ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուլանալ նախագահական կաբինետում` չի հաջողվի». Դենիս Դվորնիկով

23.01.2018 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Թուլանալ նախագահական կաբինետում` չի հաջողվի». Դենիս Դվորնիկով

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Ակնհայտ է, որ հենց նա էլ կլինի ՀՀ չորրորդ նախագահը, թեպետ նախորդների համեմատ` սահմանափակ լիազորություններով: Հենց այս մասին էլ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու ռուս քաղաքագետ, հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ ԴԵՆԻՍ ԴՎՈՐՆԻԿՈՎԻ հետ:

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունում է ՀՀ Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը

«ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԱՊԵՍ ՀԱՋՈՂ ԴԵՍՊԱՆ Է ԵՂԵԼ»

–Ինչպես գիտեք, արդեն հայտնի է Հայաստանի իշխող կուսակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուն: Լինելով քաջատեղյակ հայաստանյան քաղաքականությունից` ի՞նչ կասեք լոնդոնյան դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածության մասին:

– Արմեն Սարգսյանին չեմ ճանաչում, բայց տարբեր հայ փորձագետներից բավական դրական արձագանքներ եմ լսել: Ընդգծում են իր պրոֆեսիոնալիզմը, ընդհանուր բարձր մակարդակը, դիվանագիտական հմտությունները: Հարկ է նշել, որ հայկական առաքելությունը Մեծ Բրիտանիայում, ըստ էության, բարդ է: Այդպես ստացվել է պատմականորեն, որ բրիտանական բիզնեսը, որը կապված է քաղաքական էլիտայի հետ, շատ վաղուց անհավասար է շնչում Բաքվի նավթային ռեսուրսների նկատմամբ: Բայց անկախ այս ամենից, Արմեն Սարգսյանը հաստատապես հաջող դեսպան է եղել: Եվ սա նշանակում է, որ այս մարդն ի վիճակի է լուծել խնդիրներ, որոնք շատ մարդկանց ուժերից վեր են:

– Փորձագիտական որոշ շրջանակներ Արմեն Սարգսյանին համարում են արեւմտամետ, մյուսները` պնդում, թե նա լավ կապեր ունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Ըստ Ձեզ` որքանո՞վ նա ընկալելի պաշտոնյա կլինի արտաքին աշխարհի եւ առաջին հերթին մեր ռազմավարական եւ գործընկեր երկրների համար:

– Վստահ եմ, որ Արմեն Սարգսյանի դիվանագիտական հմտությունները թույլ կտան պահել հավասարակշռությունը` ե՛ւ Հայաստանի արեւմտյան գործընկերների, ե՛ւ ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդների միջեւ: Ընդհանրապես, ես դեմ եմ նման տարբերակումներին եւ պիտակներին: Լուրջ պետական գործերում չկան  ,պրոարեւմտյան» կամ «պրոռուսական» քաղաքական գործիչներ, այլ կա պրագմատիզմ եւ պրոֆեսիոնալիզմ: Ընդունել ինչ-որ ծայրահեղ քաղաքական շերտ` իրենց կարող են թույլ տալ  միայն պոպուլիստներն ու գործիչները, որոնք նախատեսված են ոչ բարձր թռիչքի համար եւ աշխատում են նեղ լսարանի հետ: Հայաստանն այն վիճակում չէ, որ արտաքին քաղաքականության մեջ տարվի ծայրահեղությամբ:

«ԱՅՍՏԵՂ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԴԱՏԱՐԿ, ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ»

–Առհասարակ, հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխությունների համաձայն, ՀՀ նախագահին վերապահվելու է «Անգլիայի թագուհու» դերակատարություն, ըստ Ձեզ, նորընտիր նախագահը կարո՞ղ է ազդեցություն ունենալ երկրի վարած արտաքին քաղաքականության վրա:

Լավագույն եւ վատագույն մարզպետներն, ըստ 28 077 հարցման մասնակիցների

– Նույնիսկ սահմանափակ ձեւաչափով` նախագահի պաշտոնը բավական էական ուշադրության կարժանանա: Ուստի` թուլանալ նախագահական կաբինետում` չի հաջողվի: Եվ ես վստահ եմ, որ պարոն Սարգսյանը հենց ինքը չի ցանկանա դառնալ «սինեկուրա» (նշանակում է լավ վարձատրվող անաշխատ պաշտոն զբաղեցնող, - հեղինակ): Անխոս, իր փորձը, կապերը, անձնական հարաբերությունները կօգտագործվեն ամբողջությամբ: Հայաստանը փոքրիկ երկիր է, դրա համար այստեղ չեն կարող լինել դատարկ, արարողակարգային պաշտոններ, ինչպես, օրինակ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է: Դրա համար իշխող քաղաքական ուժի յուրաքանչյուր անդամ պետք է տքնի եւ ներդնի ընդհանուր գործի մեջ այն, ինչ ունի` փորձ, հմտություններ, գիտելիքներ:

– Օրինակ, առնվազն վերջին 20 տարին Եվրոպայում դիվանագետ աշխատած Արմեն Սարգսյանը որեւէ կերպ կարո՞ղ է ազդեցություն ունենալ Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում:

– Նա արդեն իսկ ազդեցություն ունեցել է: Օրինակ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ելույթը Chatham House-ում անչափ կարեւոր իրադարձություն էր: Եվ ընդհանրապես, Արցախի նախագահի բրիտանական շրջագայությունը հաջողված էր` առաջին հերթին հենց շնորհիվ Արմեն Սարգսյանի: Վստահ եմ, որ հետագայում էլ նա կկարողանա արդյունավետ կերպով նպաստել կոնֆլիկտի արդարացի լուծմանը: 

«ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԴԵՌԵՎՍ ԿԼԻՆԵՆ»

–Կարելի՞ է ասել, որ այս թեկնածությամբ Հայաստանը փորձում է հավասարակշռություն պահել Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ:

– Կարծում եմ` Հայաստանի նոր նախագահի առաջ դրվելու են աշխարհաքաղաքական բազմաթիվ առաջադրանքներ: Այն ենթադրում է նաեւ բրիտանական էլիտաների հետ հարաբերությունների պահպանում, առանց որոնց աշխարհում չի որոշվում եւ ոչ մի հարց: Այն ավելի համահունչ ու հստակ դիրքորոշում էր` կապված Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում: Միեւնույն ժամանակ, այն փնտրտուք էր նոր գործընկերային նախագծերի, ընդ որում` ոչ միայն ԵԱՏՄ, ԵՄ անդամ երկրների ու ԱՄՆ-ի: Կա հզոր Չինաստանը, կա Հարավարեւելյան Ասիան, կա Իսրայելը, Իրանը եւ այլն, եւ այլն: Յուրաքանչյուր ուղղությամբ պետք է համառ եւ մտածված տքնաջան աշխատել:

– Ի՞նչ է հուշում Ձեր քաղաքագիտական ներքին ձայնը` կլինե՞ն նոր անակնկալներ ՀՀ վարչապետի թեկնածության առաջադրման հարցում, թե՞ կունենանք երկու Սարգսյան, որոնցից մեկը կզբաղվի արտաքին քաղաքական ինտեգրացիոն գործընթացներով, մյուսը` կապահովի երկրի անվտանգությունն ու բնականոն զարգացումը:

Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

– Կարծում եմ, որ նախագահ-դիվանագետ ունենալը ֆունկցիաների ողջամիտ բաշխում էր: Անակնկալներ դեռեւս կլինեն: Հայաստանյան քաղաքական շրջանակը ակտիվ է եւ կենսունակ: Ընտրողների էմոցիաները էական գործոն են, որոնք հաճախ պահանջում են էլիտաներից չնախատեսված եւ ուժեղ շախմատային որոշումներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА