի է ողջունել: Միանգամից չի կարող աղքատության հսկայական զանգվածը նվազել:

– Ի վերջո, 2018 թվականի ընդունված բյուջեն կարո՞ղ է ապահովել միայն կարտոֆիլ ուտող ընտանիքներին, որ գոնե տարվա մեջ մի երկու անգամ էլ միս ու կարագ ուտեն:

Ցանցային պատերազմի հերթական հարձակումը      

– Ո՛չ, 2018 թվականի դերակատարումը` միջնաժամկետ քաղաքականության իրականացման համար, այլ ֆունկցիա ունի: Օրինակ, երբ 2009 թվականին ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով 14 տոկոս անկում ապրեցինք, պետությունն իր սոցիալական պարտավորությունները չվերանայեց: Այսինքն` ոչ մեկի ո՛չ նպաստը կրճատվեց, ո՛չ սոցիալական կենսաթոշակը, ո՛չ էլ ուշացվեց: Մինչդեռ 14 տոկոսով եկամուտները նվազեցին: Մինչդեռ շատ պետություններ` Ղազախստանը, Բելառուսը, վերանայեցին: Ճի՞շտ էր կառավարությունը անում, այո՛, որովհետեւ վերջին հաշվով գործադիրը պետք է պատասխանատու լինի իր սոցիալական հանձնառությունների համար: Քաղաքացին ի՞նչ մեղք ունի, որ արտաքին տնտեսական ճգնաժամի պատճառով իրավիճակը վատացավ: Եվ մենք պաշտպանեցինք մեր սոցիալական վիճակը երկրորդ շոկի ժամանակ էլ` 2015-16 թթ.-ին, թեպետ մեր արտահանման ծավալներն էապես կրճատվեցին, բյուջեն ընդամենը 0,2 տոկոս ՀՆԱ-ի աճ արձանագրեց: Եվ եթե փորձենք 2008 թվականից հաշվել, մենք քիչ, բայց ե՛ւ միջին աշխատավարձ ենք բարձրացրել, ե՛ւ կենսաթոշակ:

«ՀՀ-ՈՒՄ, ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, «ԶԱՊԱԴԼՈ» Է»

– Իսկ ի՞նչ փոխվեց այսօր, որ կառավարությունը որոշեց վերանայել սոցիալական հանձնառությունը: 

– 2009 թ.-ից պարտք էինք վերցնում, որպեսզի կարողանայինք մեր սոցիալական պարտավորությունները կատարել, եւ ճիշտ էինք անում: Իսկ այսօր միջավայրը գնալով բարելավվում է, ՌԴ-ն տնտեսության համար նախատեսում է 1,5 տոկոսանոց աճ, ԵՄ-ում` բավական բարձր, ԱՄՆ-ում` 2,5 տոկոս: Այսինքն` արտաքին բացասական ազդակներ մենք չենք սպասում: Իսկ այս պայմաններում կառավարությունն առաջարկում է սոցիալական ծախսերը կանգնեցնել եւ ոչ թե միջին աշխատավարձ ու կենսաթոշակ ավելացնել, այլ ունենալ 4,5 տոկոս ՀՆԱ-ի աճ, եւ այդ աճի էֆեկտով ում եկամուտները կավելանան, թող ավելանան: Այսքան տարի պարտք էինք անում, որովհետեւ ունեինք բյուջեի դեֆիցիտ, բայց այսօր այդ դեֆիցիտը պետք է օգտագործենք բացառապես կապիտալ արդյունավետ ծախսեր կատարելու համար: Դու պետք է ներդրումներ կատարես, արդիականացնես քո ենթակառուցվածքները, որպեսզի վաղը որեւէ ներդրող ուզենա գա: Կարճ ասած` 2018 թվականին մենք «թայմաուտ» ենք վերցնում, որպեսզի կարողանանք տնտեսության մուսկուլատուրան տեսքի բերենք, որպեսզի կարողանանք հետագայում ավելի մեծ բեռ վերցնել մեզ վրա: 

– Այս «թայմաուտին» գուցե հանրությունը ըմբռնումով մոտենար, բայց մի կողմից` կենսաթոշակն ու միջին աշխատավարձը չի բարձրանում, մյուս կողմից` համատարած թանկացումներ են: Արդյո՞ք առնվազն կառավարությունը չպետք է զսպեր այդ թանկացումները:

Երեւան վերադարձած ԱԺ նախագահը գնում է ձեռբակալված պատգամավորների հետ հանդիպման

– Իհարկե, դուք ճիշտ եք, ո՞ր մի թանկացումն է ժողովրդին դուր գալիս, կամ ո՞ւմ է դուր գալիս: Բայց, ըստ իս, այստեղ կա երկու կարեւոր հանգամանք. առաջինը` արդյոք գների թանկացումը պայմանավորված է ներքին գործոններով, որովհետեւ եթե այդպես է, ուրեմն` դա կառավարության խնդիրն է: Օրինակ, արդյոք անառողջ մրցակցություն կա կամ արհեստական դեֆիցիտի ստեղծում ինչ-որ ապրանքային շուկաներում: Սա լուրջ հարց է, եւ եթե կա նման խնդիր, անկասկած պետք է պատժվեն, ընդ որում` նաեւ նրանք, ովքեր անտարբեր վերաբերմունք են ցույց տալիս: Դրա համար կան հատուկ կառույցներ, որոնք վերլուծություններ են անում, եւ ես որեւէ հիմք չունեմ` այդ կառույցներին չվստահելու: Բայց եթե գների թանկացման պատճառը մեզնից դուրս է, այսինքն` միջազգային շուկաներում գնագոյացման նոր հորիզոններ են ձեւավորվում, ուրեմն` ով էլ լինի ներմուծողը, միեւնույնն է, գնային բարձր շեմն իր ազդեցությունը պետք է թողնի: Համաձայնեք, որ այստեղ կառավարության անելիքն այդքան էլ չկա: Իսկ թե ինչպես անել, որպեսզի հնարավորինս մեղմվի այդ գնաճի ազդեցությունը ընտանեկան տնտեսությունների վրա, բնական է, որ ոչ մի խելոք մարդ ընտանեկան տնտեսություններին փող տալու ճանապարհով չի գնա: Դրա համար պետք է պայմաններ ստեղծենք, ինչի ճանապարհով էլ գնում է կառավարությունը: Գալիս ենք նրան, որ ոչ թե ինձ ձուկ տվեք, այլ ձուկ բռնել սովորեցրեք: 

– Ձուկ բռնել սովորեցնելը, ըստ էության, աշխատատեղեր բացելն է, որքանո՞վ է այս առումով խոստումնալից 2018-ը:

– Ճիշտ եք, ձուկ բռնելը նշանակում է փոքր եւ միջին բիզնեսին զարկ տալ, ինչպես նաեւ սեփական գիտելիքները, հմտությունները արտադրություն մեջ կիրառել` որպես վարձու աշխատող: Օրինակ, Սյունիքի մարզում, բավական լուրջ ծրագրեր են իրականցվում, որոնք արդյունք կտան 2018-ին: Ընդ որում` ներդրումներն էլ միանգամից մարդկանց չեն հարստացնելու, ավելին` մարդիկ կան, որոնց եկամուտները եթե ավելացնեք, իրենց ընտանիքում այնքան ծակուծուկեր կան, որ մինչեւ այդքանը չփակի, իր վրա այդ եկամուտները չեն երեւալու: Բայց այս դեպքում ոչ թե վարկ կվերցնի, այլ սեփական աշխատած եկամուտը կծախսի, ինչն արդեն դրական է:

– Դուք նշում եք փոքր եւ միջին բիզնեսին զարկ տալու մասին, բայց այսօր խոշոր բիզնեսներն են տեղափոխում արտասահման: Ի՞նչ կասեք այս մասին:

– Պետք է հասկանանք, միշտ էլ կապիտալը հոսում է այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է: Հիմա ասում են, թե շատուշատ խոշոր ձեռնարկատերեր դրսում ներդրումներ են անում. ճիշտն ասած, ես որեւիցե մեկին չեմ մեղադրում: Կասեն` ախպեր ջան, այնտեղ ավելի ձեռնտու է, գնում եմ այնտեղ: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ ձեռնարկատերը դրսի պայմաններում պատրաստ է բոլոր կարգուկանոններին հետեւել, իսկ ՀՀ-ում, չգիտես ինչու, իրեն, կներեք, «զապադլո» է: Ակնհայտորեն մեր մտածելակերպի մեջ փոփոխություններ պետք է կատարվեն: Կա նաեւ հարցի երկրորդ կողմը, որ պետք է կապիտալի համար այստեղ նպաստավոր պայմաններ ստեղծենք: Ի՞նչն է պատճառը, որ նախապատվությունը տալիս են, ասենք, բալթյան երկրներում բիզնես անելուն, բայց ոչ` Հայաստանում: Միգուցե, շատուշատ միջոցներ այդքա՞ն էլ սպիտակ չեն: Չգիտեմ...

Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սեւանի ոստիկանության բաժնո՞ւմ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА