ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԱՆԱԼ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ԹԻՎԸ»

02.02.2018 21:15 ԹԵՄԱ
«ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԱՆԱԼ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ԹԻՎԸ»

ՀՀ առողջապահության նախարարության վերջին օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ ծխողները կարող են տուգանվել մինչեւ 250 հազար դրամով, իրոք ցնցող էր: Խնդիրն այն է, որ օրենսդրորեն ծխելու դեմ պայքարն ուժեղացվում է. դա նույնիսկ ողջունելի է: Բայց ահա անգամ բազում չծխողների վրդովվեցրել է տուգանքի չափը՝ 250 հազար: Իհարկե, այստեղ կարելի է հիշեցնել նաեւ այդ տուգանքաչափի հետ կապված նախարարի հասցեին հնչած բազում «բարեմաղթանքները»: Սակայն խնդիրը անգամ դա չէ: Պարզապես ակնհայտ է, որ նման տուգանք չի կարող գործնականում կիրառվել: Այսինքն, առաջարկում են մի բան, որն էս գլխից էլ ակնհայտորեն մեռած է: Ինչո՞ւ: Այսպիսով, իրատեսակա՞ն Է նման տուգանքը: Թեմայի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է հայաստանյան վերլուծաբանների հետ:

 

ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ.

- Սկզբունքորեն կողմ եմ ծխելու դեմ պայքարին, որն արտահայտում եմ նաեւ անձնական օրինակով`չծխելով շուրջ 15 տարի: Սակայն կողմ չեմ անհարկի վարչարարությանը, կոնկրետ այս դեպքում՝ աստղաբաշխական չափերի հասնող տուգանքներին: Ծխելու դեմ չի կարելի պայքարել տուգանային նման բարձր սանկցիաներով: Եթե մարդը ծխում է, չի նշանակում, որ հանցագործ է, եւ դրա համար նրան պետք է պատասխանատվության ենթարկեն: Հասկացանք, խոսքը վերաբերում է արգելված վայրերում ծխելուն, բայց եթե պետությունն իսկապես սոցիալական է, եւ նպատակը հասարակության բարօրության ապահովումն է, ապա չի կարելի թեկուզ իրավաչափ նպատակների հասնել նման ոչ իրավաչափ վարչարարության, էթիկայի տեսանկյունից անընդունելի միջոցներով եւ մեթոդներով:

Ուռուցքաբան, վիրաբույժ ԱՐԱՄ ԲԱԴԱԼՅԱՆ.

- Այս նախագիծը հնարավոր է բերի նրան, որ ծխողների թիվը պակասի, բայց կարող է ավելանալ թմրամոլների թիվը: Ծխելու դեմ պետք է գրագետ պայքարել, արգելանք դնելը քիչ է, պետք է բացատրական քարոզչություն իրականացվի, հասկացնելու համար, որ դրանով մարդիկ վտանգում են ոչ միայն իրենց, այլեւ շրջապատի կյանքը:

Իրավաբան, իրավախորհրդատու ԷՄԻԼ ՄԱՐԿՈՍՅԱՆ.

- Տուգանքների նախագիծն ամբողջությամբ համարում եմ անհեթեթ եւ հակամարդկային, քանզի ծխելու դեմ պայքարը պիտի լինի մարդկանց առողջության պահպանման համար, այլ ոչ թե ներկայիս նախագծի պես՝ սպեկուլյատիվ թալանի բնույթի: Ինչ վերաբերում է տուգանքի չափերին, ապա ստիպված եմ ասել, որ այդ չափերը սահմանողները երեւի մոռացել են Հայաստանում նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակների չափերը: Ինչպես կարող է 20-30 հազար դրամ թոշակ ստացողը վճարել 50-100 հազար դրամ տուգանք: Երեւանի եւ մարզերի բակերում  կարելի է հանդիպել ծխող տարեց թոշակառուների, այսինքն՝ պետությունը մեկ հարվածով ցանկանում է վերցնել այդ մարդկանց մեկ ամսվա գոյատեւելու գումարը, դեռ մի բան էլ՝ պարտքի տակ գցել: Տուգանքների նախագիծը մշակվել է ոչ օբյեկտիվ, եւ տվյալ օրենքի նախագիծը չի կարող երկար կյանք ունենալ մեր հասարակության շրջանում, ապացուցողական բազան հավասարեցված է զրոյի, ինչը խոսում է պետության կողմից ոչ կշռադատված մոտեցման մասին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրան, թե ինչպես են ապացուցելու վերելակներում կամ օֆիսային տարածքներում ծխելու փաստը:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու բնակչության կարծիքը ծխախոտի դեմ պայքարի նախագծի վերաբերյալ:

1. Ծխելու դեմ պայքարն ընդունելի է, բայց ոչ նման անհեթեթ ձեւով- 54%:

2.  Այդ օրենքը չի աշխատի, մտածելու բան չկա- 23%:

3. Դրական ենք գնահատում, տուգանքը պետք է շատ ավելի մեծ լինի- 12%:

4. Դժվարանում են պատասխանել- 11%:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА