ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբ Արմեն Սարգսյանը մեկնում էր բուժման, ես եմ նրան ուղեկցել օդանավակայան»

26.01.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Երբ Արմեն Սարգսյանը մեկնում էր բուժման, ես եմ նրան ուղեկցել օդանավակայան»

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, որը իշխող քաղաքական ուժի` ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու, 1996-97 թթ.-ին եղել է ՀՀ կառավարության ղեկավարը: Հենց Արմեն Սարգսյանի վարչապետ եղած շրջանում էլ (1995-1998 թթ.) տրանսպորտի եւ հաղորդակցության  նախարար եղել է ՀԵՆՐԻԿ ՔՈՉԻՆՅԱՆԸ: Նախկին նախարարը, որն այսօր Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս է, «Իրավունքի» հետ զրույցում պատմեց այդ տարիների, իր եւ Արմեն Սարգսյանի հարաբերությունների եւ այսօր տրանսպորտի ու հաղորդակցության ոլորտում առկա խնդիրների մասին:

Արտաշատի թատրոնը մարտի 29-ից նոր տնօրեն կունենա

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ ԷՐ ԼՈՒԾՈՒՄ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

–Պարոն Քոչինյան, քաջածանոթ լինելով Արմեն Սարգսյանի աշխատաոճին` ինչպե՞ս կգնահատեք այն, որ հենց նա ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու:

– Միանշանակ ասեմ` խիստ դրական: Արմեն Սարգսյանի հետ մենք ոչ միայն աշխատել ենք 1996-97 թվականներին, այլ, որպես կոլեգաներ, պոլիտեխնիկից, համալսարանից, միմյանց շատ վաղուց ճանաչում էինք` դեռեւս 1984 թվականից: Երկուսս էլ դասախոսել ենք: Այնպես որ, դրական կարծիք ունեմ եւ գտնում եմ, որ այն խնդիրները, որոնք ակնկալվում է, որ հանրապետության նախագահը պետք է կատարի, միանշանակ, նա կարող է շատ լավ կատարել:

– Արմեն Սարգսյանը ընդամենը մեկ տարի է կառավարել` որպես վարչապետ: Կհիշեցնե՞ք, թե մասնավորապես` այդ շրջանում ի՞նչ հաջողվեց անել կառավարությանը:

– Այդ շրջանն ընդամենը տեւեց 4 ամիս` հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, իսկ փետրվարին նա արդեն հեռացավ: Կոնկրետ մենք այդ շրջանում առնչվում էինք տրանսպորտի հետ կապված հարցերով, եւ նա բոլորովին նոր մոտեցումներ էր առաջ բերում` օրինակ, միջազգային փոխադրումներում ակտիվ մասնակցություն եւ  դերակատարություն ունենալու խնդիր էր դրել մեր նախարարության առջեւ: Այդ ժամանակ շատ ակտուալ էր այդ խնդիրը: Եվ այսօրվա նման հիշում եմ` թե ինքն ինչ ճիշտ էր ասում, որ պետք է մեծ բեռնատարողությամբ ավտոմոբիլային փոխադրումներ կազմակերպել Հայաստանում եւ պետք է ունենալ նման կառույցներ: Ցավոք սրտի, այն ժամանակ մի քիչ դանդաղեցինք, բայց հիմա արդեն կան այդպիսիք, որոնք լուրջ դերակատարություն ունեն, այն պարագայում, որ երկաթուղին մեզ մոտ սահմանափակված է: Ի դեպ, այն ժամանակ մենք մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանը բացեցինք: Կարեւորում եմ նաեւ, որ երբ նա եկավ, անմիջապես խնդիր բարձրացեց, որ պետք է ունենանք միջազգային ստանդարտներին համապատասխանող օդանավակայան: Նա շեշտում էր, որ Հայաստանից առաջին տպավորությունը մարդիկ ստանում են հենց օդանավակայանից, ինչո՞ւ այդ բոլոր գործողությունները, որոնք կատարվում են ժամանողների եւ մեկնողների հետ, ավելի ժամանակակից, ավելի քաղաքակիրթ չդարձնել, որպեսզի մարդիկ չհրմշտեն իրար, չկանգնեն ժամերով, ու այդ բոլորն արագ կատարվի: Իհարկե, չի կարելի սահմանել, որ 100 տոկոսով բացառեցինք այդ ամենը, բայց կատարվեցին գործողություններ, սահմանվեց հսկողություն, առանց որի, հազար ու մի բան կարող էր լինել:

«Արցախում մայիսի 9-ի համերգի համար ոչինչ մի′ խնայեք». Արմեն Ամիրյան

«ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ Է ԵՎ ՌՈՒՍԱՄԵՏ»

–Այսօր` երկար տարիներ անց, Արմեն Սարգսյանն արդեն որպես ՀՀ նախագահի թեկնածու, գալիս է Լոնդոնից: Որոշ շրջանակներ սա առավելություն են համարում, մյուսներն էլ խիստ մտահոգված են այս փաստով: Լավ ճանաչելով նրան` ըստ Ձեզ, Արմեն Սարգսյանն ի՞նչ կողմնորոշում ունի` ավելի արեւմտյա՞ն, թե՞ ռուսամետ:

– Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի պարագայում չի կարելի ասել, որ նա արեւմտամետ է, ռուսամետ է: Ըստ իս, ինքը շատ հավասարակշռված ե՛ւ արեւմտամետ է, ե՛ւ ռուսամետ, ինչը շատ կարեւոր է: Գիտեք, երկրի նախագահը կամ բարձր պաշտոնյան, չի կարելի ասել, որ միայն արեւմտամետ է կամ ռուսամետ: Խնդիր ունենք` բոլորի հետ անշահախնդիր ու արժանապատիվ աշխատելու, պետք չէ ոչ մեկի առաջ խոնարհվել, գնալ հլու-հնազանդ նրանցից մեկի կամ մյուսի ամեն ասած կատարել: Մենք պետք է այնքան խելոք լինենք, որ թե՛ այնտեղ, թե՛ այստեղ մեր երկրի շահերը կարողանանք հստակ ներկայացնել եւ պաշտպանել ու դրանից օգուտներ ունենանք: Հետեւաբար, պետք է բոլորի հետ աշխատել բարեկամ լինել: Այն, թե մեկին պետք է պոզահարենք, մյուսից էլ խռովենք, ես կողմնակից չեմ:

– Ի դեպ, այս օրերին տարբեր «լեգենդներ» էին հյուսվում, թե, ի վերջո, ինչո՞ւ Արմեն Սարգսյանը 1997 թվականին, ընդամենը մեկ տարի մնալով վարչապետ, հեռացավ երկրից: Այն ժամանակ ինչպե՞ս մեկնաբանվեց նրա կարճ կառավարումն ու հեռանալը:

– Հստակ պետք է ասեմ, որ այդ ամենը պայմանավորված էր նրա առողջական խնդիրներով: Վերջին անգամ, երբ Արմեն Սարգսյանը մեկնում էր բուժման, ես եմ ուղեկցել նրան օդանավակայան:

ՔՈՉԻՆՅԱՆ-ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՍԱՌԵԼ

–Դրանից հետո հարաբերությունները պահպանվե՞լ են Արմեն Սարգսյանի հետ, թե՞ վարչապետի պաշտոնից նրա հեռանալով` նաեւ ձեր հարաբերություններն են սառել:

– Ոչ-ոչ, հարաբերությունները բոլորովին չեն սառել: Երբ նա Հայաստանում է եղել` առիթի, հնարավորության դեպքում միշտ հանդիպել ենք ու եղել ենք շատ բարեկամական, ընկերական: 11 տարի է, որ իշխանության մեջ չեմ եւ նաեւ այդ հանդիպելու հնարավորությունը չկա: Բայց էլի եմ կրկնում` ցանկացած հանդիպում շատ ջերմ, մարդկային լավ հիշողություններով են եղել:

– Որպես նախկին տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար` այսօր այդ ոլորտում ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

Կլոր սեղան-ասուլիս. Լրանում է Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցը

– Իմ հետնորդները բա չեն նեղանա՞, որ ասեմ ... (ծիծաղում է, - հեղինակ):

– Ամեն դեպքում, ավագների խորհրդի կարիքը միշտ էլ կա, ինչո՞ւ պետք է նեղանան:

– Լավ կլիներ, որ եթե իրենք ավագների խորհրդի կարիք ունեն, իրենք դիմեն, եւ ոչ թե լրատվությամբ բարձրաձայնենք այդ մասին: Ճիշտ հասկացեք, խնդիրներ, իհարկե շատ-շատ կան ու այն ժամանակ էլ է եղել, հիմա էլ կա, ապագայում էլ կլինեն: Պետք է, պարզապես, նույնիսկ ամենադժվար լուծելի խնդիրը ճիշտ դնել, եւ անմիջապես կգտնվի լուծումը: Բայց եկեք լրատվությամբ չխոսենք այդ մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА