ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մշկընկույզը շնչառությունը մենթոլից ավելի լավ է թարմացնում. գիտնականներ

26.12.2017 16:55 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մշկընկույզը շնչառությունը մենթոլից ավելի լավ է թարմացնում. գիտնականներ

Մշկընկույզը շնչառությունը ավելի լավ եւ արդյունավետ է թարմացնում, քան այսօր այնքան տարածված մենթոլը: Այս մասին նշված է ճապոնական հետազոտության մեջ, որը հրապարակվել է ASC Medicinal Chemical Letters-ում:

7 մթերք, որոնց գործածումը երեխաներին ավելի խելացի է դարձնում

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այս համեմունքը կարող է շնչառությունն արագ թարմացնել ուժեղ հոտ ունեցող ճաշատեսակներից հետո: Այն մենթոլի համեմատությամբ 30 անգամ ավելի հզոր է եւ բերանի խոռոչը չի այրում:

Մշկընկույզի գաղտնիքը նեոլիգնանն է՝ միացություն, որը սառեցնող էֆեկտ է առաջացնում եւ 3 անգամ ավելի երկար է պահպանվում, քան մենթոլի դեպքում: Գիտնականների կարծիքով՝ այս միացությունը կարելի է համարձակորեն կիրառել ատամի մածուկներում, բերանի ողողիչներում, թարմացնող միջոցներում եւ մաստակներում: Նյութը մենթոլից ավելի երկար է գործում, հավանաբար, մոլեկուլյար մեծ զանգվածի շնորհիվ՝ այն ավելի երկար է ներծծվում:

Հայտնի է, որ մենթոլն ազդում է ցրտի նկատմամբ զգայուն եւ անմիջապես ուղեղ ազդանշաններ հաղորդող ռեցեպտորների վրա: Բնության մեջ անչափ սակավաթիվ են մթերքները, որոնք ունակ են համանման էֆեկտ առաջացնել: Սինթետիկ միացությունների թվում եւս դրանք քիչ են: Փորձագետները նեոլիգնանը գտել են հարյուրավոր բույսեր եւ համեմունքներ վերլուծելիս: Հետազոտությամբ հաջողվել է ոչ միայն ներգործուն միջոց գտնել, այլ նաեւ հասկանալ, որ նրա արդյունավետությունը կարելի է ավելի քան 100 անգամ ուժեղացնել:

Միացությունը թեստավորել են կամավորների վրա: Նրանց խնդրել են 30 վայրկյան բերանը ողողել միացությունը պարունակող հեղուկով: Պարզվել է, որ 5 րոպեն բավական էր, որ նույն թարմացնող էֆեկտին հասնեն, ինչն առաջանում է մենթոլով ողողելու դեպքում: Ի դեպ, փորձնական ողողումը չի այրել լորձաթաղանթը եւ ընդհանուր առմամբ կամավորների համար ավելի հարմարավետ էր: Ավելին՝ թարմացնող էֆեկտը պահպանվել է 30 րոպե, ինչը 3 անգամ ավելի երկար է, քան մենթոլի դեպքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА