ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՏԱՐՕՐԻՆԱԿ ՉԷ, ՈՐ ՍԱՀԱՐԱՅՈՒՄ ՁՅՈՒՆ ՏԵՂԱՑ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՌԱԿ ՊԱՏԿԵՐՆ Է»

30.01.2018 22:30 ԵՂԱՆԱԿ
«ՏԱՐՕՐԻՆԱԿ ՉԷ, ՈՐ ՍԱՀԱՐԱՅՈՒՄ ՁՅՈՒՆ ՏԵՂԱՑ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՌԱԿ ՊԱՏԿԵՐՆ Է»

Տաք ձմեռը կշարունակվի՞, թե՞ փետրվարը հնարավոր է եղանակային նոր անակնկալներ մատուցի կամ հնարավո՞ր է, որ նման տաք ձմեռ այլեւս չտեսնենք, ինչպես այն կանդրադառնա հայաստանյան բնաշխարհի վրա: Այս բոլոր հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք կլիմայագետ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու ԱՐԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, ով նախ նկատեց.

Եղանակը Հայաստանում

Միանգամայն կարող են լինել այս տարվա նման կամ նույնիսկ՝ ավելի տաք ձմեռներ: Սակայն հստակ կանխատեսում ոչ ոք չի կարող անել: Ընդհանրապես պետք է տարբերակել եղանակն ու կլիման: Եղանակը բնութագրում է որոշակի վայրում կոնկրետ պահի, ամենաշատը` օրվա օդերեւութաբանական պայմանները: Կլիման բնութագրում է տվյալ վայրի միջինացված եղանակային ռեժիմը: Այդ բազմամյա միջինացումը կատարվում է ոչ պակաս, քան 10 տարվա կտրվածքով: Կանխատեսել որեւէ տարվա ձմեռային, կամ դրան հաջորդող սեզոնի եղանակ, անհնար է: Եվ դա ոչ թե գիտության անկատարության պատճառով է, այլ՝ եղանակի կանխատեսելիության բնական սահմանափակվածության: Գիտականորեն ապացուցված է, որ եղանակի կանխատեսելիությունը չի կարող գերազանցել 12-14 օրը: Հիդրոօդերեւութաբանական երեւույթի զարգացման պատճառահետեւանքային կապը, պատկերավոր ասած, «եղանակի հիշողությունը» սահմանափակված է 2 շաբաթով: Եթե որեւէ մեկը հայտարարի, որ առաջիկա սեզոնը կլինի միջինից տաք կամ՝ սառը, մի հավատացեք: Կարող է պատահականորեն զուգադիպություն տեղի ունենալ, սակայն դա կանխատեսում չէ: Եթե մթնոլորտի գլոբալ տաքացման ու որպես դրա հետեւանք` կլիմայի փոփոխության ընթացքը չկանխվի, ապա ոչ միայն տաք ձմեռները կհաճախանան, այլ նաւ՝ ամառային շոգերը կսաստկանան ու ավելի երկար ժամանակահատված կընդգրկեն:

- Կոնկրետ Հայաստանի բնաշխարհին որքանո՞վ է համահունչ ներկայիս եղանակային փոփոխությունները:

- Նման եղանակային պայմաններ երբեմն տեղի են ունեցել նաեւ անցյալում: Սակայն դրանց հաճախականությունն ու տեւականությունը ակնհայտորեն փոխվել են, աճել են: Բնաշխարհում նկատելի են, օրինակ, հետեւյալ երեւույթները: Անտառի վերին սահմանը բարձրանում է ռելիեֆով դեպի վեր, իսկ ստորին սահմանում նկատվում է տափաստանային բուսականության ներխուժում անտառային գոտի: Գետերի հոսքը պակասում է, ու հոսքի ռեժիմը շեղվում է, գետերում ձկների ձվադրավայրերը տեղափոխվում են ավելի վեր՝ դեպի ակունքները եւ այլն:

-Այս տարի մեր երկրին բնորոշ կլիմայի նման որոշ երկրներում սաստիկ ձմեռ եղավ, իսկ մեզ մոտ` հակառակը, ինչո՞ւ:

- Մթնոլորտի ու օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը, այսինքն, արեգակնային էներգիայի ավելի շատ կուտակումը մի կողմից, միաժամանակ՝ օվկիանոսներից ջրի գոլորշացման ավելացումը՝ մյուս կողմից, հանգեցնում են նրան, որ այդ ավելացված էներգիան այս կամ այն կերպ պետք է պարպվի: Բնական է, որ մթնոլորտում ավելացած գոլորշիներից ավելի շատ տեղումներ են առաջանալու, ու գոլորշացման էներգիան պետք է վերադառնա բնական միջավայր (մթնոլորտ)՝ ավելի բարձր ինտենսիվությամբ ու քանակությամբ: Այդ բոլորը հանգեցնում է հիդրոօդերեւութաբանական երեւույթների սաստկացմանն ու արտահայտվում է կլիմայական համակարգի շեղմամբ իր բնական ռեժիմից: Այդ շեղումը դրսեւորվում է տարբեր ձեւերով, մասնավորապես՝ անբարենպաստ, վտանգավոր ու աղետալի երեւույթների հաճախացմամբ ու սաստկացմամբ: Այսինքն, գլոբալ տաքացման արդյունքում կլիմայական ռեժիմի շեղումները բնականորեն պետք է աճեն ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության մեջ: Ու բոլորովին տարօրինակ չէ, որ այս տարի Սահարայում ձյուն տեղաց, իսկ Հայաստանում հակառակ պատկերն է:

Ջերմաստիճանը կհասնի մինչև +17-ի. եղանակը Հայաստանում

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА