ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ. ԾՈԾՐԱԿՆԵՐԴ ԿՏԵՍՆԵՔ, ԲԱՅՑ ԱՐՑԱԽ ՉԵՔ ՍՏԱՆԱ

26.01.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ. ԾՈԾՐԱԿՆԵՐԴ ԿՏԵՍՆԵՔ, ԲԱՅՑ ԱՐՑԱԽ ՉԵՔ ՍՏԱՆԱ

ՀՀ նախագահի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից, ինչպես նաեւ հարցուպատասխանը, գոհունակությամբ ընկալվեց Հայաստանում` անկախ մարդկանց քաղաքական նախապատվություններից: Բայց հարկ ենք համարում մատնանշել, որ այդ ելույթը հնչեց մեր Բանակի օրվանից 4 օր առաջ, եւ Սերժ Սարգսյանը այդպես վստահ հանդես էր գալիս նաեւ այն բանի շնորհիվ, որ մեր բանակը հուսալիորեն կատարում է իր գործառույթը: Ի դեպ, հաջորդ գիշեր թշնամու կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի խայտառակ ձախողումը նույնպես ասվածի վկայությունն է:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ԵՎ ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅԱՆ ՑԻՆԻԿ ԱՆԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ

Ուշագրավ է այն պահը, որը ՀՀ նախագահի կողմից ընտրվեց ԵԽԽՎ ամբիոնից հանդես գալու համար: Նրա նախորդ ելույթը 2013-ի հոկտեմբերին էր, երբ ԵՄ-ն մերժել էր Հայաստանի «եւ-եւ» մոտեցումը, համառորեն առաջ քաշելով «կամ-կամը», եւ այդ պայմաններում մեր երկիրը նախընտրելի էր համարել ԵԱՏՄ-ն: Իսկ այս ելույթը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ «եւ-եւը» պսակվեց հաջողությամբ, ու ավելին, նաեւ համարվեց ցայտուն օրինակ, թե ինչպես հնարավոր է միաժամանակ մասնակցել տարբեր ինտեգրացիոն գործընթացների: Ի դեպ, ՀՀ նախագահը այդ առնչությամբ շեշտեց. «Այս ապրիլից սկսած մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նոր արագություն է ստանալու, քանի որ նախ` այդ ժամանակ ամբողջովին ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները եւ երկրորդ` մենք արդեն սկսում ենք Եվրոպական միության հետ ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված քայլերը»:

Սերժ Սարգսյանը նաեւ մատնանշեց. «Ապրիլ ամսին ավարտին կհասնի այդ գործընթացը Եվրոպայի խորհրդի երեք հիմնասյուների` իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման հստակ տեսլականով: Մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ուղի ընտրեցինք անցումը խորհրդարանական կառավարման ձեւին: Այդ գործընթացի մեկնարկը 2013 թվականին ազդարարեցի հենց այս բարձր ամբիոնից»: 

Այսինքն` մեր երկրի ղեկավարը ԵԽԽՎ ամբիոնից ազդարարեց ՀՀ քաղաքականության շարունակելիությունը նաեւ վերջնական սահմանադրական անցումից հետո: Բայց ամենակարեւոր ուղերձը, որը պարունակվում էր մեր երկրի ղեկավարի ելույթում, դա Արցախի հարցն էր: Այդ դրույթները կրկնելու կարիք չկա, մեր քաղաքացիները այդ ամենը առիթ են ունեցել լսելու հեռուստաեթերով, եւ հստակորեն շեշտվեց, որ արցախահայության ինքնորոշման իրացումը հասցվելու է մինչեւ վերջ: Սակայն այստեղ հարկ ենք համարում նշել, որ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ անդրադարձել է այնպիսի երեւույթների, ինչպիսիք են ԵԽԽՎ-ում կոռուպցիոն քվեարկությունները, այսպես կոչված, «խավիարային դիվանագիտության» հետեւանքով, ինչպես նաեւ Եվրադատարանի կողմից կրկնակի չափանիշներով քաղաքականացված որոշումների ընդունումը:

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ Է ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԽՈՍՈՒՄ 5 ՇՐՋԱՆԻՑ

Մասնավորապես. «Վերջին տարիներին, ցավոք, մենք այս կառույցում ականատես եղանք աննախադեպ արժեքային ճգնաժամի, երբ որոշ, մեղմ ասած, անպատասխանատու պատգամավորների` Եվրոպայի խորհրդի բուն առաքելությանը հակասող գործելակերպը ծանր վնաս հասցրեց կազմակերպության հեղինակությանը: Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքին նետվեց թերեւս ամենամեծ մարտահրավերը` իր ստեղծումից ի վեր, երբ բացահայտվեցին Վեհաժողովում պատգամավորների կաշառման, դրանց արդյունքում անարդար քվեարկությունների դեպքեր: 2014 թվականից ի վեր մի շարք քաղաքականապես կողմնակալ եւ աղմկահարույց զեկույցներ, բանաձեւեր հայաստանյան հասարակության շրջանում Վեհաժողովի նկատմամբ վերաբերմունքի խիստ փոփոխություն առաջացրին: Միեւնույն ժամանակ, այդ բացահայտումները հույս են ներշնչում, որ նման արատավոր երեւույթների կյանքը կարճ է»:

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼԻՈՎԻՆ ՊԱՐԶ Է

Վերջերս որոշ փորձագետներ ձգտում էին առաջ տանել այն թեզը, իբր Սերժ Սարգսյանը ապրիլին իր իշխանավարությունը շարունակելու համար «դաբրոներ» է փնտրում գերտերությունների մայրաքաղաքներում: Ոմանք որպես «դաբրոների» որոնման վայր մատնանշում են Եվրոպան եւ Արեւմուտքը` որպես այդպիսին, ոմանք էլ` Ռուսաստանը: Բայց իրականում մեր երկրի ղեկավարը այդպիսի խնդիր չունի ու չի էլ կարող ունենալ: Այսպես, խորհրդարանական ընտրությունների արդյունքները աշխարհում որեւէ տեղ կասկածի տակ չեն առնվել, իսկ այդ արդյունքներում ՀՀԿ-ն իր քվեներով առաջիկա 4 տարիների ընթացքում առանց խոչընդոտի լուծելու է ցանկացած հարց: Եվ ակնհայտ է, որ իշխող կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը չի կարող չլինել իշխանությունը գլխավորող անձ:

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ՄՇՈՒՇՈՒՄ

Եվ ամեն ինչ ընթանալու է հարթ, առանց տարատեսակ ֆորսմաժորների, քանզի խորհրդարանական ընդդիմությունը բավականին կանխատեսելի է, իսկ արտախորհրդարանական ծայրահեղական ուժերը ամբողջովին հեղինակազրկված են եւ լուսանցքային, նրանք ի վիճակի չեն շոշափելի զանգվածներ հավաքել: Ու նաեւ փորձը ցույց է տալիս, որ զանգված մեզանում կարող է հավաքվել շատ կոնկրետ խնդիրների շուրջ, եւ հավաքվել ոչ թե ընդդիմադիր կուսակցությունների, այլ քաղաքացիական նախաձեռնությունների կոչով: Այդ տեսանկյունից կարելի է վստահ լինել, որ ոչինչ էլ չի ստացվի ՀԱԿ-ի նախաձեռնությունից` Արցախյան շարժման 30-ամյակը ապականել տարատեսակ «խաղաղության երթերով»: ԱԺ ընտրություններին ՀԱԿ-ի ստացած քվեները պերճախոս վկայությունն են, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները վերաբերվում պացիֆիզմին ու պարտվողականությանը: Ֆորսմաժորային իրավիճակ դժվար թե կարողանան ստեղծել նաեւ տարատեսակ հանցավոր ահաբեկչական խմբերը: Սահմանադրական բարեփոխումների արշալույսից ի վեր մեր Ազգային անվտանգության մարմինները արդեն բազում այդպիսի խմբեր են վնասազերծել` ամեն անգամ գործ ունենալով նոր հակասահմանադրական տեխնոլոգիաների կիրառման փորձի հետ: Կարելի է ասել, որ մեր ԱԱԾ-ն պատվով հանձնել է արդյունավետության քննությունը, ու անգամ եթե մինչեւ ապրիլ նորանոր ինչ-որ խումբ ծլի, դժվար թե դա որեւէ բան փոխի: Այնպես որ, սահմանադրական անցումը կատարվելու է ըստ ժամանակացույցի, ինչքան էլ դա դուր չգա որոշակի արտաքին ուժերին:

 

ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԴԵՄ

Ամերիկյան Carnegie եւ Eurasian Partnership հիմնադրամների կողմից ֆինանսավորվող «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն»-ի հարցումները ցույց են տալիս, որ մեր բանակն ու Պաշտպանության նախարարությունը վայելում են շատ բարձր վարկանիշ, եւ պաշտպանական կառույցին լիովին վստահող քաղաքացիների թիվը 2017-ին 2013-ի համեմատությամբ գրեթե կրկնապատկել է: Բնականաբար, այդ պատկերը շատ է տխրեցնում, ինչպես հակառակորդին, այնպես էլ այն արտաքին ուժերին, որոնք ձգտում են Հայաստանը ռազմական առումով խոցելի տեսնել եւ մանիպուլյացիայի ենթարկել մեր արտաքին քաղաքականությունը: Դա արտահայտվեց նրանով, որ լրատվական-քարոզչական դաշտում հակաբանակային զազրելի քարոզչությունն այս տարի նոր ուժով վերաբորբոքվեց: Դա կարելի է բաժանել երկու մասի: Առաջինը` բուն հակաբանակային քարոզչությունը, երկրորդը` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անձը վարկաբեկելու եւ դրանով իսկ Ազգ-բանակ հայեցակարգի նկատմամբ վստահությունը նվազեցնելու նպատակով: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա աշնանը, երբ «գիտության զարգացման» պատրվակով որոշ ուսանողական ակտիվիստներ փորձում էին պայքարել տարկետման պահպանման համար, բացահայտվեց, որ դրսից, այդ թվում եւ տխրահռչակ Սորոսից տրամադրվել են դրամաշնորհներ հատուկ Ազգ-բանակ հայեցակարգի դեմ պայքարելու եւ դրա փոխարեն պացիֆիստական այլընտրանք առաջարկելու համար: Բնական է, որ ոչ մի տեղ չեն գոլորշացել ոչ այդ ծրագիրը, ոչ էլ դրան հատկացված գրանտները:

ԼԱՎՐՈՎԸ ԳԱԼԻՍ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ

Հենց դրա պատճառով ենք մենք տեսնում, թե ինչպես տարբեր տրամաչափ եւ ծագումնաբանություն ունեցող սաքունցները եւ նրանց սպասարկող լրատվական ռեսուրսները, իրենց պատռում են` փորձելով մի քանի թափթփուկ դասալիքների «իրավունքի» թմբակահարումով ներազդել հանրային կարծիքի վրա: Դա կրկին ու կրկին արդիական է դարձնում այն հարցը, որ մեր երկրում չափազանց բարձր է հանդուրժողականության աստիճանը հակապետական քարոզչության նկատմամբ: Մնում է հուսալ, որ ապրիլից հետո իշխանությունը վերջապես կզբաղվի նաեւ այդ խնդրով, եւ հակապետական քարոզչությամբ զբաղվողները վերջապես պատասխանատվության կենթարկվեն, ու նաեւ կդրսեւորվի բավարար կամք, որպեսզի դա չարգելափակվի ՀՀ-ԵՄ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների վկայակոչումներով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА