ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԸՆԿՆՈՂԻՆ ՀՐՈՒՄ ԵՆ» , ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԱԽՈՂԱԿԻ ԴԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

07.02.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԸՆԿՆՈՂԻՆ ՀՐՈՒՄ ԵՆ» , ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԱԽՈՂԱԿԻ ԴԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր ութ կուսակցություններից հինգը որոշել են առանձնանալ: «Միավորված հայեր», «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հայրենիք», «Լիբերալ ժողովրդավարական» եւ «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցություններն իրենց որոշումը  փետրվարի 5-ին ուղարկել են ՀՎԾ կենտրոնական գրասենյակ` Արթուր Բաղդասարյանին:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՀԱՍՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՀԱ ԵՎ ՎԵ՞ՐՋ

Վերջին տասը տարիների ընթացքում ե՛ւ Արթուր Բաղդասարյանի, ե՛ւ նրա ղեկավարած կուսակցության վարկանիշը անշեղորեն անկում է ապրել: Դա պարզորոշ երեւում էր ընտրություններում ստացած քվեների դինամիկայից: Առաջին «նավսը» նա ստացավ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանից, որին ժամանակին գովաբանական գիրք էր նվիրել ՀՀ առաջին նախագահը Ազատության հրապարակի հարթակից նրան կնքեց «ախք» մականունով, որն այլեւս անպակաս էր նրանից լրատվական դաշտում եւ սոցիալական ցանցերում:

Իսկ հաջորդ «նավսը», երեւի թե, Ժիրայր Սէֆիլյանի սփյուռքյան աջակիցների կողմից էր, քանզի նրանք անգամ փորձ էին արել դատական ճանապարհով հարամել ՕԵԿ-ի «ռեմբրենդինգը»` բողոքելով, որ «Հայկական վերածնունդ» անունը այդ կուսակցությունը գողացել է իրենցից: Դե, իսկ ուղիղ մեկ տարի առաջ` ԱԺ ընտրությունների նախաշեմին վատ նախանշան եղավ հենց կուսակցապետին պատկանող հեռուստաընկերության եթերում` Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հ3» հեռուստաընկերության ուղիղ եթերում վերջինիս ելույթի ողջ ընթացքում տարօրինակ մեկնաբանություն էր գրված տիտրում` «Մտածել ինչպես հանցագործ»... Ամենայն հավանականությամբ, դա տեխնիկական թերության հետեւանք էր (իսկ միգուցե` ո՞չ), բայց փաստը մնում է փաստ, որ ՀՎԿ-ի մեջ «համախմբված» տասնյակ կուսակցությունների եւ հարյուրավոր ՀԿ-ների անունների երկար ցուցակը չօգնեցին Արթուր Վահանիչին հաղթահարել 5 տոկոսանոց շեմը: Չօգնեցին նրան նաեւ անձնական կապերը Ֆրանսիայի եւ Ռուսաստանի որոշ ազդեցիկ քաղաքական այրերի հետ...

ՀՎԿ-ի, ՀԱԿ-ի, ՕՐՕ-ի, «Ազատ դեմոկրատների» օրինակը պարզորոշ փաստում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում ԱԺ ընտրություններին պարտված ցանկացած քաղաքական ուժ սրընթաց արժեզրկվում է, եւ պատկերավոր ասած` մեր երկրի քաղաքական դաշտում «ընկնողին հրում են», իսկ թույլերին եւ պարտվածներին չի սիրում եւ ժողովուրդը` արագորեն երես դարձնելով նրանցից: Այսօր այդ միավորումներից եւ ոչ մեկի առաջնորդը չունի այնքան վարկանիշ, որպեսզի որեւէ քաղաքական գործընթացի նախաձեռնող կամ, առավել եւս, շարժիչ ուժ լինի: Ուստի ձախողման են դատապարտված ե՛ւ Լեւոն Ակոպիչի «խաղաղության երթերի» պացիֆիստական նախաձեռնությունները (թեեւ «քեռի» Սորոսը միանգամից մի քանի պատկառելի գրանտ է հատկացրել Ազգ-բանակ հայեցակարգի դեմ պայքարելու համար), ե՛ւ ՕՐՕ դաշինքի` ծայրահեղական կարգախոսներով հանդես եկող բեկորները, դե, իսկ «Ազատ դեմոկրատները» խոհեմաբար գերադասում են ոչ մի բանի չխառնվել եւ անհատական կարգով զբաղվել սեփական ապագայով: Սակայն Արթուր Բաղդասարյանի մոտ, կարծես թե, մի պուճուրիկ շանս, այնուամենայնիվ, մնում է, չնայած այդ շանսը կարող է եւ թվացյալ լինել: Ի տարբերություն ԱԺ ընտրություններում այլ պարտվածների` նա, այնուամենայնիվ, որոշ ՏԻՄ ընտրություններում կարողացավ ավագանու տեղեր հավաքել: Ճիշտ է, Վանաձորի ավագանիում ՕԵԿ-ի անունը կապված է բավականին տգեղ սկանդալների հետ, բայց, այնուամենայնիվ, դա որոշակի ռեսուրս է: Համ էլ, հանուն ՀՎԿ-ի բրենդի բերած կուսակցությունների եւ ՀԿ-ների երկար ցուցակի անհետացումից հետո, այնուամենայնիվ, տակը մնում է ՕԵԿ-ը, եւ, ինչպես կասեր ժողովուրդը` ինչքան էլ ուղտը սատկի, էլի կաշին մի իշաբեռ է...

Անկախ նրանից, ով կլինի ՀՀ-ի 4-րդ, 5-րդ կամ 65-րդ նախագահը, պետք է սահմանադրության ուժով գործ ունենք պետության գլխի հետ

Երեւի թե, այդ ռեսուրսի վրա հույս դրած Արթուր Բաղդասարյանը սպասում է, թե նոր «վերածնունդի» համար ինչպես կարելի է օգտագործել այն պատեհ հանգամանքը, որ հոկտեմբերին Երեւանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի համաժողովը: Ու, ըստ ամենայնի, հենց այդ համաժողովի շրջանակներում էլ Արթուր Բաղդասարյանը ձգտելու է տիրանալ իր վերջին շանսին: Ու երեւի թե, հանուն դրա է նա ֆինանսական ռեսուրս ծախսում կուսակցություն պահելու վրա, ինչպես նաեւ իրեն թույլ է տալիս շարունակել պահել այնպիսի թանկ հաճույքը, ինչպիսին է Հ3 հեռուստաընկերությունը, ճիշտ է, անձնակազմին ամիսներով աշխատավարձ չվճարելով եւ գործադուլային վիճակի հասցնելու գնով: Բայց անգամ եթե նա լավագույնս օգտագործի Ֆրանկոֆոնիայի հնարավորությունները, արդյո՞ք դա կօգնի 2022-ին վերադառնալ խորհրդարան...

 

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԳՆԱՆՈՒՄ ԵՆ

Լրատվական դաշտում արդեն լուրեր են շրջանառվում, որ Արմեն Սարգսյանի նախագահական երդմնակալության արարողությանը ներկա է լինելու նաեւ արքայազն Չարլզը: Չգիտենք ինչքանով դա այդպես է, սակայն ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուի հանդիպումները բավականին ակտիվ եւ դինամիկ են: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ՀՀ քաղաքական ուժերին եւ Սփյուռքի համայնքներին: Այսպես, դիտորդներն ուշադրություն են դարձնում, որ նա Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դանքընին: Իսկ այդ բրիտանացի պաշտոնյան հայտնի է նրանով, որ 2017-ի աշնանը եղել էր Երեւանում, եւ ողջունելով հանդերձ խորհրդարանական մոդելին Հայաստանի անցումը, վստահություն էր հայտնել, որ մի քանի տարի անց Մեծ Բրիտանիան է Հայաստանից սովորելու ժողովրդավարություն, այլ ոչ թե հակառակը: Բրիտանացի դիվանագետը նաեւ այն ժամանակ Երեւանում ուշագրավ ուղերձ էր հնչեցրել, որին սակայն ուշադրություն էին դարձրել միայն բավականին նեղ շրջանակները. «Բերել եմ նաեւ մի ուղերձ, Միացյալ Թագավորությունը հեռանալու է Եվրամիությունից, սակայն ոչ` Եվրոպայից, ոչ էլ աշխարհից: Մենք շարունակելու ենք լիակատար դերակատարում ունենալ միջազգային բեմահարթակում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի միջոցով ու հատկապես հետաքրքրություն ենք ցուցաբերելու աշխարհի այս տարածաշրջանի նկատմամբ պաշտպանության, անվտանգության եւ առեւտրի հարցերով»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է ՁՄՌԱՆ ԿԵՍԻՆ

Անշուշտ, մինչեւ քվեարկվելը, դա Արմեն Սարգսյանի ամենեւին էլ ոչ վերջին հանդիպումն է ազդեցիկ ֆիգուրների հետ, ու այն արտաքին ուժերը, որոնց համար տհաճ անակնկալ էր նրա առաջադրումը, գնալով ավելի մոլեգին տեղեկատվական պատերազմ են վարում նրա դեմ: Եվ հիմա, բացի Աշոտ Մանուչարյանի տիպի գործիչների կոնսպիրոլոգիական հեքիաթներից եւ մի շարք հատկապես սորոսական կայքերի թունոտ հոդվածներից, գործի է դրվել նաեւ ծանր հրետանին` ի դեմս Զարուհի Փոստանջյանի: Սույն կուսակցապետուհին իր կուսակցության կայքում զետեղել է մի հսկայական «լավաշ», ուր տեղ է գտել այն ամենը, ինչը Գուգլ որոնողական համակարգի օգնությամբ գտել է պատերազմի հանցագործ Մադլեն Օլբրայթի հետ իր մտերմությամբ հպարտացող ճղճղան տիկինը: Բայց նման է, որ սորոսականների խաղերը գնալով ավելի ու ավելի անհաճո են դառնում ՀՀ իշխանությունների համար, եւ հնարավոր է, որ նրանց դեմ որոշակի միջոցներ ձեռնարկվեն: Այսպես, տեղյակ մարդիկ ակնարկում են, որ Նիկոլ Փաշինյանին` ավտոմեքենան ՃՈ հրապարակ տանելու տեսքով ցույց տված դեղին քարտը պայմանավորված էր նրանով, որ վերջերս «Ելքի» ներկայացուցիչները չափազանց շատ եւ սերտ են շփվում սորոսական ակտիվիստների հետ, ու հատկապես հակաբանակային գրանտներ ստացողների:

Ինչեւէ, սպասենք նոր անակնկալների եւ նոր տեղեկատվական հարձակումների:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА