ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.12.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Վանաձորցիների աչքը լույս` ինչքան էլ զարմանալի լինի «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» խմբակցությունը որոշել է վերադառնալ ավագանու նիստերին: Երկար լոլոյից հետո այդ կուսակցությունը մասնավորապես հայտարարում է. «Այսպիսով, մենք համարում ենք, որ Վանաձորի ավագանիում վերացել են նախկինում գոյություն ունեցած բոյկոտի քաղաքական հիմքերը եւ սպառվել մանդատագողության վիճարկման իրավական մեխանիզմները: Այս պայմաններում լինելով մասնակցային ուժ եւ նպատակ ունենալով վերահսկել եւ հակակշռել տեղական իշխանությանը` «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը եւ վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին»: Բայց ամենազարմանալին նրանց առաջ քաշած պահանջն է` որ ավագանու բոլոր այն որոշումները, որոնք ընդունվել էին իրենց բոյկոտի ընթացքում, նորից բերվեն նիստերի օրակարգ: Կարճ ասած` վանաձորցիների զվարճալիքն ապահովված է, մնում է հացի հարցը լուծել:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, այսպիսի կուսակցություն կար` «Համախմբում» անունով: Որպեսզի ընթերցողը տեղը բերի, նշենք` դա Վարդան Օսկանյանի հիմնած կուսակցությունն է: Եվ ահա այդ` կենդանության զրո նշան ցույց տվող կուսակցության փոխնախագահ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ զարմանալիորեն հայտարարում է. «Քաղաքական հեռանկարները միշտ էլ մնում են: Եթե քաղաքական կուսակցությունները կան, ուրեմն քաղաքական հեռանկարը միշտ կա: Չի կարելի թերագնահատել կուսակցությունների դերը եւ համարել, որ կուսակցությունները մահացել են: Այդպես չէ»: Բայց զարմանալի է, ի՞նչ հեռանկար, ի՞նչ բան, երբ նույնիսկ այդ կուսակցական օֆիսը ստեղծած Վարդան Սիվիլիթասիչն է այլեւս հեռու փախչում քաղաքականությունից: Բայց երեւի թե, անձամբ Ստեփան Մարգարյանը հեռանկար է տեսնում, քանզի ՀԿ է ստեղծել, եւ հավանաբար այդ հայտարարությունն անելիս սխալմամբ գրպանից ՀԿ-ի կնիքի փոխարեն հանել էր կուսակցության կնիքը:

Իսկ «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ի տարբերություն Ս. Մարգարյանի, իրատեսորեն է տրամադրված. «Պետությունը ամբողջովին ռեսուրսազրկել է ընդդիմադիր կուսակցություններին, նրանց անդամների նկատմամբ իրականացրել եւ իրականացնում է հետապնդումներ, որոշներին գայթակղել է: Ինչպե՞ս եք պատկերացնում «Ժառանգության» ակտիվությունը, եթե ընտրությունները կեղծվեցին, եւ որոշ ընդդիմադիրներ նպաստեցին դրան: Ինչպե՞ս կարող է կուսակցությունն ակտիվ լինել, երբ հասարակությունը հիասթափված է»: Բայց զարմանալի է, որ ընդդիմության մեղքը տեսնելու փոխարեն պարոն Մարտիրոսյանը, որպես պատճառ, բերում է «հանցավոր ռեժիմի» դավերը եւ հանրության հիասթափությունը: Է՜, չհիասթափեցնեիք: 

ԱԺ վերջին արտահերթին պարզվեց, որ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ գործն էլ գործ չէ: Ինչքան էլ զարմանալի լինի, նա հարկադրված էր հաշտարարի  դեր ստանձնել Ծառուկյան խմբակցության երկու պատգամավորների` Սերգեյ Բագրատյանի եւ Վարդան Բոստանջյանի միջեւ: Բագրատյանին դուր չէր եկել Բոստանջյանի հետեւյալ խոսքը օրենքներից մեկի մասին. «Պարոն Բագրատյանի ելույթից հետո ես հասկացա, որ Հայաստանի Հանրապետությանն, ըստ էության, էլ ոչ մի բան պետք չի, սա կլինի, արդեն չափազանց լավ կապրենք»: Եվ նա արձագանքեց. «Պարոն Բոստանջյան, Դուք ուզում եք, որ այս օրենքով լավ ապրեք, Դուք լավ չեք ապրելու, որովհետեւ Ձեր գործընկերների նկատմամբ հեգնանքի փոխարեն հարգանք պետք է ունենաք: Բայց եթե դուք ուզում եք այս օրենքով լավ ապրեք, լավ չեք ապրելու, լավ ապրելը մարդու ներսում է ըլնում: Ես հեգնանքի աշխարհի չեմպիոն եմ, եթե ես ուզեմ, Ձեր ամեն մի ելույթը կհեգնեմ»: Եվ Շարմազանովն ուզած-չուզած միջամտեց. «Այստեղ հեգնանքի չեմպիոն չկա, այստեղ փոխադարձ հարգանքի 105 չեմպիոն կա»: Դե ինչ ասես, համերաշխ ապրեք, հարգելի ազգընտիրներ, մանավանդ, որ նույն թիմից եք:

ԶԱՐՄԱՆՔ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА