ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԱԿԱՆ ԷՅՖՈՐԻԱՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ

06.02.2018 22:40 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԱԿԱՆ ԷՅՖՈՐԻԱՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմում Հենրիխ Մխիթարյանի նորամուտը, ինչ խոսք, սպասված էր: Այն պարզ պատճառով շատ հարցերի պատասխան էր տալու: Նախ, թե «Մանչեսթեր Յունայթեդում» հայ ֆուտբոլիստին իրականո՞ւմ չէին խաղացնում վատ մարզավիճակի պատճառով, թե՞ դա պարզապես Մոուրինյոյի քմահաճույքն էր, կամ էլ, որ Մխիթարյանն այդպես էլ չհարմարվեց այդ մարզչի խաղաոճին: Հաջորդ հարցն էր, թե նոր թիմում Մխիթարյանի ու Օբամեյանգի հաջող համագործակցությունը կկրկնվի՞ «Արսենալում» եւ այլն:

Անգլիայում ընտրել են լավագույն գոլը պրեմիեր-լիգայի պատմության մեջ

«Էվերթոնի» դեմ տնային խաղում լոնդոնյան թիմի 5:1 հաշվով հաղթանակը, Մխիթարյանի 3 գոլային փոխանցումը, եւ իր հերթին նորամուտը նշող Օբամեյանգի գոլը շատ հարցերի պատասխան տվեցին, թեեւ չմոռանանք, որ մեկ խաղը դեռ չի կարող շատ բան ասել: Սակայն մեկ բան հաստատ է. այս մեկ խաղն էլ ցույց տվեց, որ Մխիթարյանը փայլուն մարզավիճակում է, այսինքն՝ «Մանչեսթերում» նրա ձախողումների պատճառը դա չէր, ինչպես որ բոլորին համոզում էր Մոուրինյոն:

Ասվածը չի վրիպել նաեւ բրիտանական մամուլի եւ ֆուտբոլային փորձագետների աչքից: Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարտ Կրուկսը կազմել է ԱՊԼ-ի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականն ու այնտեղ ընդգրկել հայ ֆուտբոլիստին: Ըստ նրա. «Պարզ է, որ Մխիթարյանը եւ Օբամեյանգը ցանկանում էին միաժամանակ տեղափոխվել «Արսենալ»: Մեկի որոշումն ազդել է մյուսի որոշման վրա»: «Mirror»-ը գրել է. «Ստեղծարարության եւ երեւակայության հիանալի ցուցադրություն: Մխիթարյանն օժտված է գնդակի հետ շփվելու բարձր մակարդակով»: «Football.London»-ը եւս գովեստի խոսքեր է ուղղել հայ ֆուտբոլիստին. «Օբամեյանգը իր գոլի շնորհիվ կարող է հայտնվել վերնագրերում, բայց Մխիթարյանն էր շոուի աստղը, երբ հարցը վերաբերում է նորեկներին: Առաջին սենսացիոն 45 րոպեների ընթացքում նա ամենուր էր: Մխիթարյանը սկիզբ դրեց 3 գոլի եւ քիչ էր մնում գոլի հեղինակ դառնար` հեռու տարածությունից կատարած հիանալի հարվածով: Փայլուն է»: «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը, ով այժմ հանդիսանում է «BT Sport» հեռուստաընկերության փորձագետ, իր կարծիքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի եւ Օբամեյանգի համագործակցության վերաբերյալ. «Նրանց դուետն անհավանական է: Եթե նրանք շարունակեն այսպես խաղալ «Արսենալում», ապա թիմը շուտով ծայրահեղ բարդ մրցակից կդառնա մյուսների համար»:

Անգլիայում չկա «Ռեալին» հավասար թիմ.Մոուրինյո

Հուսանք, որ կշարունակեն: Համենայնդեպս, անչափ կարեւոր է հաջորդ հանդիպումը՝ փետրվարի 10-ին, «Տոտենհեմի» դեմ, որը «Արսենալի» մոտակա մրցակիցն է: Այսինքն՝ այս խաղն է, որ կտա բոլոր հարցերի վերջնական պատասխանը: Չնայած՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաջողության հարցում վստահ է: Համենայնդեպս՝ նա Մխիթարյանին խորհուրդ է տվել՝ Մոուրինյոյին մի շիշ վիսկի ուղարկել՝ դարդերը փարատելու համար:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА