ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայոց Հզոր Բանակը» Ձմեռ պապի տեսքով թիկունքից է մոտենում տղերքին

30.12.2017 21:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՐՑԱԽ
«Հայոց Հզոր Բանակը» Ձմեռ պապի տեսքով թիկունքից է մոտենում տղերքին

2017-ը հոբելյանական էր «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի համար: Ծրագրի նախաձեռնության հիմնադիր, Մարդու իրավունքների պաշտպանին կից զինծառայողների իրավունքների պաշտպանության փորձագիտական խորհրդի անդամ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հանգանակությունների միջով՝ իրականացնում է ահռելի աշխատանք`ուղղված Հայոց բանակին, որի մասին քիչ է բարձրաձայնում, բայց եւ դրամ առ դրամ հաշվետվություն ներկայացնում, թե ինչին է ուղղվել համապատասխան գումարները: Թերեւս այս մեծ աշխատանքն իր արժանի գնահատականը ստացավ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանի կողմից, որն այս տարի Հայրենիքին մատուցած ծառայությունների եւ Արցախի հանրապետության պաշտպանության բանակի հետ սերտ համագործակցության համար ի նշան երախտագիտության՝ սպայական դաշույնով պարգեւատրեց Կ. Հովհաննիսյանին: Ամփոփելով «Հայոց Հզոր Բանակի» տարվա ձեռքբերումներն ու պարզելով գալիք տարվա ծրագրերը՝ «Իրավունքը» զրուցեց հենց նրա հետ:

«Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ». Կարեն Կարապետյան

«10-ՐԴ ՓՈՒԼԸ ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ԷՐ»

- Կարեն, հաջողվե՞ց ծրագրի 10-րդ փուլի ընթացքում իրականացրել այն, ինչ նպատակ, որ դրել էիք:

- Քանի որ «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի 10-րդ փուլը հոբելյանական էր, ի սկզբանե նպատակ էր դրվել, որ այն պետք է լինի ավելի ծավալուն: Ծրագրի փուլերն ունեն որոշակի ժամանակահատված, երբ ավարտվում է սահմանված ժամկետը, անկախ նվիրաբերված գումարից, փուլը համարվում է ավարտված եւ սկսվում է նյութատեխնիկական սարքավորումների ձեռքբերման աշխատանքները: Սակայն 10-րդ փուլը տարբերվեց նրանով, որ կարողացանք այս փուլի ընթացքում մի քանի անգամ լինել սահմանային զորամասերում, ինչպես նաեւ մեկից ավել զորամասերի ցուցաբերեցինք աջակցություն: 10-րդ փուլը դեռեւս ընթացքի մեջ է եւ այն ժամանակը, որ դրված է յուրաքանչյուր փուլի համար, չի սպառվել, այսինքն՝ ակնկալիքները 10-րդ փուլից դեռ շարունակվում են:

- Սոցցանցում նշել էիք, որ 10-րդ փուլը անգերազանցելի է, ինչո՞վ էր դա պայմանավորված՝ փոխանցումների քանակո՞վ, թե՞ կատարված աշխատանքով:

- 10-րդ փուլը անգերազանցելի էր նրանով, որ եղավ խոշոր փոխանցում Մեքսիկայից, եղավ նվիրատվություն նյութատեխնիկական սարքավորումների տեսքով ԱՄՆ-ից, ավելին՝ բարերարը խոստացավ, որ դեռ երկու ամիս էլ նույն քանակությամբ նյութատեխնիկական սարքավորումներ կնվիրաբերի: 10-րդ փուլն անգերազանցելի է նաեւ մասնակիցների թվով: Ծրագրի գրեթե բոլոր մասնակիցները, ովքեր ժամանակ առ ժամանակ են փոխանցումներ կատարում, այս անգամ միահամուռ կատարեցին նվիրատվությունները: Ծրագրի հետ համագործակցող այլ նախաձեռնություններ եւս 10-րդ փուլին իրենց նվիրատվությունները բերեցին: Մասնավորապես՝ Գերմանիայում հայ ուսանողների կողմից նախաձեռնված եւ գործող «Հայրենականներ» նախաձեռնությունը եւ Երեւնում գործող «Իրականացրու երազանք» նախաձեռնությունը: Ինչպես նշեցի, 10-րդ փուլի կատարված աշխատանքով նույնպես կարելի է ասել, որ այն անգերազանցելի է:

Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա. Tert.am

«ԴԻՐՔԱՊԱՀ ՏՂԵՐՔԸ 2018-ԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՏԵՍՆԵՆ ՄԵՐ ԱԿՏԻՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

- Առհասարակ՝ ամփոփելով «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի աշխատանքները՝ ինչպե՞ս կգնահատեք 2017-ը:

- Ամփոփելով «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի 2017թ.-ը՝ կարող եմ փաստել, որ այն հաջողված է, ավելին՝ գերազանցել է սպասելիքները: Ծրագրի հաջողության հիմքը կամ բանալին համարում են ծրագրի թափանցիկությունը, ինչպես նաեւ նվիրատուների վստահությունը: Բացի Հայոց բանակին աջակցելուց, մենք կարողացնաք նաեւ Արցախի ազատագրված եւ վերաբնակեցված գյուղերից մեկի՝ Դրախտաձորի դպրոցին նվիրաբերել համակարգիչ եւ բազմաֆունկցիոնալ տպիչ սարք, ինչպես նաեւ գրենական պիտույքներ եւ մարզագույք:

- Հաջորդ տարի ծրագիրն ի՞նչ ուղղվածություն կունենա եւ ե՞րբ կմեկնարկի:

- 2018թ.-ին նույնպես շարունակելու ենք ամրացնել եւ բարձրացնել դիրքապահ զինվորի անվտանգության եւ առողջության պայմանները: Աստծո կամոք, մեր բարերարների շնորհիվ կփորձենք էլ ավելի ընդգրկուն դարձնել ծրագիրը: Նախատեսվում է նաեւ ամռանը անցկացնել բանակում- ճամբար ծրագիրը՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի մասնակիցների եւ իրենց երեխաների համար: Այն նախատեսում ենք անցկացնել Արցախում, ազատագրված որեւէ բնակավայրում՝ համագործակցելով ՊԲ-ի հետ, կփորձենք երեխաներին մոտիկից ծանոթացնել Հայոց բանակին: Չեմ ցանկանում առաջ ընկնել ժամանակից, բայց վստահ եմ, որ մեր դիրքապահ տղերքը 2018թ.-ին նույնպես կտեսնեն մեր ակտիվ աջակցությունը:

«ՍԱՀՄԱՆԸ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ԱՊԱՀՈՎ Է, ՔԱՆ ԹԻԿՈՒՆՔԸ»

Ցեղասպանության տարելիցին հայ կարատեիստը Թուրքիայից վերադարձել է հաղթանակով (Տեսանյութ)

- Ի դեպ, գիտեմ, որ հենց օրերս եք վերադարձել սահմանից: Ի՞նչ նորություններով եք եկել:

- Գիտեք, թիկունքում մի քիչ այլ ձեւ են մտածում սահմանի ու դիրքի մասին: Մտածում են, որ այնտեղ կյանքը կանգ է առած, որ այնտեղ ամեն ինչ վտանգավոր է եւ այլն: Իրականում, չկա այդպիսի վիճակ: Հենց թիկունքում միայն տեսեք թե ամեն օր քանի հոգի է զոհվում ու վիրավորվում ավտովթարներից, այսինքն՝ սահմանը կյանքի համար այսօր ավելի ապահով է, քան թիկունքը: Սահմանային իրավիճակի մասին չեմ խոսի, քանի որ, մեկ կամ երկու օր լինելով այնտեղ՝ չես կարող ասել, թե իրականում ինչ իրավիճակ է սահմանում, հակառակորդը ինչ հաճախականությամբ է թիրախավորում եւ կրակում: Բայց վստահ կարող եմ ասել, որ տղերքը զգոն են, ամենակարեւորը՝ թերեւս ինձ համար, միջանձնային հարաբերությունները, վստահ կարող եմ ասել, որ իդիալական են: Դիրքերում թիկունքի աջակցությունը այնպես է նկատվում ու զգացվում, որ բառերով պարզապես անհնար է բացատրել, դա պետք է տեսնել: Ամենալավ նորությունն այն է, որ մեր դիրքերը անընդհատ վերազինվում ու արդիականացվում են, ամեն անգամ դիրքեր այցելելիս նկատում ես հսկայական դրական փոփոխություն:

- Սահմանում պատրաստվո՞ւմ էին Ամանորին, թե՞ Ձմեռ պապն ու Ձյունանուշն էլ չեն կարող սահմանը հատել:

- Այո, պատրաստվում են, անգամ փոքրիկ տոնածառներ են հայտնվել դիրքերում: Բայց, ցավոք սրտի, մեզ բաժին հասած թշնամին այնքան նենգ է ու դավադիր, որ անգամ ամենաբարի Ձմեռ Պապին ու Ձյունանուշին թույլ չի տա սահմանն անվտանգ անցնել, դրա համար էլ հենց «Հայոց Հզոր Բանակ» ծրագիրը նախատեսում է Ձմեռ պապի տեսքով թիկունքից մոտենալ տղերքին:

- «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի հիմնադիրը ի՞նչ տոնական մաղթանք ունի:

Google-ը կպայքարի ֆեյք նորությունների դեմ

- Հայոց աշխարհին մաղթում եմ հաղթական խաղաղություն, 2018թ.-ը վերջապես լինի խաղաղության հաստատման տարի: Դիրքերում ծառայելը այլեւս չդիտարկվի մարտական հերթապահություն, այլ պարզապես սահմանային ծառայություն: Ցանականում եմ, որ համայն հայությունը համախմբվի Հայոց պետականության շուրջ, հայոց բանակի շուրջ՝ առանց հաշվի առնելու քաղաքական դիրքորոշումները, որոնք ցավոք սրտի, կործանարար են մեր պետականության համար: Ամենավերջում ցանկանում եմ մաղթանք հղել «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի բարերարներին ՝ մաղթելով ուժ, կորով, հայրենիքին սատար լինելու պատրաստակամություն եւ ընտանեական երջանկություն, իսկ դիրքապահ տղերքին ՝ զգոնություն, առողջություն եւ իրենց վստահված հայրենի սահմանում խաղաղ ծառայություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА