ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

02.02.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Լուսանկարի վրա պատկերված շենքի մակետը քանդված Երիտասարդական պալատի կամ, ժողովրդի ասած, «կրծած կուկուռուզի» փոխարեն կառուցվելիք շենքի հնարավոր նախագծերից մեկն է: Ճիշտ է, դա ոչ մի կերպ պաշտոնական որեւէ կարգավիճակ ունեցող նախագիծ չէ, սակայն ամենեւին էլ զարմանալի չէ, որ արդեն մի քանի օր սոցիալական ցանցերում արժանացել է բուռն քննարկումների եւ վրդովմունքի: Արդեն անուն էլ է կնքվել այդ նախագծին` ԵՐԵՎԱՆԻ ՏԱՊԱՆԱՔԱՐ կամ ԴԱԳԱՂ եւ իրոք նման է: Բայց զարմանալի է, թե ինչ հարթություն են տանում քննարկումը այս տգեղ եւ այլանդակ անհեթեթության կողմնակիցները` «Ինչ է, մուսուլման կամ սատանա՞ եք, որ խաչից հուշտ եք լինում»: Ստացվում է զարմանալի մի բան` կարելի է նախագծել մի անճաշակ այլանդակություն եւ դա փորձել հանել քննադատության դաշտից, միայն թե նախագիծը խաչ պարունակած լինի...

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթը` «Ով էնպիսի սուտ ասի, որ ասեմ` սուտ է, թագավորությանս կեսը նրան կտամ»: Դա հիշեցինք այն բանի կապակցությամբ, որ լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ հայտարարեց. «Ես «Քեթրին գրուպի» հետ կապ չունեմ: Որպես բիզնես միջավայր եւ որպես բիզնեսի կարգավորում չեմ մասնակցում»: Զարմանալի է, ինչպես է այդպիսի բան ասում, եթե տարիներ շարունակ ամբողջ Հայաստանին նա հայտնի է «Քեթրինի Միհրան» մականունով: Բայց էլ ավելի զարմանալի է, որ բանանի ներկրման նկատմամբ մեծ սեր ունեցող Պողոսյանը հայտարարեց. «Այսօրվա կառավարությունը բավականին մեծ մրցակցային դաշտ է ապահովել բազում ճյուղերում: Եվ այդ բազում ճյուղերից մեկը ձեր վկայակոչած բանանի շուկան է: Ես հիացած եմ, թե կառավարությունը ոնց կարողացավ ապամոնոպոլիզացնել շատ ճյուղեր, օրինակ` բանանի շուկան: Կարծում եմ, որ դա լավ նախադրյալ է տնտեսության զարգացման համար»:

Քանի որ Արմեն Սարգսյանի թեկնածության առնչությամբ մեծ է հանրության հետաքրքրությունը այն ամենի հանդեպ, ինչը կապ ունի Մեծ Բրիտանիայի հետ, ապա չենք կարող չվկայակոչել Լորդերի պալատի անդամ, միջազգային զարգացման հարցերի փոխնախարար ՄԱՅՔԼ ԲԵՅԹՍԻ զարմանալի արարքը: Նա ընդամենը մի քանի րոպեով ուշանալով խորհրդարանի նիստից` ներողություն խնդրեց, այնուհետ ասաց.  «Ես շատ եմ ամաչում տեղի ունեցածի համար, ուստի վարչապետի առջեւ իմ պաշտոնից հրաժարվում եմ հենց հիմա»: Այդ հայտարարությունն անելուց հետո նա «Ոչ» բացականչությունների ներքո արագորեն հեռացավ դահլիճից: Նրա հեռանալուց հետո պալատի ղեկավարն ասել Է, թե ներողությունն ավելի քան բավարար կլիներ, եւ ինքը բոլոր նախարարներից ամենավերջինը նրան կազատեր պաշտոնից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն էլ հրաժարվել է ընդունել փոխնախարարի հրաժարականը: Հիմա ասացեք խնդրեմ, կարո՞ղ եք պատկերացնել այդպիսի մոտեցում մեր նախարարներից կամ փոխնախարարներից որեւէ մեկից: Մինչդեռ չէր խանգարի դրական օրինակներ վերցնել նույն բրիտանական լորդերից:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА