ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է վճռականորեն պայքարել օլիգարխիա կոչվող հիվանդության դեմ». Ն. Գալստյան (Տեսանյութ)

31.01.2018 23:48 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պետք է վճռականորեն պայքարել օլիգարխիա կոչվող հիվանդության դեմ». Ն. Գալստյան (Տեսանյութ)

Օրերս կայացած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 130-ամյակի տոնակատարության եւ ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության 11-րդ համագումարի բացման արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, ՍԴՀԿ հայաստանյան վարչության այլեւս նախկին ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

Արմեն Մարտիրոսյանն ընտրվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

«ԼՐՋԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻՆ ԿՆԱԽԱՆՁԵԻՆ…»

«Հայ ժողովրդի անդավաճան զավակ, տասնյակ տարիների ընթացքում իր լավագույն ընկերներին հայրենիքի համար մղվող պայքարի զոհասեղանին նվիրած, մեր իրականության առաջին` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, չնայած այն տարիներին հետապնդող տերորներին, դավաճանություններին, բանտերին ու աքսորներին՝ բոլորեց իր 130-րդ տարին», - այսպես սկսեց իր խոսքը ընկեր Նարեկն ու ընդգծեց, որ սա մի տարիք է` քաղաքական, մարտական մի լրջագույն կենսագրություն, որին կնախանձեին աշխարհի քաղաքական քարտեզի վրա գոյություն ունեցող տասնյակ երկրներ:

Ն. Գալստյանն ընդգծեց, որ Հնչակյան կուսակցությունը ոչ միայն աշխարհի ամենահին քաղաքական կազմակերպություններից է, որից առանց բացառության սերում են հայ եւ նաեւ օտար բազմաթիվ կուսակցություններ ու քաղաքական միություններ, այլեւ վստահորեն կարելի է փաստել, եւ դա պատմական անբեկանելի իրադարձություն է, որ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Հայաստանի հարեւան երկրների մեծ մասում գործող ձախակողմյան կուսակցությունների 90 տոկոսը իրենց առաջին քայլերն են արել Հնչակյան կուսակցության այդ օրերի գործիչներից եւ գաղափարական համոզմունքներից դրդված. «Ավելին` Օսմանյան կայսրության եւ ժամանակակից Թուրքիայի մեջ առաջին անգամ ընդհանրապես ազգային-ընկերվարական հայացքներ է քարոզել հենց մայր կուսակցությունը, որի լավագույն զավակներից Փարամազի նկարը կախված է բոլոր առաջադեմ թուրք, քուրդ, ալալուի, ասորի եւ Թուրքիայի այլ ազգային փոքրամասնությունների մտավորականների գրասենյակներում` իբրեւ նոր խոսքի, ազատ ու հավասար միջավայրում ապրելու գաղափարախոսության հիմնադիր: 19-րդ դարի 80-ական թվականներից սկսյալ չի եղել հայ ժողովրդի համար կենսական, պատմական գեթ մեկ իրադարձություն, անգամ մեկ դրվագ, որում իր գործուն եւ անձնազոհ մասնակցությունը չունենար Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը»:

«Գենոցիդն ինչու մերժվեց…». Ռուզան Ասատրյան

«ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԽՈՍՔՆ ԱՍԵԼ Է ՍԱՍՈՒՆՈՒՄ ԵՎ ԶԵՅԹՈՒՆՈՒՄ»

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը հիշեցրեց, որ Հնչակյան կուսակցությունն իր խոսքն ասել է Սասունում եւ Զեյթունում, Հաճնում ու Մուսա լեռում եւ շեշտեց, որ Սարդարապետի 100-ամյակի օրերին ընդառաջ՝ արժանին պետք է մատուցել հայ ժողովրդի այդ լավագույն զավակների հետ միասին օրհասական մարտի բռնկված հնչակյան ջոկատներին, Առաջին աշխարհամարտի կովկասյան ճակատի ամենաթեժ տեղերում պայքարած վեցերորդ կամավորական գնդի մարտիկներին, Կիլիկիայի ֆրանսիական զորքերի հետ օսմանցիների դեմ կռված հայկական լեգեոնի կորիզ հանդիսացող հնչակյան զինվորներին, Հայոց ցեղասպանությունը  մարգարեաբար կանխորոշած եւ բոլոր ժամանակների մեծագույն ողբերգությունը կանխելու համար կախաղան բարձրացված  կուսակցության 20 ղեկավարներին, Երկրորդ աշխարահամարտի օրերին բազմաթիվ երկրներում զինվորագրված ընդհատակյա պարտիզանական պայքարին միացած եւ ֆաշիզմի դեմ հաղթանակում իրենց լուման ունեցած գաղափարի ընկերներին եւ վերջապես՝ Արցախում 90-ականներին ու ապրիլին մարտնչած «Փարամազ» եւ «Մեծն Մուրադ» ջոկատի երդվյալներին:

«Հնչակյան կուսակցությունը հայ ժողովրդի անդավաճան մասն է, օրհասական վտանգների նեցուկը, որն անկախ ներքին քաղաքական բազմաթիվ տարաձայնություններից եւ այդ օրվա իրավիճակից, երբեք չի զլացել մի կողմ դնել ցանկացած ներքին հարց եւ անմնացորդ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը», - ասաց Ն. Գալստյանը:

«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ԼԻՆԵԼ ԷԼ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ»

Հնչակյան կուսակցության ներկայացուցիչը նաեւ հավելեց, որ իրենց կուսակցությունը սոցիալական արդարությանը հավատացող, վայրի կապիտալիզմին, մարդու կողմից մարդու շահագործմանը վճռական դեմ ազգային-ընկերվարական կազմակերպություն է եւ երբեք ու ոչ մի քայլ հետ չի դրել եւ հետ չի դնելու իր համոզմունքներից. «Մենք հավատացած ենք, որ Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի կուժեղանա, էլ ավելի կենսունակ կլինի, համաչափ կարձագանքի թե՛ թշնամիներին, թե՛ տարածշրջանային այլ մարտահրավերներին, երբ ունենա կրթված, գիտակից, սոցիալապես պաշտպանված քաղաքացի, որն իրագործելու համար մենք պատրաստ ենք նորագույն պատմության այս փուլում լինել էլ ավելի վճռական, էլ ավելի կազմակերպված ու մի քանի անգամ ավելի հավակնոտ մեր ծրագրերում»:

«Ելք» -ն էլի անցյալը մոռացել ու սկսել է ըմբռնումով մոտենալ «Ծառուկյան» դաշինքին

ՍԴՀԿ հայաստանյան վարչության այլեւս նախկին ատենապետը փաստեց, որ իրենք չեն կարող չընդունել, որ այսօր հայ իրականության ամենահին քաղաքական կուսակցության ծրագրերը, գաղափարական համոզմունքներն այնքան էլ ծանոթ չեն Հայաստանի քաղաքացիներին. «Եվ այստեղ բացարձակապես պետք չէ կարծել, թե գաղափարախոսությունները եւ հավատամքները ժամանակակից քաղաքական կյանքում գործիքակազմ չեն եւ միակ գործիքակազմը փողն է: Ոչ եւ եւս մեկ անգամ՝ ոչ: Եթե մեզ չեն ճանաչում կամ ճանաչում են ու չեն վստահում, ապա այստեղ միայն ու միայն մեր մեղքն է: Եվ կուսակցության Հայաստանի կազմակերպության հաջորդ վարչությունը, որը կձեւավորվի առաջիկա փակ աշխատանքային խորհրդակցություններից հետո, մեծագույն առաքելություն ունի Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ներկայացնել, այո՛, քարոզել մեր գաղափարները, արդար ու ուժեղ պետություն ունենալու մեր տեսլականը»:

Ն. Գալստյանը հիշեցչեց, որ մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը չկար մի քաղաք կամ մի գյուղ, որտեղ Հնչակյան կուսակցությունը չունենար իր հզոր համակիրների շրջանակը կամ մասնաճյուղը. «Ուրեմն՝ առաջիկա երկու տարիները սեւագործ աշխատանքի, երբեմնի ունեցած փառքը վերականգնելու ու քաղաքական ազդու կազմակերպության վերածվելու ժամանակ պետք է դառնա: Որքան էլ մենք հպարտանանք մեր մաքրամաքուր պատմությամբ, ես հավատացած եմ, որ մայր կուսակցությունը դեռ չի հնչեցրել հայ ժողովրդի պատմության մեջ իր ամենակարեւոր խոսքը: Ուրեմն՝ այլեւս պետք է կրենք այդ պատմական առաքելությունը, որ մեզ վրա է դրվել սերունդների կողմից»:

Առանձնատուն կտրվի երեւանցի՞, թե՞ մարտունեցի պաշտոնյաներին

Նա հպարտությամբ նաեւ ընդգծեց, որ իրենց շարքերն օր օրի ավելի ու ավելի են ընդլայնվում երիտասարդներով, ինչը որքան ուրախալի, այնքան էլ պարտավորեցնող է:

«Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը նկատեց, որ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 130-ամյակի եւ 11-րդ համագումարի այս օրերը համընկնում են մեր երկրի համար բավական բախտորոշ ժամանակաշրջանի հետ. «Կարճ ժամանակ հետո մենք անցնում ենք խորհրդարանական կառավարման, որին իր ժամանակին կողմ ենք արտահայտվել նաեւ մենք: Սա լավագույն առիթն է պայքարելու բոլոր այն արատների դեմ, որոնք կան մեր պետական կառավարման համակարգում: Նոր Սահմանադրությունը, կառավարման նոր ձեւը այդ հնարավորությունը տալիս է: Միայն անհրաժեշտ է քաղաքական կամք: Չափորոշիչը հստակ է՝ ՀՀ քաղաքացին պետք է իրեն զգա ապահով, պահանջված ու արժանապատիվ: Անհրաժեշտ է կասեցնել արտագաղթը, մտածել հեռացածներին տուն բերելու գործուն մեխանիզմների մասին: Պետք է վճռականորեն պայքարել օլիգարխիա կոչվող հիվանդության դեմ, որով ախտահարված է այսօր մեր պետությունը»:

Ըստ Ն. Գալստյանի, այսօրվա հայաստանյան օլիգարխը ավատատեր է, շահագործող, մինչդեռ հավասար մեկնարկային պայմաններ պետք է լինեն  բոլորի համար, ամենահարուստ մարդուց մինչեւ վերջին հովիվը պետք է հավասար լինեն ՀՀ օրենքների առջեւ. «Սրանում մենք հավատացած ենք, սրա համար է, որ 130 տարի առաջ ստեղծվեց Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյյան կուսակցությունը: Մենք դասակարգային պայքարի կոչ, բացարձակապես, չենք անում, եւ չենք ասում, որ երկրում չպետք է լինեն հարուստներ: Հակառակը՝ հավատացած ենք, որ պետք է խրախուսել աշխատատեղ ստեղծող մարդուն, բայց երբ աշխատատեղեր ստեղծելը վեր է ածվում շահագործման եւ չեն հարգվում աշխատավորի տարրական իրավունքները, այստեղ բոլորս միասին մեծագույն խնդիր ունենք: Ու այդ անհավասարոթյան ճչացող, աչք ծակող երեւույթներն են, որ, ցավոք, հանգեցնում են ժամանակ առ ժամանակ ծայրահեղականությունների եւ մարգինալիզմի դրսեւորման:  Մենք մեզ չպետք է խաբենք: Ի՞նչ է ուզում մեր ժողովուրդը, միայն արդարություն. արդարություն՝ աշխատանքի ընդունման ժամանակ, արդարություն՝ երեխային դպրոց տանելիս, արդարություն՝ պետական ցանկացած հիմնարկի հետ շփումներում, հարաբերություններ, որոնք կարգավորվում են բացառապես օրենքով, այլ ոչ թե ավելի նյութական դրդապատճառներով»:

Փաշինյանն իրեն պոտենցիալ թեկնածու է զգում

Ն. Գալստյանի կարծիքով՝ պետությունը պարտավոր է երիտասարդության համար պատվեր իջեցնել, խրախուսել, գովազդել երիտասարդի այն վարքուկանոնը, որը կարող է նպաստել ուժեղ եւ ներքին մեծ ներուժ ունեցող հասարակության կառուցմանը, հակառակ պարագայում՝ կունենաք մի այնպիսի սերունդ, որտեղ գործում են գայլային օրենքներ. «Լոզունգներիդ դեպի ռեալ իրականություն վերադառնալու ժամանակն է, միասին աշխատելու ժամանակը՝ անկախ քաղաքական գույնից եւ հավակնություններից», - շեշտեց ՍԴՀԿ-ականը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА