ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չեմ հիշում, որ Հանրային խորհուրդը դիրքորոշում է հայտնել, որը բխել է հասարակության մեծամասնության կարծիքից»

06.02.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Չեմ հիշում, որ Հանրային խորհուրդը դիրքորոշում է հայտնել, որը բխել է հասարակության մեծամասնության կարծիքից»

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ պատգամավորների քննարկմանը ներկայացվեց «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը: Նախագծի համաձայն` վարչապետի առաջարկությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` Հանրային խորհուրդը  պետք է կազմակերպի հանրային լսումներ կամ քննարկումներ` հասարակական հետաքրքրություն ներկայացնող« ինչպես նաեւ հասարակական կյանքի կարեւորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ, իսկ արդյունքների մասին զեկուցի վարչապետին: Ըստ էության, Հանրային խորհրդին վերապահվում է զուտ խորհրդատվական գործառույթ, ինչն անընդունելի էր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ համար:

Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

–Իմ խորին համոզմամբ` սա այն մարմինը չէ, որ մենք հռչակելով խորհրդակցական մարմին եւ նրա որոշումներին տալով ոչ պարտադիր բնույթ` բավարարվենք նրանով, ինչպես, որպես կանոն, արվում է այլ դեպքերում: Հանրային խորհուրդը, համենայնդեպս, իմ ընկալմամբ` չնայած վարչապետի կամ ինչպես ավելի ճիշտ կլինի ասել` կառավարությանը սպասարկող օղակ է, բայց նաեւ հակակշռի իմաստ պետք է պարունակի` բովանդակություն: Հակառակ դեպքում, եթե վարչապետին կամ կառավարությանը պետք է ընդամենը հանրային կյանքի կարեւոր ոլորտներում իրենց խորհուրդներ տվող սուբյեկտներ, ապա այդ հարցը կարող է լուծվել խորհրդականներ ունենալու միջոցով: Իսկ Հանրային խորհուրդը չպետք է դիտարկենք, որպես պարզ, խորհրդակցական մարմին, որը հավաքվեց, երկու ամիսը մեկ ինչ-որ նիստեր գումարեց, հարցեր քննարկեց եւ բավարարվեց` խորհրդակցական բնույթի ակտեր ընդունելով, որոնք պարտադիր չեն: Այս նախագծում իրացված չէ խորհրդակցական մարմինը նաեւ, որպես հասարակական իմաստով հակակշիռ ուժ, դիտարկելու գաղափարը: Թող որեւէ մեկն ինձնից չնեղանա, ես անձնական բնույթի` ոչ մեկին ոչինչ չունեմ ակնարկելու կամ ասելու, բայց նաեւ որպես հասարակության անդամ եմ ուզում նշել, որ իմ հիշողությունը ինձ առայժմ լուրջ դավաճանության նշաններ չի ցուցաբերել, բայց չեմ հիշում վերջին շրջանում ինչ-որ մի խնդիր, որ Հանրային խորհուրդը, չեմ ասում չանդրադառնա, բայց անդրադառնալու դեպքում էլ այնպիսի դիրքորոշում հայտնի, որը բխում է հասարակության մեծամասնության կարծիքից եւ ամենակարեւորը` ծանրակշիռ դեր ունենա հասարակության համար: Պետք է Սահմանադրությամբ նախատեսված մարմնի գործունեությունը կարգավորող օրենք ընդունելուն զուգահեռ, նաեւ հոգ տանենք, որ այդ մարմինը իսկապես ծանրակշիռ ազդեցություն ունենա մեր հասարակական կյանքում եւ չվերածվի ընդամենը կառավարության համար ցանկալի տեսակետներ հնչեցնելու կամ ցանկալի որոշումներ նախապատրաստելու հարթակի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА