ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՀԱՍՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

31.01.2018 19:15 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՀԱՍՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

Մեր ընթերցողին քաջածանոթ Ստյոպիկ Սաֆարյանը, որն իրեն լուրջ փորձագետ եւ քաղաքագետ է համարում, Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախաձեռնել է ֆլեշ-մոբ «Թաղենք Լենինին» անունով: Ճիշտ է, հայ օգտատերերը ասում-խոսում են, ծիծաղում, զվարճանում, իրար դիմում «Լենինդ թաղեմ» մաղթանքով, բայց, ընդհանուր առմամբ, դա սազական կլիներ դեռահաս մեկին, բայց ոչ լուրջ մարդուն:

«ԸՆԿՆՈՂԻՆ ՀՐՈՒՄ ԵՆ» , ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԱԽՈՂԱԿԻ ԴԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

 

ՊԵՏԱԿԱՆԱԶՈՒՐԿ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ «ՇՈՐՇՈՓՆԵՐԸ»

Ստյոպիկ Սաֆարյանին թվում է, թե լուրջ քաղաքական ակցիա է անում, բայց ի՞նչ կապ կարող է ունենալ քաղաքականության հետ, թեկուզեւ դաշնակից, բայց այլ պետության մայրաքաղաքի դամբարանում գտնվող դիակի հարցը: Ճիշտ է, 100 տարի առաջ Վլադիմիր Լենինն անմիջապես ներազդում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, բայց այսօր նա մեզ հետ բացարձակ կապ չունի: Եվ բացառապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների գործն է` նրան դամբարանում են պահելու, թե` հուղարկավորելու են: Եվ դա անկախ նրանից, թե ինչպես է նրան վերաբերվում ՀՀ քաղաքացի Պողոսը, կամ Պետրոսը: Դա, այսպես ասած, պետական մտածողության այբուբենն է: Մինչդեռ, եթե վերհիշենք նույն Ստյոպիկ Սաֆարյանի կրակոտ քաղաքական ելույթները, ապա նա բավականին հաճախ է սիրում կրկնել «Ռուսաստանից կախվածությունից ձերբազատվելու» մասին: Բայց այդ մեծ-մեծ խոսողը, երեւի թե, հոգեբանորեն իր մայրաքաղաքը համարում է ոչ թե Երեւանը, այլ` Մոսկվան, եթե կարող է Լենինի մարմնին վերաբերող «քաղաքական ակցիա» նախաձեռնել: Եվ երբ պեղում  ես հայկական Ֆեյսբուքի խորքերը, ապա հայտնաբերում ես «Լենինին թաղելու» նախաձեռնության արմատները: Պարզվում է, ինչ-որ ժամանակ, ինչ-որ Մարկով, ում անունը հայտնի չէ նույն Ռուսաստանի լուրջ փորձագիտական շրջանակներին, ինչ-որ բան է բլթացրել Նժդեհի արձանի մասին, եւ «Լենինին թաղելը» իբր դրա պատասխանն է: Ծիծաղելի կլիներ, եթե քաղաքական տհասության այդ հիվանդությամբ վարակված չլիներ փորձագիտական հանրակցության բավականին զգալի մասը:

Բայց եթե պետականազուրկ մտածողություն կրելով հանդերձ, նույն Ստյոպիկ Սաֆարյանն այսօր պետական մեքենայի որոշումների վրա չի ազդում, քանզի նախկին պատգամավոր է, ապա նրա համեմատ ավելի տխուր է պետականազուրկ մտածողության առկայությունը կոնկրետ լծակներ ունեցողների մոտ: Այսպես, ԱԺ համապատասխան գլխադասային հանձնաժողովում ոմն փոխնախարար Թադեւոս Ավետիսյան (եթե ճիշտ եմ հիշում այդ բավականին մանր չինովնիկի առաջին անգամ լսած անուն-ազգանունը), ժխտում էր Աշխատանքային օրենսգրքում զոհված եւ հաշմանդամ զինծառայողների հարազատներին առավելություն տալու անհրաժեշտությունը` վկայակոչելով ինչ-որ «եվրապարտավորություններ» եւ արտաբերելով «խտրականություն» մոգական բառը: Եվրագրասենյակի օֆիսային պլանկտոնի, բայց ոչ պետական պաշտոնյայի վարքագիծ դրսեւորող այդ պարոնի վարվելակերպը հիշեցրեց 1980-ականների կարիերիստ-«կոմսոմոլներին», ովքեր էլ նույն տարբերակով սիրում են վկայակոչել «մարքսիզմ-լենինիզմի» եսիմինչը, կամ կուսակցական այս կամ այն համագումարի այս կամ այն դիրեկտիվները: Ուղեղների կառուցվածքը նույնն է` պետականազուրկ: Ու, ցավոք, այդպիսի չինովնիկներ բավականին շատ ունենք:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է ՁՄՌԱՆ ԿԵՍԻՆ

Մինչդեռ 21-րդ դարի դինամիկ միջավայրում մեր պետականությունն ունի բազում նոր մարտահրավերներ հաղթահարելու խնդիր, եւ 27 տարվա պետական կյանքի պայմաններում արդեն անհանդուրժելի է, որ քաղաքականությանն ու, առավելեւս, պետական որոշումներին առնչվող որեւէ մեկը շարունակի տառապել քաղաքական տհասության մանկական հիվանդությամբ:

 

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Թե ինչպիսին պետք է լինի մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքը, դրա վերաբերյալ կարեւոր խոսակցություն ծավալվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ ղեկավար կազմի վերջին հանդիպման ժամանակ: Պատահական չէ, որ նույն ԱԳՆ ղեկավար կազմի հետ ամանորյա հանդիպումից ընդամենը մեկ ամիս անց մեր երկրի ղեկավարը հարկ համարեց անցկացնել երկրորդ հանդիպումը: Այս անգամ ՀՀ նախագահը կենտրոնացավ արտաքին քաղաքականությունն արդյունավետ կառավարելու եւ կազմակերպելու հարցի վրա. «Արտաքին քաղաքականության արդյունավետ իրագործումը մեր երկրի համար ես համարում եմ նույնքան կենսական, որքան ներքին բարեփոխումները: Ավելին` մեր ներքին բարեփոխումների հաջող իրականացումը սերտորեն կապված է արտաքին քաղաքականության հետ: Այն կարեւոր է թե՛ բարեփոխումներին միջազգային աջակցության, թե՛ արտերկրում դրանք պատշաճ ներկայացնելու, թե՛ որոշ երկրների դրական փորձը ուսումնասիրելու, տեղայնացնելու եւ կիրառելու առումներով»:

Ինչ վերաբերում է միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրավորմանը, ապա. «Կարծում եմ, որ արդեն հասունացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու ժամանակը: Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում եւ հնչեցնում եմ հենց Արտաքին գործերի նախարարությունում: Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջավայրի հետ»: Իսկ արդի ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը առանձնացրել է հետեւյալը. «Ակնհայտ է, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում ավելանում են հակամարտությունների ու տարատեսակ ճգնաժամերի քանակը, հակասությունները անվտանգության ոլորտի տարբեր կազմակերպությունների միջեւ, կրոնական եւ էթնիկ անհանդուրժողականության միտումները»:

Ե՞ՐԲ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ

Այսինքն` մեր դիվանագիտության արդյունավետության բարձրացումը օր առաջ է անհրաժեշտ, ու նաեւ դա կարեւոր է դարձնում այն հարցը, թե ինչ որակի ու մտածողության կադրեր են լծված դիվանագիտական աշխատանքի: Իսկ դատելով նախկին դիվանագետներից ոչ քչերի քաղաքական ինֆանտիլիզմից` այդ վիճակն ամենեւին էլ մխիթարական չէ: Ավելին, նրանց մեջ գտնում ենք անգամ հակապետական մտածողության կրողների: Զորօրինակ, Դանիայում ՀՀ դեսպան Ալիկ Արզումանյանի կողմից ՀՀ-ին դատի տալը ոչ մի չափանիշի մեջ չի տեղավորվում: Ոչ մի չափանիշի մեջ չի տեղավորվում եւ մեկ այլ արտգործնախարար Վարդան Օսկանյանի երբեմնի բլթացրած «մտքի գոհարները»` զորօրինակ, «օկուպացված տարածքների» տեսքով, իսկ, որ երկու նախկին արտգործնախարարներ Օսկանյանն ու Արզումանյանը այս կամ այն դրվագով առնչվել են փողերի լվացման քրեական գործերի հետ, դա լրիվ տխուր մտորումների տեղիք է տալիս: Թերեւս ապրիլին վերջնական սահմանադրական անցումը կատարելուց հետո հրատապորեն ծառանա նաեւ այնպիսի խնդիրը, ինչպիսին պետական համակարգում առաջխաղացման չափանիշներն են, եւ շատ կարեւոր է, որպեսզի քաղաքական տհասությունն ու, առավել եւս, պետականազուրկ, կամ հակապետական մտածողությունը, կարիերայի առաջխաղացման անհաղթահարելի խոչընդոտ դիտարկվի: 27 տարվա անկախ պետականության համար, որն, առավել եւս, հիմնվում է 100 տարի առաջ պետականությունը վերականգնելու փաստի վրա, անթույլատրելի շռայլություն են տարատեսակ մանկական հիվանդությունները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА