ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՐԱՄՓԻ ԲՐԵԺՆԵՎԱՑՈՒՄԸ

02.02.2018 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԹՐԱՄՓԻ ԲՐԵԺՆԵՎԱՑՈՒՄԸ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ ինքն իրեն դրեց ծիծաղելի վիճակում: Այսպես, նախօրեին Կոնգրեսում ավարտելով մեկ տարվա գործունեության հետ կապված զեկույցը, Թրամփը մոտ 6 րոպե հոտնկայս ծափահարում էր ինքն իրեն: Նրան չկանգնեցրեց այն, որ Դեմոկրատական կուսակցության կոնգրեսականները ծափահարությունների կեսից սկսեցին լքել դահլիճը: Անգամ այն, որ յուրայիններից՝ հանրապետականներից շատերը մի քանի անգամ նստեցին, սակայն զգուշանալով անցանկալիների շարքերը համալրելուց, կրկին վեր կացան՝ ծափահարությունները շարունակելու:

«Ամո՛թ քեզ». Ֆլորիդայի դպրոցում հրաձգության դեպքից փրկված աշակերտուհին՝ Թրամփին

 

ԱՄՆ-Ն ԳՆՈՒՄ Է ԽՍՀՄ-Ի ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Ասել, թե նման բուռն եւ երկարատեւ ծափահարությունները մեր հատկապես ավագ սերնդի քաղաքացիների համար նորություն է, սխալ կլինի: Ժամանակին նման բաներ տեսել ենք, երբ դահլիճը բուռն ծափերով էր ընդունում «թանկագին Լեոնիդ Իլյիչի» ամեն մի ելույթը: Բայց չէ, անգամ բրեժնեւյան ժամանակներում երկու-երեք րոպեն առավելագույնն էր, ու հիմա Դոնալդ Ֆրեդովիչը ծափահարությունների հարցով հասավ այնպիսի բարձունքների, որ Լեոնիդ Իլյիչը միայն կերազեր: Իհարկե, եթե բանը միայն ծափահարությունները լինեին, էլի ամերիկացիները մի կերպ կդիմանային: Բայց խնդիրն այն է, որ Թրամփի բրեժնեւացումն ամենեւին էլ միայն բուռն ու երկարատեւ ծափահարություններով չէ, որ դրսեւորվում է: Ավելին ասենք, հարցը միայն Թրամփը չէ. բրեժնեւացման տարրեր նկատվում էին ԱՄՆ վերջին մի քանի նախագահների մոտ՝ այն պետական վերնախավից տարածվելով դեպի ներքեւները: Նկատի ունենք, որ  հենց վերջին երկու-երեք նախագահների օրոք է, որ Միացյալ Նահանգներում կենսակերպ դարձավ ԽՍՀՄ-ին յուրահատուկ այն մի քանի վատթարագույն հատկանիշները, որոնք, ի վերջո, հանգեցրին պետության կործանմանը: Այդ թվում, համատարած կոռուպցիան, պետական միջոցների համատարած վատնումները եւ այդպես շարունակ: Ավագ սերնդի մարդկանցից ո՞վ չի հիշի, թե ինչպես էր ժամանակին ԽՍՀՄ-ն հսկայական փողեր ծախսում աշխարհի ամենամոռացված ծայրերում սոցիալիզմի գաղափարախոսությունը տարածելու համար: Դրա տիպիկ օրինակը չէ՞, որ մեր օրերում ԱՄՆ-ն էլ ամենուր «դեմոկրատիա» է տարածում: Քանի՞ նման օրինակ բերենք...

Ու հիմա, Թրամփի օրոք պարզապես ԱՄՆ-ի «խորհրդայնացումը» հասնում է գագաթնակետին, արդեն գորբաչովյան ժամանակների իրողություններն են նկատվում: Այդ թվում, երկրի ներսում բոլորն իրար են ուտում, արտաքին հեղինակությունն ընկել է «պլինթուսից ներքեւ», իսկ արժույթի կշիռը մի կերպ ուժային մեթոդներով են փորձում պահել: Դրա վառ օրինակը դարձավ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի սկանդալային որոշումը, որի հետ կապված ՄԱԿ-ում ԱՄՆ-ին աջակցություն ցույց տվեցին միայն վերջինիս կողմից ֆինանսավորվող մի քանի կղզի-պետություններ ու մեկ էլ՝ Իսրայելը: Ու հիմա էլ, իր վեցրոպեանոց ինքնածափահարությանը զուգահեռ, Թրամփը դրանից ավելի ծանր փաստի առաջ է կանգնել: Խոսքը ՌԴ-ի նկատմամբ հերթական պատժամիջոցների՝ 210 մարդու անուն կրող «սեւ ցուցակի» մասին է, որը օրերս ներկայացրեց Վաշինգտոնը: Մինչդեռ այս անգամ արդեն, կարծես թե, նույնիսկ Իսրայելն ԱՄՆ-ի աջակիցների թվում չէր: Եվ չմոռանանք, որ ժամանակին Օբաման, տալով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մեկնարկը, վստահեցնում էր, թե դրա հիմնական նպատակը Մոսկվային աշխարհից մեկուսացնելն է: Իսկ ո՞վ այդ պատժամիջոցների արդյունքում մեկուսացավ...

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը չինացիներից խլել է Թրամփի միջուկային ճամպրուկը

Կարճ ասած` այն, որ ԱՄՆ-ն ակտիվորեն գնում է ԽՍՀՄ-ի ճանաապարհով, ակնհայտ է: Ու թե դա ինչի կհասցնի, թերեւս արդեն այս տարվա ընթացքում կսկսի տեսանելի դառնալ:

 

ԱՄՆ-ԻՆ ԻՆՉ ՏՎԵՑ «ԿՐԵՄԼՅԱՆ ՑՈՒՑԱԿԸ»

Բայց վերադառնանք ԱՄՆ-ի այս «կրեմլյան ցուցակին»: Թե ինչ է սրանով ուզում ասել Վաշինգտոնը, դեռ հասկանալ է պետք: Սակայն մեկ բան այս պահին էլ է ակնհայտ, այն չի կարող լինել զուտ տնտեսական պատժամիջոցի գործիք: Ավելին, եթե նման ցուցակում ներառվում է Ռուսաստանի կարգի պետության ողջ իշխանական վերնախավը՝ վարչապետի գլխավորությամբ, այն հազիվ թե որեւէ լուրջ մարդ համարի պատժամիջոցային: Համենայնդեպս, այդ է վկայում փաստը, որ ցուցակի հրապարակվելուն պես Եվրոպայից շտապեցին հավաստիացնել, դրան չեն միանում: Իսկ ահա Գերմանիան պաշտոնապես թույլատրեց իր ջրային տարածքներում իրականացնել «Հյուսիսային հոսք» գազատարի շինարարությունը, թեեւ մի կողմից` ցուցակում է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի անունը, մյուս կողմից` օրերս էր պետքարտուղար Թիլերսոնը հերթական անգամ հայտարարել, թե՝ ԱՄՆ-ը դեմ է այդ գազատարին: Ինչպե՞ս կվարվեր Եվրոպան, եթե ցուցակում այլ անուններ լինեին. դա արդեն ենթադրության դաշտում է: Իսկ փաստն այն է, որ ԱՄՆ-ն ներկայացրեց մի այնպիսի ցուցակ, որին Եվրոպան, էն գլխից էլ էր պարզ, որ չի միանալու, ինչը խոստանում է էլ ավելի խորացնել Հին եւ Նոր աշխարհների միջեւ առանց այդ էլ առկա անդունդը: Վերջապես, մինչ այդ կար կարծիք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունների շեմին նման ցուցակ ներկայացնելու իմաստը ռուս օլիգարխներին Պուտինի դեմ հանելն է: Մինչդեռ փաստն այն է, որ ներկայացվեց ցուցակ, որում ներառված 210 մարդուց 209-ը հաստատ Պուտինի դեմ չեն ելնի, 1-ն էլ՝ հազիվ թե: Ավելին, ռուսական շատ պաշտոնյաներ եւ օլիգարխներ անկեղծորեն տխրել են, որ իրենց անունն էլ այդ ցուցակում չկա, իսկ Պուտինը՝ «վիրավորվել է»:

Այսպիսով, Վաշինգտոնում չէի՞ն հաշվարկել, որ նման ցուցակով, ՌԴ-ին վնասելու փոխարեն, իրենք իրենց են հարվածում. մի կողմից, նորից մնում են մենակ, մյուս կողմից` սրվում են հակասությունները հին դաշնակիցների հետ: Ասել, թե նման հեռանկարը Վաշինգտոնում հաշվարկված չէր, միամտություն կլիներ: Եվ այստեղ մեկ ուշագրավ հանգամանք եւս հաշվի առնենք: Կան միանգամայն լուրջ վկայություններ, որ բոլորովին այլ ցուցակ էր նախապատրաստված: Բայց վերջին պահին, ըստ աղբյուրի, ինչ-որ հույժ ազդեցիկ պաշտոնյա հինը ջնջել եւ, ինչպես շատերն են կատակում, կրեմլյան հեռախոսագրքի տվյալներն է արտագրել: Այսինքն, կազմել է մի ցուցակ, որը երաշխավորված կերպով ոչ միայն ոչ մի ռեալ էֆեկտ չէր խոստանում, այլ ԱՄՆ-ի գլխին էր խնդիր դառնում: Բայց նաեւ մի այնպիսի ցուցակ, որին անգամ ամերիկյան ամենամոլի ռուսաֆոբները չէին կարող դեմ լինել. մի պատժամիջոցային ցուցակի, որտեղ ներառվել են Պուտինի ամենամերձավոր անձինք, դեմ լինելու պարագայում, հաստատ ամենամոլի ռուսաֆոբն էլ կդառնար Կրեմլի գաղտնի գործակալ համարվելու վտանգի ենթակա:

Թրամփի բոլոր խորհրդականները համոզված են, որ նա հիմար է. Մայքլ Վուլֆ

 

ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՎ Է ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ

Իհարկե, այս ամենից ելնելով, կարելի է նաեւ ենթադրել, որ ամերիկյան լիբերալները ստիպեցին Թրամփին՝ այս նոր պատժամիջոցներին գնալ ու Մոսկվայի հետ հարաբերությունները վերջնականապես փչացնել: Թրամփն էլ մի այնպիսի խորամանկ պատժամիջոցային ցուցակ հրամցրեց, որ լիբերալներն իրենց իսկ ձեռքով վերջնականապես փչացրին հակառուսական պատժամիջոցների երկարամյա գաղափարը: Բայց դեռ չշտապենք նման ենթադրությունով, հաշվի առնելով, որ այլ ոչ պակաս հավանական վարկածներ էլ կան: Այդ թվում այն, որ սեփական հնարավորությունների հանդեպ գերվստահությունը դեռ Օբամայի ժամանակներից սկսած ԱՄՆ-ին կանգնեցրեց այնպիսի փակուղիների առաջ, որ հիմա Թրամփն առանձնապես մանեւրելու հնարավորություններ չունենալով, այսքան հաճախակի է արտաքին հարթակում ձախողվում: Այս վերջին տարբերակն առավել լավ է ընդգծում Սիրիայի օրինակը: Ասել, թե Թրամփը կամովին է այդ կարեւորագույն ռազմական գոտին զիջում Ռուսաստանին, ու դեռ մի բան էլ՝ դաշնակիցներ կորցնում, միամտություն կլիներ: Բայց փաստացի հանձնում է եւ կորցնում, ինչը, անշուշտ, հնարավոր քայլերի բացակայության պատճառով է: Վերջին օրինակը, երբ Վաշինգտոնը հայտնվեց երկու հիմնական դաշնակիցներից առնվազն մեկին՝ քրդերին կամ թուրքերին կորցնելու հեռանկարի առաջ, որն էլ հանգեցրեց նրանց միջեւ բախումների՝ էլ ավելի թուլացնելով Վաշինգտոնի դիրքերը: Իհարկե, միգուցե ԱՄՆ-ն կնախընտրեր Թուրքիային: Սակայն ոչ առանց Մոսկվայի քաղաքականության, Անկարան իրեն պատկերացրեց, որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական միավոր, ինչն էլ ԱՄՆ-ի համար միակ ռեալ տարբերակը թողեց քրդերի հետ դաշինքը՝ Թուրքիայի հետ պաշտոնական դաշինքի պարագայում: Արդյունքում, երբ թուրք-քուրդ-ամերիկյան եռանկյունում համատարած անելանելի հակասություններ են, վճռորոշ է դառնում մոսկովյան գործոնը: Մոտավորապես նույն սխեման կարելի է տեսնել նաեւ ԱՄՆ-ԵՄ սրվող հակասությունների հարթությունում, որի պարագայում ԵՄ-ի առաջնորդ Գերմանիայի համար առաջնային քաղաքական գործոն է դարձել ռուսական էներգակիրների հաշվին Եվրոպայում էներգետիկ, ապա՝ քաղաքական գերիշխանությունը պահելու տարբերակը: Իսկ թե որտեղից են գալիս այս բոլոր հակասությունները, հայտնի պատմություն է. դոլարի գերծանրացած կշիռը պահելու համար ԱՄՆ-ն արդեն ստիպված է իր հերթին ճզմել հին դաշնակիցներին: Նրանք էլ, ոտատակ չգնալու համար, հայացքներն ուղղում են դեպի Մոսկվա եւ Պեկին՝ մենակ թողնելով Վաշինգտոնին: Նման իրավիճակում, իրոք, մոսկովյան ողջ վերնախավն ամերիկյան քաղաքական էլիտայի համար թշնամի է: Ու այս տեսանկյունից՝ պատահակա՞ն է թշնամիներին մի ցուցակում համախմբելը՝ գոնե մյուս անհնազանդների աչքը վախեցնելու համար: Միգուցե՝ ոչ, բայց քաղաքական առումով դա ակնհայտորեն սխալ քայլ էր, քանի որ մյուսները չվախեցան: Եվ ինչու վախենան, եթե աչքի առաջ ունեն օրինակը, թե ինչպես մի փոքրիկ Հյուսիսային Կորեա հաջողությամբ դիմադրում է Վաշինգտոնին:

The New Yorker-ը պատմել է Playboy-ի մոդելի հետ Թրամփի սիրավեպի մասին (լուսանկար)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА