ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է ՁՄՌԱՆ ԿԵՍԻՆ

23.01.2018 19:15 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է ՁՄՌԱՆ ԿԵՍԻՆ

Այս հունվարը թերեւս քաղաքական ակտիվության տեսակետից ռեկորդային է: Եվ դա հասկանալի է` մի կողմից կան գործընթացներ, որոնք սահմանադրական անցման եզրափակիչ փուլի ժամանակացույցի մեջ պետք է տեղավորվեն, մյուս կողմից` շատ դինամիկ ու երբեմն նաեւ անկանխատեսելի զարգացումներ են տեղի ունենում արտաքին աշխարհում:

«ԸՆԿՆՈՂԻՆ ՀՐՈՒՄ ԵՆ» , ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԱԽՈՂԱԿԻ ԴԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՈՉ ՈՔ ԴԵՄ ՉԷ

Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի թեկնածուի հարցում խաղարկել է հետաքրքիր շախմատային կոմբինացիա: ՀՀ Սահմանադրությամբ երկրի չորրորդ նախագահն արդեն հիմնականում կատարելու է ներկայացուցչական գործառույթներ, եւ նրա լիազորությունները այնքան էլ շատ չեն, թեեւ առկա է այնպիսի կարեւոր գործառույթ, ինչպես Սահմանադրության կատարմանը հետեւելը եւ իշխանության ճյուղերի միջեւ հավասարակշռողի դեր խաղալը: Գլխանց քաղաքական ուժերից շատերը այդ պաշտոնին այնքան էլ ծանրակշիռ չէին վերաբերվում, ու դրանով կարելի է բացատրել այնպիսի «թոշակառու» կադրերի անունների շրջանառությունը, ինչպիսիք էին Գագիկ Հարությունյանը, կամ Հանրային պալատի ղեկավար Վազգեն Մանուկյանը, Էդվարդ Նալբանդյանի անունն էլ հիշատակվում էր «քաղաքական թոշակի» ուղարկելու ենթատեքստի շրջանակներում: Այդ նույն «ոչ ծանրակշիռ» տրամաբանության շրջանակում էր եւ «Ելքի» կողմից բավականին մեծ աժիոտաժով Արտակ Զեյնալյանի թեկնածությունը հնչեցնելը եւ Ծառուկյան դաշինքի հետ սակարկությունները` այդ դաշինքից զորակցություն ստանալու համար...

Բայց առաջադրելով այդ պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածությունը` Սերժ Սարգսյանը, փաստորեն, հետաքրքիր կոմբինացիա արեց` մեծ լիազորություններ չենթադրող, բայց միաժամանակ արտաքին աշխարհի հետ լայն շփումների դաշտ ենթադրող այդ պաշտոնին առաջադրելով անձնական վիթխարի կապեր եւ դրսում շոշափելի ազդեցություն ու հեղինակություն ունեցող ֆիգուր: Դա, կարելի է ասել, որ ինչ-որ տեղ անակնկալ էր ինչպես ներսի, այնպես էլ դրսի համար: Վինձորների թագավորական ընտանիք մուտք ունեցող Արմեն Սարգսյանը, անշուշտ, ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում շեշտակի կբարձրացնի մեր երկրի հնարավորությունները անգլո-սաքսոնական, եւ ոչ միայն անգլո-սաքսոնական դաշտերում:

Միաժամանակ այդ թեկնածությունն այնպիսին է, որ հրապարակային դաշտում բացասական կարծիք հայտնելու հնարավորություն չունեն, ինչպես ներսի ծանրակշիռ քաղաքական ուժերը, այնպես էլ դրսի ծանրակշիռ վերլուծաբաններն ու փորձագետները: Կարեւոր է նաեւ այն, որ Արմեն Սարգսյանը հանրորեն նույնպես ունի առնվազն ոչ բացասական իմիջ: Եվ ստացվում է իրավիճակ, որ խորհրդարանում շատ հավանական է կոնսենսուսը բոլոր խմբակցությունների միջեւ Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ, քանզի բացի կոնսպիրոլոգիական տեսություններից, ոչ ոք առարկություն ներկայացնելու ռեալ տեղ չունի, իսկ խորհրդարանական ուժերը, ինչպես հայտնի է, կոնսպիրոլոգիա չեն խաղում: Կոնսպիրոլոգիայի դաշտ մտնելը նաեւ ռիսկային է լուրջ քաղաքագետների եւ վերլուծաբանների համար, ու որպես կանոն, դրանից խուսափում են: Կոնսպիրոլոգիայից խուսափում են նաեւ պաշտոնական մակարդակի միջազգային հարաբերություններում...

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՀԱՍՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

Ու դա է պատճառը, որ բացառությամբ սոցիալական ցանցերի, որեւէ այլ տեղ չեն երեւում փորձեր` Արմեն Սարգսյանի շուրջ բացասական կարծիք ձեւավորելու: Այն  էլ` մեծ լսարան եւ բարձր վարկանիշ ունեցող բլոգերները նույնպես շատ զգուշավոր են այդ հարցում, խնամքով խուսափելով ինչպես կոնսպիրոլոգիայից, այնպես էլ սեւ քարոզչության հնարքներից: Լրատվամիջոցներն ու լրատվական կայքերն էլ ձգտում են հիմնականում հետաքրքիր տեղեկատվություն հաղորդել ինչպես Արմեն Սարգսյան անձի, այնպես էլ նրա ընտանիքի եւ շրջապատի մասին:

ՓՈՔՐԻԿ ԻՆՏՐԻԳ

Ինչպես արդեն նշեցինք, Արմեն Սարգսյանի վերաբերյալ փորձագիտական հանրույթը դրական կամ դրական-չեզոք է արտահայտվում, լրատվական դաշտն էլ, անկախ ԶԼՄ-ների պատկանելությունից, հիմնականում ձեռնպահ է բացասական լիցքեր կրող կամ լրատվական-հոգեբանական պատերազմի տարրեր պարունակող դրսեւորումներից:

Այնուամենայնիվ, լրատվադաշտում արդեն բավականին տարածվել է այն միտքը, որ Արմեն Սարգսյանը ամենեւին էլ ոչ առաջին անգամ է ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում: Այսպես, հնչեցվում է ենթադրություն, որ 1996-ի խայտառակ ընտրակեղծարարությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը տրամադրված էր հրաժարականի, եւ Արմեն Սարգսյանին հրավիրել էր որպես վարչապետ` նպատակ ունենալով հետագայում նրան փոխանցել նախագահական լիազորությունները: Հնչեցվում է նաեւ ենթադրություն, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ռոբերտ Քոչարյանին հրաժարական պարտադրել փորձող երկրապահական շրջանակները նույնպես մտադրություն ունեին ՀՀ նախագահի պաշտոնն առաջարկել Արմեն Սարգսյանին: Թե ինչքանով է այդ ամենն իրականություն` ստույգ ասել չենք կարող, սակայն փաստը մնում է փաստ, որ ՀՀ նախագահի ներկայիս թեկնածուն դեռ 20 եւ ավելի տարիներ առաջ օժտված էր լրջագույն քաղաքական կապիտալով, որն այս ընթացքում առնվազն չի պակասել: Բայց, այնուամենայնիվ, կա ոլորտ, ուր կոնսպիրոլոգիան խաղացնողներ կան: Քաղաքագետների եւ փորձագետների այն կատեգորիան, որը սովոր է ապրել «դրսի դաբրոների» տրամաբանության աշխարհում, վստահ լինելով հանդերձ, որ ՀՀ հաջորդ վարչապետ լինելու է Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, նրա վարչապետական իշխանության տարբեր աղբյուրներ են նշում: Դրանց մի մասն ասում է, իբր Ռուսաստանն է Սերժ Սարգսյանին բերում այդ պաշտոնին, մյուս մասն էլ` իբր այդ գործն անում է Արեւմուտքը: Բայց կարելի է ասել, որ «դրսից նշանակելու» տեսությունը լուրջ փորձագետների հրապարակային քննարկումների ոչ արժան բան է, եւ միաժամանակ փաստել որպես փաստ, որ Սերժ Սարգսյանն ընկալելի է աշխարհի գործնականում բոլոր գերտերությունների մայրաքաղաքներում: Եվ ապրիլին նա` որպես երկրի ղեկավար, արտաքին քաղաքական դաշտում ունենալու է ազատության ավելի մեծ աստիճան, քան ունի այսօր եւ, առավել եւս, քան ուներ դեռեւս կես տարի առաջ:

Ե՞ՐԲ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ

Քանի որ, այնուամենայնիվ, խոսք գնաց կոնսպիրոլոգիայի մասին, չենք կարող չմատնանշել մի շատ ուշագրավ միտում: Գրանտակեր «քաղաքացիական հասարակության» այն հատվածը, որը սնվում է քեռի Սորոսից, մեծ տհաճությամբ ու լարվածությամբ ընդունեց Արմեն Սարգսյանի առաջադրումը: Թե խորքում դա ինչ պատճառներ ունի, դա դեռ ուսումնասիրելու կարիք է զգում: Բայց փաստ է, որ առայժմ վախենում են հրապարակավ վատ արտահայտվել, կամ գործողություններ կատարել: Դեռ առանց այդ էլ նրանց պաշտպանած «արժեքների» շնորհիվ ժողովրդի աչքի գրողն են, իսկ դրան ավելացնել նաեւ Արմեն Սարգսյանի պես ազդեցիկ ֆիգուրի զայրույթը, թերեւս չեն ուզի...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА