ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չնայած առկա խնդիրներին մեր հիվանդանոցը այսօր էլ պրակտիկորեն  մատուցում է բոլոր բժշկական ծառայությունները»

06.02.2018 10:53 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Չնայած առկա խնդիրներին մեր հիվանդանոցը այսօր էլ պրակտիկորեն  մատուցում է բոլոր բժշկական ծառայությունները»

«Իրավունքի» զրուցակիցն է Ստեփանավանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն ՎԱԼԻԿՈ ՉԱԼԱԲՅԱՆԸ, ով կենտրոնը ղեկավարում է ընդամենը մի քանի ամիս, բայց ինչպես կենտրոն այցելող հիվանդները մեզ հետ զրույցում նշեցին. «Բժիշկ Չալաբյանի նշանակումից հետո բժշկական կենտրոնը կարծես նոր շունչ ստացավ, սկսեց զարգացում ապրել: Էլ չենք խոսում պարոն Չալաբյանի` մասնագիտական բարձր որակների մասին: Նա այն բժիշկների շարքին է դասվում, ում համար առաջնայինը հիվանդի առողջությունն է` հետո նոր մնացած բաները: Վստահ ենք, որ այն ձեռքբերումները, որոնց հասել է բժշկական կենտրոնը ընդամենը ամիսների ընթացքում` կկրկնապատկվեն առաջիկայում»:
Իսկ թե ինչպե՞ս ընդունեց կենտրոնը պարոն Չալաբյանը, եւ ի՞նչ խնդիրներ են ծառացած այսօր կենտրոնի առջեւ, զրուցակիցը նախ նկատեց.

Արտաշատի թատրոնը մարտի 29-ից նոր տնօրեն կունենա

«ԲԱՐՁՐԱՑԱՎ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԸ ԵՒ ԾԱՎԱԼԸ»

- Նախ պետք է ասեմ, որ կենտրոնի ղեկավարությունը ստանձնել եմ 2017թվականի օգոստոսի երկրորդ կեսից: Բնականաբար, սա շատ կարճ ժամանակահատված է բժշկական կենտրոնում զգալի փոփոխություններ արձանագրելու համար: Սակայն, ինչ խոսք, փոփոխություններ, որպես այդպիսին, անխոս եղել են իմ տնօրեն նշանակվելուց հետո: Նախ, բարձրացավ վիրահատությունների որակը եւ ծավալը` հատկապես մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում, ընդհանուր հիվանդանոց այցելողների թիվը եւս զգալի բարձրացավ: Բայց անելիքներ դեռ շատ կան: Նախ, բժշկական կենտրոնը ունի լուրջ վերանորոգման, ես կասեի, հիմնովին վերանորոգման կարիք, այդ պատճառով դիմել եմ տարբեր կառույցների, որպեսզի օգնեն Ստեփանավանի բժշկական կենտրոնը, այսպես ասած, ոտքի հանել: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ բոլորն էլ պատրաստակամություն են հայտնել` օգնել, աջակցել, որպեսզի մեր բժշկական կենտրոնը վերանորոգվի: Բոլորս էլ հասկանում ենք, որ հիվանդանոց կառուցելը պրակտիկորեն, ցավոք, ներկայիս պայմաններում անհնար է: Այդ իսկ պատճառով թե՛ շենքային պայմանների բարեկարգման առումով, թե՛ բժշկական ժամանակակից սարքավորումներով զինելու մասով` անելիքներ շատ ու շատ կան: Ստեփանավանցիները կփաստեն, որ բժշկական կենտոնը ժամանակին եղել է ՀՀ-ում ամենաժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնը, բայց հիմա` գերժամանակակից սարքավորումների ֆոնի վրա` մեր բկ-ի սարքավորումները արդեն հնամաշ են, եւ կարիք ունենք նոր ժամանակակից սարքավորումների` ինչը մեր ծրագրերի մեջ, անշուշտ, ներառված է: Նշեմ, որ մենք մեր հույսը, այսպես ասած, միայն Առողջապահության նախարարության վրա չենք դրել, հիմնական մասը մենք ենք ապահովելու մեր սեփական միջոցներով:
Դրա համար փորձում ենք ավելացնել վճարովի ծառայությունների ծավալը հիվանդանոցում, որպեսզի ժամանակի ընթացքում կարողանանք զինել կենտրոնը նոր եւ ժամանակակից բուժսարքավորումներով:

«ԱՆԵԼԻՔՆԵՐ ԴԵՌ ՇԱՏ ԿԱՆ»

- Պարոն Չալաբյան, կադրերի պակաս ունի՞ այժմ կենտրոնը:
- Կադրերի պակաս, ըստ իս, ունեն այսօր բոլոր տարածաշրջանային բժշկական կենտրոնները: Ստեփանավան բկ-ում, սակայն, այս պահի դրությամբ մասնագետների պակաս չկա, բայց խնդիրն այն է, որ մեր բժիշկների մեծ մասը շուտով կենսաթոշակային տարիքի են հասնելու, ավելին` ունենք արդեն թոշակառու բժիշկներ, ինչը խոսում է այն մասին, որ եթե ոչ հիմա, ապա առաջիկայում հնարավոր է մենք եւս ունենանք  մասնագետների պակաս:
- Որքա՞ն բնակչության եք սպասարկում: 
- Մոտ քսան հազար բնակչության, ովքեր բավականին հաճախ են դիմում ժամանակակից բուժօգնություն ստանալու համար:
- Դիմե՞լ եք բարերարների, որպեսզի աջակցեն հիվանդանոցի վերանորոգման հարցում:
- Փորձել ենք մեր ուժերով առաջ գնալ եւ մեր առջեւ դրված խնդիրները մեր ուժերով կյանքի կոչել: Եթե առաջիկայում տեսնենք, որ չենք կարող մեր առջեւ դրված խնդիրները ինքներս լուծել, ստիպված կդիմենք բարերարների օգնությանը: Ինքներդ էլ հասկանում եք, որ բժշկական սարքավորումները եւ գործիքները բավականին թանկ են, եւ անլուրջ կլինի պատկերացնել, որ մեկ-երկու տարվա ընթացքում` հատկապես սեփական ուժերով կկարողանանք վերազինել հիվանդանոցը, թեպետ ամեն բան անում եւ անելու ենք դրա համար: Նշեմ նաեւ, որ չնայած առկա խնդիրներին մեր հիվանդանոցը այսօր էլ պրակտիկորեն  մատուցում է բոլոր բժշկական ծառայությունները մեր բնակչությանը:

ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՄԱՐՏՆՉՈՒՄ ԵՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА