ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փարաջանովը կարող էր շատ բաներ ասել եւ կրկին ձերբակալվել»

02.02.2018 16:25 ՄՇԱԿՈՒՅԹ
«Փարաջանովը կարող էր շատ բաներ ասել եւ կրկին ձերբակալվել»

 Հունվարի 9-ին  կինոռեժիսոր, սցենարիստ,ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ կդառնար 94 տարեկան: Ինչպես նրան բնութագրում են ժամանակակիցները, մանկան պարզությամբ, միամտությամբ եւ անսահման երեւակայության տեր կինոռեժիսորն ունեցել է կյանքի դժվարին ճանապարհ, սակայն դրանից չի չարացել, չի կորցրել լավատեսությունը, նույնիսկ  ստեղծագործել է այն ժամանակ, երբ բանտարկված է եղել վտանգավոր մարդասպանների հետ միասին: Օրերս Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ ռեժիսոր Ռոման Շիրմանի «Վտանգավոր է, ազատ մարդ է» կենսագրական ֆիլմի ցուցադրությունը` նվիրված մեծանուն կինոռեժիսորին: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին կինոգետներ, ռեժիսորներ, Փարաջանովի արվեստի երկրպագուներ: Արտասովոր մտածելակերպով եւ ստեղծագործություններով հայտնի Փարաջանովի մասին ֆիլմում հատված առ հատված ներկայացվում է նրա մանկությունը, ստեղծագործական կյանքի սկիզբը, ընթացքը, անձնական կյանքի որոշ դրվագներ, մեծանուն արվեստագետի հետ ունեցած ընկերական կապի առանձնահատկությունները, եւ այն ամենը, ինչ կապված է Փարաջանով մարդու եւ կինոռեժիսորի հետ:

14-ամյա աղջնակը հայկական երգ է կատարել և գերել է «Դու սուպեր ես» շոուի ժյուրիի անդամներին. (տեսանյութ)

ԾՆՈՂՆԵՐԸ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԿՈՒԼ ՏԱԼ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐ

Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում` հնավաճառի ընտանիքում, նրա ծնողները իշխանություններից գաղտնի վաճառում էին հնաոճ այնպիսի իրեր եւ քարեր, որոնց վաճառքն այդ ժամանակ խստիվ արգելվում էր: Արդեն չափահաս տարիքում Փարաջանովը վերհիշել է, երբ ոստիկանության ներկայացուցիչները եկել են իրենց տուն խուզարկության, ծնողներն իրեն եւ քույրերին ստիպել են կուլ տալ թանկարժեք քարերը, հետո երբ խուզարկողները տանից հեռացել են, նրանք մի քանի օր դպրոց չեն գնացել, քանի որ մայրը մանկական գիշերանոթը ձեռքին ամբողջ օրը շրջել է նրանց հետեւից: Միայն Երկաթուղային տրանսպորտի ինստիտուտ ընդունվելուց հետո Փարաջանովը հասկացել է, որ արվեստն ավելի շատ է սիրում, որից հետո ընդունվել է երկու ԲՈՒՀ` Թբիլիսիի կոնսերվատորիա եւ օպերային թատրոնին կից գործող պարի ուսումնարան: Փարաջանովի ռեժիսորական ուղին կանխորոշվեց այն ժամանակ, երբ ընդունվեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ: Այստեղ առաջին անգամ նա հանդիպում է իր մեծ սիրուն` ազգությամբ թաթարուհի Նիգյարին, նրանք գաղտի ամուսնանում են, սակայն համատեղ կյանքն այդպես էլ չի ստացվում:

«ՍԵՐԳԵՅԻ ԱՉՔԵՐԸ ՄԻՇՏ ԻՆՁ ԷԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ»

Մի քանի տարի անց Փարաջանովը Կիեւում հանդիպում է Սվետլաննա Շչերբատյուկի հետ, նրա հետ պաշտոնապես չեն ամուսնանում, սակայն սկսում են համատեղ կյանք, եւ շուտով ծնվում է նրանց որդին` Սուրենը: Տարիներ անց նրանք բաժանվում են, եւ նրանց որդին ապրում է մոր հետ`կապ պահպանելով նաեւ Փարաջանովի հետ:

ՍՎԵՏԼԱՆՆԱ ՇՉԵՐԲԱՏՅՈՒԿՆ իր հուշերում պատմում է. «Երբ մենք ամուսնացանք, ես ոչինչ անել չգիտեի, ոչինչ: Ես շատ էի նեղվում դրանից, սակայն Սերգեյն ինձ միշտ հուսադրում էր՝ ասելով, որ պետք է միշտ փնտրել, ստեղծագործել եւ չվախենալ: Երբեմն Սերգեյն այնպիսի բաներ էր անում, որ սկսում էի կասկածել նրա մեծ սիրուն: Երբ Փարաջանովն արդեն հիվանդանոցում էր, այցելեցի նրան, նրա հետ նույն հիվանդասենյակում էր նաեւ հետաքրքիր նկարչուհի Գայանե Խաչատրյանը, որը հետագայում ինձ պատմում էր, որ երբ սենյակում շրջել եմ, Սերգեյի աչքերը միշտ ինձ են հետեւել, մի՞թե սա սեր չէ: Չնայած երկար տարիներ են անցել, բայց նախկինի նման ինձ պետք են սիրո ապացույցներ»:  

«ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԱՎ ՍՆՎԵՆ»

Փարաջանովը եւ Սվետլանան բաժանվել են, երբ նրանց որդին երեք տարեկան է եղել. «Հայրս եւ մայրս բաժանվեցին, երբ ես երեք տարեկան էի, սակայն հորս հետ կապը միշտ եղել է: Նա հանգստյան օրերին ինձ իր մոտ էր տանում, միասին կինո, թատրոն եւ կրկես էինք գնում: Նրան ամենուր ճանաչում էին: Հիշում եմ, երբ Լեոնիդ Ենգիբարովի ելույթին էինք, դահլիճում տեսնելով հորս, նա փոխեց ծրագիրը, մոտեցավ, ողջունեց նրան եւ ինձ գնդակ նետեց: Անգամ համադասարանցիներս են լավ հիշում հորս: Մի օր հայրս հյուր էր եկել դպրոց, նրան առաջարկեցին մեզ հետ ճաշել,  նա տեսավ, որ ճաշն առանց մսի է: Ոչինչ չասաց, մի քանի ժամ անց վերադարձավ միսը ձեռքին: «Երեխաները պետք է լավ սնվեն»,- ասաց ուսուցչուհուս»:

«Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանն իր մասնակցին կընտրի նոր ձեւաչափով

«ԲԱՆՏՈՒՄ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԷԻ, ՔԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

1973 թվականին, երբ Փարաջանովն արդեն նկարահանել էր մի քանի ֆիլմեր, ձերբակալվել է` հոմոսեքսուալ լինելու մեղադրանքով: Բանտում նա անցկացրել է չորս տարի, ազատ արձակվելուց հետո կրկին սկսել է համարձակ ստեղծագործել: Հետագայում եւս մի քանի անգամ Փարաջանովը տարբեր մեղադրանքներով հայտնվել է բանտում:

Բանտում անցկացրած տարիների մասին Փարաջանովը իր հարցազրույցներից մեկում խոստովանում է, որ բանտում ավելի ազատ էր, քան ազատության մեջ. «Որպեսզի ինձ մեղադրանք առաջադրվեր, ինձ անվանեցին հանցագործ, գող, հակախորհրդային անձ: Մարմնիս վրա նույնիսկ ոսկի էին փնտրում, այնուհետեւ վերագրեցին համասեռականություն եւ դատապարտեցին դրա համար: Կուսակցության անդամներից մեկին էի իբրեւ բռնաբարել, հրապուրել 40-ամյա մի կնոջ: Այժմ ես ազատ եմ, սակայն ինձ ապահով չեմ զգում: Ապրում եմ հավերժ վախի մեջ` վախենում եմ դուրս գալ տանից, վախենում եմ, որ ինձ կառեւանգեն, կայրեն բանտի նկարներս»,- ասել է Փարաջանովը: Բանտում անցկացրած տարիների ընթացքում Փարաջանովը ստեղծում է բազմաթիվ կոլաժներ, տիկնիկներ, որոնք այսօր գտնվում են ռեժիսորի` Երեւանում գտնվող թանգարանում:

ՀԱՅՏՆԻ ՈՒ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ

Փարաջանովի հայտնի ու արտասովոր լուսանկարներից շատերի հեղինակը նրա մտերիմ ընկեր, ազգությամբ վրացի, լուսանկարիչ ՅՈՒՐԻ ՄԵՉԻՏՈՎՆ է, որը մի քանի տարի առաջ հրատարակեց ռեժիսորի մասին գիրք, որտեղ տեղ են գտել նաեւ բազմաթիվ լուսանկարներ. «Փարաջանովի հետ հանդիպել ենք Թբիլիսիում, երբ նոր էր վերադարձել ուկրաինական բանտից, նա իսկապես մեծ մարդ էր, չգիտենք` նրա նմանները քանի դարը մեկ կարող են ծնվել: Թբիլիսիում արված նրա նկարներից մեկը, որտեղ թռնում է, նա համարել է «դարի դրվագ», իսկ ես անվանեցի «Սեւ գողի թռիչք»,- վերհիշում է Մեչիտովը:

1989 թվականին Փարաջանովն առաջին անգամ մեկնել է Ստամբուլ`«Աշուղ Ղարիբ» ֆիլմով մասնակցելու Ստամբուլի միջազգային կինոփառատոնին: Առաջին անգամ եղել է նաեւ Ստամբուլի շուկայում, որտեղ անվերջ ապրանքները սակարկել է, մի քանի ապրանք վերցրել եւ ասել, թե վաղը կամ մյուս օրը շուկա կգա իր ընկեր Իվ Սեն Լորանը եւ ապրանքների համար կվճարի, ոչ բոլոր վաճառականներն են նրան հավատացել: Երբ փառատոնի ընթացքում Փարաջանովի ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանկին, դահլիճում չի եղել, այլ` շուկայում: 

Հայտնի են Թբիլիսիում կայացած Փարաջանովի նվիրված մրցույթի հաղթողները

«ԴԺԲԱԽՏ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ, ՉՓՈՐՁԵՍ ՀԻՇԵՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ»

Վրաց կինոքննադատ ԿՈՐԱ ԾԵՐԵԹԵԼԻՆ, որ այդ ժամանակ Փարաջանովի հետ մեկնել է Ստամբուլ, վերհիշում է. «Շատ էի վախենում այդ ժամանակ, քանի որ 1988 թվականի Արցախի շարժումը սկսվել էր, իսկ Թուրքիան գիտենք ինչ դիրքորոշում ունի այս հարցում: Ամեն ինչ կարող էր տեղի ունենար, քանի որ Փարաջանովը կարող էր շատ բաներ ասել եւ կրկին ձերբակալվել: Երբ կինոփառատոնի տնօրենն արդեն փակել էր միջոցառումը, հանկարծ եկավ Փարաջանովը, այդ պահին մինչեւ բեմ բարձրանալը նրան խնդրում էի, որ որեւէ խոսք չասի Արցախի ու քաղաքականության մասին: Երբ դահլիճից դուրս եկանք եւ գնացինք հյուրանոց, ճանապարհին մեզ հետեւում էր ինչ-որ մարդ, իսկ երբ հասանք հյուրանոց, ինձ տվեց թերթի կտոր, որտեղ գրված էր. «Դժբախտ կինոռեժիսոր, չփորձես հիշեցնել Արցախի մասին, այս անգամ մենք քեզ կներեք»: Այդ պահին Փարաջանովը զգաստացավ եւ հարցրեց, թե ինչ է պատահել, ես էլ ասացի, որ մեզ հետեւում էին եւ կարող էին սպանել: Այդ ժամանակ Սերգեյը վատառողջ էր, թեքվեց ինձ ու ասաց, թե ինչպես եմ համարձակվել իրեն ոչինչ չասել: Բացատրեցի, որ եթե իրեն ասեի, անհարմար իրավիճակ կստեղծվեր, Փարաջանովն էլ, թե շատ լավ կլիներ. «Ինձ այստեղ կսպանեին եւ հետ կտանեին, ինչպես Գրիբոյեդովին»:   

«ՓԱՐԱՋԱՆՈՎԸ ԳԻՏԵՐ, ՈՐ ԹԱՆԳԱՐԱՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ»

Փարաջանովի թանգարանի տնօրեն ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքով` Փարաջանովը դեռ կենդանության օրոք գիտեր, որ թանգարան է ունենալու, այդ պատճառով էլ, երբ նրան փորձել են վերադարձնել իր սցենարները, նա հորդորել է դրանք պահել եւ տալ թանգարանին. «Փարաջանովն ասում էր, որ ծնվել է Վրաստանում, աշխատել Ուկրաինայում, կմահանա Հայաստանում: Ինչպես նաեւ ասում էր, որ հայ է, ծնվել է Վրաստանում, բանտարկվել է ռուսական բանտում, ուկրաինական ազգայնամոլության համար: Այս խոսքերում կա ճշմարտության հատիկ, վիրավորանք, թախիծ: Մի անգամ նա ասաց, որ կպատժի Ուկրաինային, երբ հարցրի ինչպես, քանի որ չար մարդ չէր, պատասխանեց` սիրով»: 

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА