ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏԵՐԸ

07.02.2018 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞ՆՉ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏԵՐԸ

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության նիստներն այսուհետեւ կանցկացվեն դռնփակ` առանց ԶԼՄ ներկայացուցիչների: Օրենքի այս նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ նախագծի` որոշ նիստեր բաց կլինեն լրագրողների համար, սակայն, թե դրանք որ նիստերն են լինելու` հայտնի չէ: Նիստերի դռնփակ անցկացնելը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ դրանով կասկածի տակ են դնում Հայաստանի ժողովրդավար լինելը, չնայած այս որոշումն ունի նաեւ կողմնակիցներ:

Ի՞նչ կաներ Ալեն Սիմոնյանը, եթե իր վրա լցնեին Նուբարաշենի կեղտաջուրը

Արդյո՞ք այս որոշումն արտասովոր է, թեմայի վերաբերյալ «Իրավունքը» լսեց ԱԺ պատգամավորների կարծիքները, իսկ առաջին հերթին արդարադատության նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ փորձեց ճշտել, թե ինչու է գնացել այդ քայլին. «Նման որոշում է ընդունվել, որպեսզի կառավարության նիստերն ավելի անկաշկանդ անցկացվեն եւ  նախարարները չկաշկանդվեն այս կամ այն նախագծի վերաբերյալ բանավեճերից: Հայաստանյան  լրատվամիջոցների շուկան այդքան էլ մեծ չէ, այդ պատճառով էլ վերջիններս սենսացիա են անում` այն սպառելու եւ ֆինանսական հոսքեր ապահովելու համար: Մենք անկաշկանդ քննարկում կունենանք ոչ թե տեսախցիկի առջեւ, այլ փակ սենյակում: Նիստերը բաց անցկացնելու պահից մինչեւ այժմ չեմ հիշում մի դեպք, որ որեւէ նախարարություն կառավարության որոշումներին կողմ քվեարկի: Իսկ փակ նիստերի դահլիճում ունեցել ենք դեմ ու կողմ արտահայտվողներ: Կառավարության նիստերում այսօր բանավեճ չենք տեսնում, սա վատ է: Այդ փոփոխությունն առաջարկել էի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն վերջինս չընդունեց, ասելով, թե  փոփոխությունն այլ կերպ կընկալեն լրատվամիջոցներն ու հասարակությունը: Նույնն առաջարկեցի նաեւ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին: Քանի որ նա նոր էր կառավարման համակարգում, ասաց, որ ժամանակ է պետք, որպեսզի վերջնական կողմնորոշվի: Կարծում եմ` այսօր ովքեր նոր են կառավարման համակարգում,  եկել են նույն դիրքորոշմանը, որ նիստերը պետք է անցկացվեն դռնփակ»:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նշեց. «Եթե կառավարությունը գնացել էր այն քայլին, որ նիստերն անցկացնում էր բաց, ապա ինձ համար առնվազն խնդրահարույց է, թե ինչու է հետքայլ կատարել: Եթե կան լուրջ փաստեր, որ կառավարության նիստերի բաց լինելն առաջացրել է որոշակի խնդիրներ, ապա պետք է դրանք ներկայացնեն, սակայն որեւէ հիմնավորում, թե կառավարության նիստերը ինչու պետք է լինեն փակ, բացի նրանից որ անկաշկանդ կլինեն կառավարության անդամները` չի բերվել: Կարծում եմ` անկաշկանդ քննարկման փուլը կոմիտեների փուլն է, որտեղ կարելի է անկաշկանդ քննարկում անցկացնել: Եթե կառավարության ներկայացուցիչն իր իրավասության մեջ է, ապա նիստի բաց կամ փակ լինելը չպետք է նրան խոչընդոտի: Սա նույնն է, որ պատգամավորները պատճառաբանեն, եթե լրագրողները վերեւում նստած են, ապա ամբողջական չենք կարողանում աշխատել: Չնայած, եթե այս միտումը շարունակվի, ապա դրան էլ կհասնենք»: 

Վարչապետը չպետք է փոխարինի կառավարությանը. ՀՅԴ-ն ուզում է վերացնել իշխանության գերկենտրոնացումը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ՄԱՆԵ  ԹԱՆԴԻԼՅԱՆԻ խոսքով` այս ամենը որոշման խնդիր է, սակայն նման հետընթաց քայլը պարզապես ցույց է տալիս հայաստանյան իշխանությունների փակ լինելը. «Այսինքն` ժողովրդավարության, թափանցիկության մասին սին բառերը, որ նրանք օգտագործում են` չի արտացոլում իրենց վարած քաղաքականությունը: Փակ նիստերը նաեւ այն բանի վկայությունն են, որ գալիք կառավարությունը, որը պետք է ձեւավորվի, չի լինելու թափանցիկ, լինելու է նույն խնամի-ծանոթ-բարեկամության կառավարություն, որի նիստերը բաց չեն լինելու, եւ հանրությունը չի տեսնելու, թե ինչ է կատարվելու: Ով չգիտի, որ քննարկումները տեղի են ունենում նախքան նիստերը, եւ սա վկայում է մեկ բան` նրանք ցանկանում են փակ լինել հանրության առջեւ»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА