ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՍՆՈՒ ԵՎ ԿՆՈՋ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ»

31.01.2018 21:15 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՍՆՈՒ ԵՎ ԿՆՈՋ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ»

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ  ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«Աֆրինում լուրջ, միջազգային բնույթի հանցագործություն է կատարվում»

 

–«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հիմնվելով ադրբեջանական  աղբյուրների  տեղեկատվության վրա, թե Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել, դիմել էր հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Արտաշես Գեղամյանին՝ հանձնաժողովում պարտադիր քննարկման առարկա դարձնել ռուսական զենքն Ադրբեջանին վաճառելու հարցը: Եվ, կարծես թե, հանձնաժողովի նախագահից մերժում չի ստացել: Ձեր կարծիքը: 

– «Ելք» դաշինքն ունի շատ հստակ ձեւավորված պատվեր, այն է` անընդհատ բզբզել, վատաբանել հայ-ռուսական հարաբերություններն ու, ընդհանրապես, քննադատել Հայաստանի արտաքին քաղաքական գիծը: Հակառակ դեպքում, «Ելքի» ներկայացուցիչները ու, մասնավորաբար, ձեր հիշատակած պատգամավորը,  պարտավոր է նախ դիմել այն 22 պետությունների հետ բարեկամական խմբերին, որոնցից Ադրբեջանը զենք-զինամթերք է ստանում: Ցավոք, Էդմոն Մարուքյանը շատ միակողմանի ու «նեղ մասնագիտացված»  է հակառուսական գործունեության ծավալման մեջ: Հաջորդը, իհարկե, մենք բոլորս կուզենայինք, որ Ադրբեջանը չստանար զենք թե՛ Ռուսաստանից, թե՛  ընդհանրապես ցանկացած մի երկրից: Բայց այս խնդիրը լուծելու համար մենք նախ պետք է հասկանանք, թե ինչի՞ հաշվին է Ադրբեջանը ձեռք բերում  այդ մեծաքանակ զենքը: Ակնհայտ է, որ այս երկիրը զենք ձեռք է բերում իր նավթադոլարների հաշվին: Առաջ է գալիս մյուս հարցը, իսկ որտեղի՞ց նրան այդ նավթադոլարները, պատասխանը հստակ է` ամերիկյան, բրիտանական, թուրքական, իսրայելական եւ այլ պետությունների ընկերություններ Ադրբեջանի տնտեսության մեջ արդեն իսկ ներդրել են շուրջ 40 մլրդ դոլար: Վերջերս կնքվեց հերթական  պայմանագիրը` եւս 30 մլրդ դոլար ներդրումներ անելու համար: Ահա այստեղ է «թաքնված» Ադրբեջանի զենքի ձեռքբերման ակունքները: Հետեւաբար, Էդմոն Մարուքյանն ու իր նմանները պետք է հասկանան, հարցը ոչ թե այն է, թե Ադրբեջանը որտեղի՞ց է գնում զենք, այլ այն, թե ի՞նչ փողով է գնում,  որտեղի՞ց է գալիս այդ փողը: Եվ ուրեմն, առաջին հերթին պետք է դիմեն ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, թե ինչո՞ւ են նրանց ընկերությունները նման մեծ ներդրումներ անում Ադրբեջանում, նախ ՀՀ ԱԺ հայ-բրիտանական բարեկամության խմբում պետք է հարց բարձրացնել, թե ինչո՞ւ է բրիտանական British Petroleum-ը Ադրբեջանի կասպյան հանքավայրերում այդչափ մեծ ներդրումներ կատարում, ինչո՞ւ է այնտեղ հսկայական նավթադոլարներ ձեւավորում ու Ադրբեջանի պես երկրին հնարավորություն տալիս շատ հեշտությամբ մեծ քանակի զենք գնել ցանկացած երկրից:  Սրանից հետո նոր այս հարցը պետք է քննարկել այն 22 երկրների հետ ստեղծված բարեկամական հանձնաժողովներում ու խմբերում, թե ինչո՞ւ են նրանք զենք վաճառում Ադրբեջանին:  Բազմիցս է ասվել, եթե Ադրբեջանը  Ռուսաստանից չգնի, միեւնույնն է, այդ 22 երկրներից է գնելու:

«Ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ ՌԴ-ն չկարողացան պատշաճ կերպով ազդել Թուրքիայի վրա»

– Այդ դեպքում, ի՞նչ անել, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին:

– Եթե մենք ասում ենք, բա ինչպե՞ս անենք, որ Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, նույն կերպ կարող են ասել` ի՞նչ ենք անելու, եթե Ռուսաստանը զենք չվաճառի հակամարտության կողմերին, այսինքն` նաեւ Հայաստանին: Մենք մոռանում ենք մի շատ կարեւոր հանգամանք, ի տարբերություն այլ պետությունների, Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում ինքնարժեքով: Աշխարհում Ռուսաստանն այն միակ պետությունն է, որը միայն  Հայաստանին է ինքնարժեքով զենք վաճառում: Ուրեմն, մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ չենք կարող սահմանափակել Ռուսաստանի քայլերը եւ ասել` թե նա ո՞ւմ վաճառի կամ ո՞ւմ չվաճառի: Այն, որ Ռուսաստանը մեզ զենք է տալիս ինքնարժեքով, սա արդեն մեծ ձեռքբերում է: Բացի ինքնարժեքով զենք ձեռք բերելուց, Ռուսաստանը Հայաստանին նաեւ վարկ է տալիս, ըստ էության, այս պահին մենք գումար էլ չենք վճարում, բայց ստանում ենք ժամանակակից զենք: Սա փաստում է այն, որ մենք Ռուսաստանից արտոնյալ պայմաններով ենք զենք ստանում: Մեզ մոտ ռազմավարական գործընկերություն ասելով` չգիտես ինչու, հասկանում են մարդ ու կնոջ հարաբերություններ: Ծիծաղելի է: Ռազմավարական գործընկեր հարաբերությունները ձեւավորված են պայմանագրերով, ու եթե որեւէ պայմանագրում գրված լիներ, որ, օրինակ, Ռուսաստանը Ադրբեջանին իրավունք չունի զենք վաճառելու, մենք, իհարկե, կարող էինք ասել, որ ՌԴ-ն խախտել է մեր պայմանագրերը, հետեւաբար, արժե այս հարցը բարձրացնել: Բայց հայ-ռուսական որեւէ պայմանագրում գրված չէ, որ ՌԴ-ն Հայաստանի հետ ռազմավարական գործընկերություն անելով, պետք է, ասենք, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հակամարտության մեջ մտնի, կամ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառի: Կրկնում եմ, շատ ցանկալի կլիներ, ավելին, երազել կարելի է, որ Ադրբեջանը ոչ միայն Ռուսաստանից, այլ ընդհանրապես որեւէ երկրից չկարողանար զենք գնել: Բայց դրա համար նախ պետք է ՄԱԿ-ը համապատասխան բանաձեւ ընդունի ու Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառի: Բայց եթե ՄԱԿ-ը նման բանաձեւ չունի, ապա մեզ համար դժվար է հասնել այս կամ այն երկրի, այդ թվում` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը դադարեցնելուն:

Իսկ նման պահանջ դնել միակ երկրի առաջ, որը զենքի մատակարարման առումով Հայաստանի համար անում է առավելագույնը, ու պահանջել, որ ՌԴ-ն մեր ցուցումով առեւտուր անի այս կամ այն երկրի հետ, կարծես թե, առողջ տրամաբանությունից դուրս է: Ի դեպ, ՌԴ-ն էլ մեր` այլ պետությունների հետ շփումներում սահմանափակումներ չի կարող մտցնել, թեեւ, կարծում եմ, նրանք ոգեւորված չեն իրենց թշնամի ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունից: Այնպես որ, «Ելք»-ից հնչած այդ  առաջարկը  ես համարում եմ ոչ նպատակահարմար: 

Պատեհ պատմական առիթ` կրկին քաղաքակրթությունների խաչմերուկ դառնալու

– Ամեն դեպքում, մեզ ի՞նչ կարող է տալ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում նման քննարկման կազմակերպումը:

– Պետք է հասկանանք` ի՞նչ կարող է այն մեզ տալ, մենք կարո՞ղ ենք այլ երկրներին պարտադրել, ասել` այս երկրին մի վաճառիր, մյուսին` վաճառիր: Իհարկե, հուզական առումով, հասկանալի է հարցի քննարկումը այնքանով, որ մեր մտահոգությունը բարձրաձայնենք: Բայց նման քննարկումը չէ Էդմոն Մարուքյանի ու նրա գաղափարակիցների համար էականը, քանի որ նրանց նպատակն այլ է: Իսկ ի՞նչ կոնկրետ արդյունքի կարող է բերել այսպիսի քննարկումը...Գուցե դրանից հետո պահանջելու են խզե՞լ մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ. այլեւս զենք չստանա՞լ ՌԴ-ից, չստանա՞լ այն օգնությունը, որ ՌԴ-ն տրամադրում է մեր սահմանները պաշտպանելու համար, կամ պահանջելու են, որ հայ սպաները անվճար չսովորե՞ն ռուսական բարձրագույն զինվորական հաստատություններում, գուցե պահանջվի  խզե՞լ հայ-ռուսական պայմանագիրն այն մասով, որ եթե մեր վրա հարձակում լինի, ՌԴ-ն պարտավոր է պաշտպանել մեր երկիրը: Եթե Մարուքյանը սա է առաջարկելու քննարկման ավարտին, ապա կխնդրեի նաեւ, որ Մարուքյանն ու իր նմանները Հայաստանի պաշտպանության իրենց ամերիկամետ տարբերակներն առաջարկեին` պատասխանելով նախ հետեւյալ դիտարկմանը: ԱՄՆ-ը քրդերին զինեց, ոգեւորեց, դրդեց դեպի անկախ պետություն ձեւավորելուն, հետո իր բնավորության համաձայն` մանրադրամի տեղ դրեց, «քցեց» նրանց ու թույլ տվեց, որ Թուրքիայի զինուժը մտնի այլ երկրի տարածք: Իսկ թուրքական զինուժը ՆԱՏՕ-ն է, ուր ԱՄՆ-ն ունի իր վճռորոշ ձայնը, փաստորեն, ԱՄՆ-ը թույլ տվեց, որ իր դաշնակից քրդերին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ըստ էության, ցեղասպանության ենթարկի: Եթե Մարուքյանն այս ճանապարհն է տեսնում մեզ համար, ապա ես նրա հետ քննարկելու որեւէ բան չունեմ: Իսկ այլ տարբերակ «Ելքի» պատգամավորը մեզ չի առաջարկում ու չի էլ կարող առաջարկել, որովհետեւ իր խնդիրը ոչ թե իսկապես տարբերակներ գտնելն է, այլ   վարկաբեկել հայ-ռուսական հարաբերություններն ու սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի` իրական դաշնակից երկրների միջեւ:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА