ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵՍԿԶԲՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

23.01.2018 23:30 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵՍԿԶԲՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Մոսկվայում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Մեզ համար ոչ ավանդական այս մարզաձեւի հետ կապված վերջին տարիներին որոշ հաջողություններ եղան: Եվ պատահական չէր, որ այս Եվրոպայի առաջնությանը եւս Հայաստանը ներկայացված էր՝ ի դեմս Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալ պարային զույգի ու Սլավիկ Հայրապետյանի:

Դավիթ Յուրչենկոն դեմ չէ հանդես գալ Հայաստանի հավաքականում

Պարային զույգերի պայքարում Հայաստանի ներկայացուցիչները գրավեցին նախավերջին՝ 19-րդ տեղը: Ազատ ծրագրի 20 մասնակիցների մեջ նրանք ցույց տվեցին 18-րդ արդյունքը: Կարճ ծրագրի 30 մասնակիցների մեջ Հայաստանի զույգը գրավեց 20-րդ տեղը՝ ապահովելով մասնակցությունն ազատ ծրագրին: Իսկ ահա չեմպիոնի կոչումը, այն էլ՝ համաշխարհային ռեկորդով (203.16) նվաճեցին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը մենասահքի կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում գրավել է 15-րդ տեղը, կարճ ծրագրում՝ 14-րդ, ազատ ծրագրում՝ 16-րդ: 

Իհարկե, ունենք, մեղմ ասած՝ համեստ ցուցանիշներ: Ավելի բարձր արդյունքների հավակնություններ ունենալու համար մեր մարզիկները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու: Բայց նաեւ պետք է հաշվի առնել իրողությունները: Եվ ամենակարեւորը. միայն վերջին տարիներին լուծվեց մեր գեղասահորդների մարզումների համար անհրաժեշտ պայմանների հարցը: Գեղասահորդները այժմ կարողանում են ուսումնամարզական հավաքներ անցկացնել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում, որն ունի բոլոր հնարավորությունները՝ լիարժեք մարզումների համար: Մարզադպրոցի գործելը զգալիորեն բարելավել է հայ գեղասահորդների արդյունքներն ու առաջընթացը: Այս է փաստում Սլավիկ Հայրապետյանի հրաշալի արդյունքը տարեսկզբին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացված գեղասահքի «FBMA Trophy» միջազգային մրցաշարում, որը մարզաձեւի 2018 թվականի առաջին ստուգատեսներից էր: ԱՄԷ-ում Սլավիկ Հայրապետյանը ծրագիրը լավ կատարեց՝ կարճ (65,49 միավոր) եւ կամավոր (143,14 միավոր) ծրագրերի ընդհանուր հաշվարկով վաստակելով 208.63 միավոր՝ դարձավ մրցաշարի հաղթող: Արդեն մարտ ամսին գեղասահորդները պետք է մասնակցեն հաջորդ կարեւոր ստուգատեսին` աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Միլանում, իսկ մինչ այդ նախատեսված է նաեւ մասնակցություն Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող այլ մրցաշարերի:Հավելենք նաեւ, որ գեղասահքի Եվրոպայի առաջնությունում չէր հայտավորվել երիտասարդ, խոստումնալից գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Նա կարող էր լավ մրցակցություն ցույց տալ, սակայն պրոֆեսիոնալ կարիերայում դադար է վերցրել` ֆինանսական խնդիրների պատճառով:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА