ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեպուհ Աբրահամյան.«Կջանամ իմ բոլոր ուժերով նպաստել իմ հայ և հոլանդացի հայրենակիցների խնդիրների լուծմանը»

05.02.2018 14:41 ՀԱՆԴԻՊՈՒՄ
Սեպուհ Աբրահամյան.«Կջանամ իմ բոլոր ուժերով նպաստել  իմ հայ և հոլանդացի հայրենակիցների  խնդիրների լուծմանը»

ՀՅԴ Երիտասարդական թևի ակտիվ անդամ, խոստումնալից և աշխատասեր այս երիտասարդի հետ ծանոթացա AGBUYoung Professionals Amsterdam-ի կողմից կազմակերպված երիտասարդական հետաքրքիր “Speak Up” կոչվող միջոցառման շրջանակներում։ Տպավորությունս շատ դրական էր, քանի որ նա՝ երեկոյի շրջանակում, միանգամից առանձնացավ իր բովանդակալից և յուրօրինակ ելույթով. Լավ պատրաստվածություն, պրոֆեսիոնալիզմ, սահուն խոսք և դինամիկա, սուր միտք, հումորի զգացում, մի խոսքով՝ հետաքրքիր խոսնակ էր իմ տեսանկյունից։ Այդ երեկո ինքս ինձ համար որոշեցի, որ այս երիտասարդը դեռ առաջընթաց է ունենալու կյանքում։

«Թուրքիայի հետ պետք է միշտ զգոն լինել». Ռ. Սաֆրաստյան

Այդ օրվանից անցել է ընդամենը երկու տարի, և վերջերս տեղեկացա, որ Սեպուհը պատրաստվում է ընտրությունների, առաջադրվել է Նիդերլանդական PvdA կուսակցության ցուցակում։ Որոշեցի զրուցել նրա հետ։ Մեր կարծիքով բավական հետաքրքիր այս զրույցը սիրով ներկայացնում ենք «Նիդերլանդական Օրագրի» մեր ընթերցողին։

– Սեպուհ, դու Ալկմար քաղաքի տարածքաշրջանի PvdA կուսակցության ցուցակում ես առաջադրված, և ընդամենը 250 ձայնը բավական կլինի ձեր կուսակցությանը իր ներկայությունն ապահովելու տեղական ինքնակառավարման մարմիններում: Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, ինչպե՞ս ես պատրաստվում ընտրություններին, ի՞նչ գործունեություն ես ծավալում. հավաքներ, խոստումներ և այլ: Ինչպես Հայաստանու՞մ է, թե՞ այստեղ այլ է.

- Նիդերլանդներում ի տարբերություն Հայաստանի և այլ երկրների, շատ մեծ հետաքրքրություն չկա տեղական ընտրությունների հանդեպ՝ ինչպես ընտրողների, այնպես էլ ընտրվողների կողմից։ Իշխանություններն ու կուսակցությունները մեծ ջանքեր են թափում քաղաքականությամբ հետաքրքրվողների շրջանում նրանց մոտ այս ընտրությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար։ Դրանով է բացատրվում ընտրվելու համար անհրաժեշտ քվեների համեմատաբար փոքր թիվը։ Հակառակ պարագային Ալկմարի նման մեծ քաղաքում անհամեմատ առավել մեծ քվեների կարիք կլիներ։ Քարոզարշավն ընթանում է երկու ուղղությամբ։ Ընդհանուր գաղափարական քարոզչությունը իրականացնում է կուսակցությունը՝ տարբեր տեսակի հավաքների և ժողովների ժամանակ բացատրելով կուսակցության տեսլականը և քաղաքականությունը։ Դրան զուգահեռ ավագանու յուրաքանչյուր թեկնածու փորձում է իր քարոզչությունն իրականացնել այն միջավայրերում, որտեղ հնարավորինս շատ քվեներ կարող է շահել։ Ընդհանուր կարծիք կա, որ նախորդ կառավարության մեջ աշխատավորական (PvdA)կուսակցությունը հեռացել է իր ընկերվարական սկզբունքներից։ Դրան չհամաձայնելով հանդերձ՝ մենք հիմա փորձում ենք շատ իրատեսական քայլեր կատարել հասարակ ժողովրդի ընկերային վիճակը տարբեր բնագավառներում բարելավելու համար։

- Սեպուհ, եթե չեմ սխալվում, դու եղել ես Նիդերլանդների ՀՅԴ երիտասարդական թևի առաջնորդ։ Շարունակելու՞ ես Երիտասարդական թևի հետ համագործակցությունդ։ Այն, որ հիմա PvdA կուսակցության ցուցակում ես առաջադրված, նշանակու՞մ է, արդյոք, որ հետ ես կանգնում քո՝ Դաշնակցական գաղափարախոսությունից՝ դադարեցնելով վերջինիս հետ համագործակցությունդ։ Մի՞գուցե, սա այն դեպքերից է, երբ փորձելու ես իրականացնել երկկուսակցական համագործակցություն։ Իսկ, մի՞գուցե, սա դիվանագիտություն է, որի նպատակն ու արդյունքը հետո ենք հասկանալու և տեսնելու։

«Ազգապահպան առաքելությանը սպառնալով` խոցելի ենք դարձնում հայ մարդու ոչ միայն ինքնությունը, այլեւ անվտանգությունը»

-Մի ճշտում. ես ՀՅԴ երիտասարդականի առաջնորդը չեմ եղել և չեմ հավակնում լինել, որովհետև Դաշնակցության մեջ ընդհանրապես առաջնորդներ չկան։ Իմ մասնակցությունը PvdA-ին հնարավոր է, որովհետև ո՛չ Դաշնակցությունը և ո՛չ էլ PvdA-ն այս կապակցությամբ սահմանափակումներ չունեն։ Բնականաբար, շարունակելու եմ հնարավորինս մասնակցել երկուսի գործնեությանը և հուսամ, որ սա արդյունավետ ձև է, քանի որ գործունեության դաշտերը տարբեր են։ Դաշնակցությունը Նիդերլանդների քաղաքական կյանքին չի մասնակցում, ուրեմն հակասություններ չեն կարող լինել։ Մյուս կողմից, երկուսն էլ ընկերվար կուսակցություններ են և ընդհանուր նպատակը ընկերվարությունն է։

- Գաղտնիք չէ, որ դու կուսակցական ընտանիքից ես. հայրդ՝ Մասիս Աբրահամյանը, Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի ղեկավարն է, քույրդ՝ Սարինե Աբրահամյանը, Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ է: Կուսակցական ընտանիք՝ դա հե՞շտ է, թե՞ դժվար; Որքանով է այս փաստը քեզ օգնում կամ, միգուցե, խանգարում քո ՝ քաղաքական դաշտի կայացման ճանապարհին։ Ի՞նչ ես սովորել ծնողներիցդ։

-Շատերը մտածում են, որ հայրս իր զավակներին թելադրել է հետևել իր անցած ուղուն ։ Իրականում նման բան երբեք չի եղել։ Ուղղակի կա մի բնական կանոն, որ երեխաները սովորում են այն, ինչ տեսնում են: Այն միջվայրում, որն առաջացրել են իմ ծնողները (իմիջիայլոց ասեմ, որ ամենադաշնակցականը մեր ընտանիքում մայրս է, որովհետև ունի Արամ Մանուկյանի չափանիշներին հավասար նվիրվածություն, չնայած ՀՅԴ անդամ չէ) այլ կերպ հնարավոր չէր։ Մենք մեր գիտակցական կյանքի լուսաբացին արդեն ստացանք այն ամենն, ինչը մեզ դարձրեց այն, ինչ կանք այսօր։ Խանգարել՝ երբեք։ Սուր բանավեճեր քաղաքականության մասին միշտ էլ կան, բայց դրանք ընդամենը հղկում և զարգացնում են միտքը։ Օգնում է շատ, որովհետև կողքիդ գաղափարակից ունենալը միշտ էլ մեծ առավելություն է։

- Ինչպե՞ս է PvdA-ն վերաբերվում երկկուսակցական լինելու փաստին և ինչպե՞ս ես պատկերացնում համագործակցությունը քո հարազատ Դաշնակցության հետ /ի՞նչ ձևով, ֆորմատով/: Հետաքրքիր է, ինչու՞ հենց PvdA կուսակցությունն ընտրեցիր։ Ի՞նչ հեռանկարներ ես տեսնում առաջիկայում, ի՞նչ ծրագրեր ունես նրանց հետ իրագործելու։

- Նիդերլանդների աշխատավորական կուսակցությունն իմ դաշնակցական լինելու հետ որևէ խնդիր չունի, քանի որ շատ լավ ծանոթ են Դաշնակցության գաղափարական հենքին։ Ընդհակառակը, նրանք սա տեսնում են որպես կուսակցության հարստացում, քանի որ Դաշնակցությունը աշխարհում ընկերվարությունը սերտած ամենափորձառու կուսակցություններից է։

«Ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ ՌԴ-ն չկարողացան պատշաճ կերպով ազդել Թուրքիայի վրա»

Առաջին հերթին, որովհետև ես Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ եմ։ Որպես դաշնակցական՝ ես չեմ կարող մասնակցել այս երկրի քաղաքական կյանքին, բայց՝ որպես ընկերվար, կարող եմ նույն գաղափարները կիսող կուսակցության կազմում իրականացնել ընկերվարության հիմնական գաղափարախոսությունը։ Դաշնակցության, PvdA-ի և ընկերվար մնացած բոլոր կուսակցությունների հիմնական նպատակը ընկերվար հասարակությունն է, որտեղ տիրում են արդարությունն ու հավասարությունը։ Հայաստանում և Նիդերլանդներում պայմանները, բնականաբար, այլ են, բայց հանուն այս բարձր նպատակների պայքարի ուղղությունը նույնն է։ Ուրեմն, որտեղ էլ որ լինես կարող ես պայքարել, որպեսզի հասարակությունը, որի մասնիկն ես, առավել արդար և հավասար լինի։

- Որպես հոլանդահայ, ով քաջատեղյակ է թե՛ նիդերլանդական, թե հայկական քաղաքական դաշտին՝ ի՞նչ տարբերություններ կառանձնացնես երկու երկրների ընտրարշավների մեջ։

Հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող այս երկրները, բնականաբար, շատ տարբեր են իրենց պատմությամբ, մշակույթով, տնտեսական զարգացման աստիճանով, ավանդույթներով և, գուցե, հարյուրավոր այլ հատկանիշներով։ Հետևաբար շատ բնական է, որ քաղաքական համակարգն էլ բոլորովին այլ չափանիշների վրա է ձևավորված և ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը խիստ տարբեր է։ Նիդերլանդներում հասարակության համար ընտրությունները միջոց են հասարակական կյանքը բարելավելու համար։ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը դեռ ձևավորման փուլում է, ուրեմն լիարժեք ընտրություններ անց կացնելը դեռ խնդիր է, որը կարոտ է իր լուծմանը։ Բայց մեկ օրինակով կարելի է բացատրել այս մեծ տարբերությունը։ Հոլանդացին իր ավագանիից սպասում է ժամանակակից և լիակատար տեխնոլոգիաների կիրառում, օրինակ աղբահանման մեջ, այնինչ Հայաստանում հայ ընտրողին բավարար կլինի քանդված փողոցը ասվալտապատելը, դա կհամարվի արդեն մեծ առաջընթած։- Հոլանդիայի հայ համայնքին, ինպես նաև քո հարազատ կուսակցությանն ինչպե՞ս կանդրադառնա քո ընտրվելու փաստը։Բարեբախտաբար, ես Նիդերլանդների տեղական ընտրությունների միակ հայ թեկնածուն չեմ և կարծում եմ, որ Նիդերլանդահայությունը շատ դրական է վերաբերվում իր անդամների ներկայությանը իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում։ Սա բոլոր առումներով դրական է և խոսում է մեր ազգի բարձր հատկանիշների մասին։ Համոզված եմ, որ ինչպես կուսակիցներս, այնպես էլ հայրենակիցներս շատ կուրախանան իմ ընտրվելու դեպքում։ Ես էլ անպայմանորեն կջանամ իմ բոլոր ուժերով նպաստել իմ հայ և հոլանդացի հայրենակիցների խնդիրների լուծմանը։

«Այլեւս անտանելի է, Թուրքիան իր պատիժը պետք է ստանա». Սեդրակ Աճեմյան

.- Կպատմե՞ս՝ մինչ օրս ինչպես ես մասնակից եղել Նիդերլանդների հայության կյանքին: Ցույցերի ժամանակ եղե՞լ են հետաքրքիր շփումներ, ինչու չէ նաև՝ կոնֆլիկտներ։ Հիշողությանդ մեջ մնացած ամենահետաքրքիր պահերից կպատմե՞ս:

- Իմ գործունեությունը Դաշնակցության մեջ հիմնականում վերաբերում է երիտասարդական միության աշխատանքներին։ Համարյա բոլոր կարևոր միջոցառումներին մասնակից եմ եղել՝ երբեմն հանրահավաքների բեմին, մեծամասամբ էլ՝ վարագույրի հետևում կատարվող կազմակերպական աշխատանքներին։ Հասարակական աշխատանքը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է։ Դու պետք է պատրաստ լինես շատ զրկանքներ կրելու, որ օգտակար լինես ազգիդ և ժողովրդիդ։ Հատկապես հպարտ եմ, երբ մասնակցեցի Նիդերլանդների հանրային հեռուստատեսության «Պաու» հաղորդմանը, որը Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի առնչությամբ կազմակերպված բանավեճ էր։ Ընդհարումներ, բարեբախտաբար, չեն եղել, բայց հատկապես ադրբեջանցիների հետ հրապարակային և անձնական շատ բանավեճեր են եղել։ Մենք շատ լավ գիտենք մեր ազգային իրավունքները և վստահ ենք, որ դրանք չեն հակադրվում համամարդկային շահերին։ Այդ առումով ինքնավստահության պակաս չունենք։

- Ինչի՞ մասին է երազում Սեպուհ Աբրահամյանը քաղաքական ոլորտում և ի՞նչ առաջիկա պլաններ, նպատակներ ունի իրականացնելու։

-Ես վերևում խոսեցի Արամ Մանուկյանի նվիրվածության մասին։ Նրա և նրա նմանների կյանքի գնով վերականգնվեց Հայաստանի անկախ պետականությունը, որի հարյուրամյակն ենք նշելու այս տարի։ Իմ երազանքները երբեք անձնական չեն և չեն էլ կարող լինել։ Իմ երազանքը նվիրվածության Արամյան մակարդակին ձգտելն ու հասնելն է, որպեսզի կարողանամ ժողովրդիս այնպես ծառայել, որ նրա խնդիրները հնարավորինս լուծվեն։ Երանի ես և գաղափարակիցներս գտնեինք մարդկանց հոգու այն բանալին, որը նրանց կդարձներ ավելի շրջահայաց. երբ մարդը կձգտի ո՛չ միայն սեփական կյանքի բարելավմանը, այլ նաև իր կողակցի, հայրենակցի և համայն մարդկության կյանքի։

.

Հարցազրույցը՝ Մարիշա Շիկի
.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА