ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.01.2018 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ընթերցողը հավանաբար լավ կհիշի, թե անցյալ տարի ինչպիսի վրդովմունք էր առաջացել, երբ առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ առաջ էր քաշել հակածխախոտային շատ դաժան եւ ցանկացած տրամաբանությանը դեմ դրույթներով հագեցած օրենքի հարց: Այն ժամանակ, կարծես թե, հանրային կոնսենսուս էր գոյացել, որ այդ աստիճանի սահմանափակումներ չպետք է լինեին: Եվ ահա Առողջապահության նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ, որը նախորդ նախագծից բազմապատիկ ավելի այլանդակ է: Կարճ ասած` այնպես է սարքած, որ անխտիր բոլոր ծխողների կյանքը դարձնեն անտանելի, որ ծխել հնարավոր լինի միայն սեփական տանը եւ էլ ուրիշ ոչ մի տեղ, իսկ տուգանքները առաջին անգամ 250 հազար դրամ, երկրորդ անգամ` արդեն 500 հազար դրամ: Զարմանքով ընթերցելով այդ նախագիծը, գալիս ես եզրակացության, որ հեղինակը կամ հոգեկան առողջության հետ խնդիր ունի եւ պաթոլոգիկ սադիստ է, կամ էլ ստեղծում է իր համար փող կլպելու նոր ձեւ, քանզի ծխողների ջախջախիչ մեծամասնությունը անխուսափելիորեն դառնալու են օրինախախտ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ այդպես էլ չի հրաժարվում իր հեղափոխական ամբիցիաներից եւ զարմանալիորեն հայտարարում է հետեւյալը. «Մեր ծրագիրը լուրջ ծրագիր է, ապագային միտված ծրագիր է եւ մեր պետության իրական հզորացմանը միտված ծրագիր է: Մեր մեծն Րաֆֆիի խոսքերով է սկսվում, եւ մենք հավատում ենք մեր ծրագրի խոսքերի իրականացմանը եւ ամեն ինչ դիտարկում ենք այդ խոսքերի ներքո եւ ոչ թե սահմանափակվում ենք փոքր խնդիրների ներքո»: Բայց հանկարծ ընթերցողը թող չկարծի, որ ասելով մեծն Րաֆֆի` Զարուհի Փոստանջյանը նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին: Ոչ, նա նկատի ունի գրող Րաֆֆիին, քանզի հաստատ այնքան ողջամտություն ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չդարձնի պաշտամունքի առարկա:

Իսկ այժմ, թեեւ զարմանալի, բայց շատ հաճելի իրադարձության մասին: Ամերիկահայ ՄԱՅՔ ՍԱՐՅԱՆԸ մեր բանակին նվիրաբերեց բժշկական տեխնիկա եւ սարքավորումներ` ընդհանուր առմամբ 10 մլն դոլարի: Ընդ որում, դա շուրջ 100 միավոր նորագույն բժշկական տեխնիկա է, եւ այդ շքեղ նվերի հետ ծանոթանալու համար պաշտպանության նախարարը ժամանել էր ՊՆ դեղորայքի եւ բժշկական պարագաների կենտրոն: Ինչեւէ, կարելի է փաստել, որ մեր հայրենակից Մայք Սարյանը ոչ միայն հայրենասեր է, այլեւ շատ խելամիտ, քանզի գերադասելի համարեց ոչ թե գունար փոխանցել, այլ շատ կոնկրետ բան գնել եւ ուղարկել:

Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում ճանապարհային ոստիկանության աչքի գրողը դարձել են չնախատեսված վայրերում, ու առավել եւս խաչմերուկներում ավտոմեքենաները կանգնեցնող վարորդները: Այժմ այդպիսի կանգառի համար վարորդը տուգանվելու է 270 դոլարով: Եվ պարզվում է, որ զարմանալիորեն ամենուրեք անհարմարություն ստեղծող կայանումների պատճառը ՆԱՄԱԶՆ է, քանզի հենց գալիս է նամազի պահը, վարորդը ավտոմեքենան կայանում է ուր պատահի: Իսկ այժմ ճանապարհային ոստիկանությունը նրանց հորդորում է` կամ մզկիթ գնալ, կամ աղոթել բենզալցակայաններին կից կահավորված աղոթքի հատուկ սրահներում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА