ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե շատ նեղված են Նժդեհից, թող խոստովանեն»

07.02.2018 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Եթե շատ նեղված են Նժդեհից, թող խոստովանեն»

Ռուսաստանի Պետդումայում վերջերս տեղի ունեցած ,Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրական ասպեկտներ» թեմայով քննարկմանը, որին մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի եւ հանրային պալատի անդամներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, նրանցից ոմանք հայտարարել են, թե իբր Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ: Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Վերջինս մեղադրել է Հայաստանին ֆաշիզմին օժանդակելու մեջ: Ու կրկին թիրախավորվել է Երեւանում գտնվող Նժդեհի արձանը, որը քանդելու համար Change.org կայքում սկսել են ստորագրություններ հավաքել: Հենց այս մասին էլ ծավալվեց օրերս «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած կլոր սեղան-քննարկումը:

ԳՈՒՄԲՈՒՐԴՈՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՁԳՁԳՈՒՄ Է

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՐՑ Է»

Ըստ ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ՝ երբ հարցը քաղաքականացվում է, օբյեկտիվ ճշմարտությունը շատ դժվարությամբ է տեղ գտնում. «Դրա համար մի քանի շեշտադրումներ պետք է անենք. երբ Գարեգին Նժդեհը Բալկանյան պատերազմում պայքարում էր թուրք գործիչների դեմ, ուղղակի կամ անուղղակի նաեւ ռուսական շահը կար այդտեղ եւ դրվատանքի էր արժանանում: Երբ Առաջին աշխարհամարտում կամավորական գնդերի կազմում պայքարում էր կրկին թուրք զավթիչների դեմ, այստեղ եւս ուղղակիորեն կար ռուսական շահը:  Իսկ արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմում նրա միակ շահը հայկական պետականությունն էր, Հայաստանն էր ու հայությունը:  Նրա քայլերը բացառապես հակաթուրքական են եղել եւ միտված է եղել հայության եւ Հայաստանի փրկությանը»:  Անդրադառնալով Գ. Նժդեհի արձանի շուրջ ստեղծված հերթական հիստերիային` քաղաքագետը հիշեցրեց. «Երբ Կապանում, որն, ի դեպ, փոքր քաղաք չէ, ոչ միայն հուշարձան, այլ ամբողջ հուշահամալիր կառուցվեց, այդ դեպքում` ինչո՞ւ ոչ մեկը չտեսավ, եւ նման մի բողոքի ալիք չբարձրացավ: Բայց չէ՞ որ այն նույն մեր ազգային հերոսի` Գարեգին Նժդեհի հուշահամալիրն է, որը կառուցվել է Կապանում` իր պուրակով, տապանաքարով, հուշարձանով: Սա նշանակում է, որ այս ամենը արհեստականորեն ստեղծված հարց է,  պարզապես, այս ժամանակում էր պետք: Մյուս կողմից՝ նաեւ քաղաքական կոնտեքստում պետք է բարձրաձայնեմ, որ անուղղակի, թե ուղղակի կերպով այս վայնասունը կարող է կապված լինել Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքման պատճառով»:

«ԽՆԴԻՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է»

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ գործադիր տնօրեն ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էլ ընդգծեց, որ խնդիրն ամենեւին էլ պատմական հարթության մեջ չէ, ավելին` ոչ հարցը բարձրացնողներին է իրականում այն հետաքրքիր, ոչ էլ՝ նրանց գումար տվողներին. «Խնդիրն իրականում քաղաքական է, որովհետեւ նույն հաջողությամբ թող վերցնեին Դրաստամատ Կանայանի (Դրոյի) հարցը: Իսկ եթե շատ նեղված են Նժդեհից, թող խոստովանեն: Չե՞ն կարողանում մինչեւ հիմա կուլ տան այն փաստը, որ նա չթողեց Ադրբեջանին վերադարձնել այն, ինչն իբր իրենց էր պատկանում: Ավելի լավ է խոստովանեն, քան թե փորձեն ամենուր հայ-ռուսական բարեկամության մեջ սեպ խրել»:

Առանձնատուն կտրվի երեւանցի՞, թե՞ մարտունեցի պաշտոնյաներին

Պատմաբանի կարծիքով` ցանկացած մարդ, եթե ուզում է իմանալ՝ ով է Գարեգին Նժդեհը, բավարար է նրա անունը փնտրի, օրինակ, Վիքիպեդիայում. «Այս մարդը, որը հորջորջվում է իբրեւ հակառուսական գործիչ, նույն Ռուսաստանի կողմից առնվազն 4 շքանշան է ստացել, որից երկուսը բարձրագույն, խոսքը Գեորգիեւյան խաչերի երկու տարբեր աստիճանների  մեդալների մասին է, որը, պարզ է, հակառուսի չէր տրվում»:

«ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՀԵՐՆ ԵՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ»

Թե ինչպես հակազդել Նժդեհի անձի եւ արձանի շուրջ հետեւողական տարվող այս արշավին, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ նախ հումորով պատասխանեց. «Նավթադոլարներին հակազդելու մի բան կա` սեփական դոլար տպող մեքենա է պետք, որը չունենք»: Ապա շեշտեց, որ երկու ուղղությամբ աշխատանք է պետք տանել. «Առաջինը տեղեկատվական-քարոզչական, երկրորդը` արդեն մասնագիտական եւ, ինչու ոչ, նաեւ պետական մակարդակով: Կոնկրետ այս հարցի վերաբերյալ երկու պաշտոնատար անձի կեցվածք է հրապարակավ եղել` մեկը արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի, մյուսը` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կողմից: Նրանք հստակ եւ կոնկրետ էին տալիս այս հարցերի պատասխանները, բայց ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ աշխարհաքաղաքական միաբեւեռ կառավարման ներքո եւ երկրորդ բեւեռի ստեղծման երկունքի այս պայմաններում փորձ է արվում սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններին»:

Պարոն Նահապետյանի պնդմամբ` այդ սեպը խրելով` թիրախավորվում է Ռուսաստանը, որովհետեւ այնտեղ իշխանությունը միաշերտ չէ, եւ կան տարբեր երկրների, ռազմական եւ քաղաքական բլոկների շահերը սպասարկող ուժեր. «Կոնկրետ նրանք, ովքեր այս հարցում ակտիվ են, ակնհայտ երեւում է, որ ադրբեջանական եւ թուրքական շահերն են սպասարկում: Այն օղակները, ովքեր նախաձեռնել են այս ամենը, ըստ իս, հատուկ օպերացիա են իրականացնում, որպեսզի Ռուսաստանի հարավային ուղղությամբ իր հիմնական ռազմավարական դաշնակցի եւ իր հարաբերությունները սկզբից հասարակական ընկալման, ապա պետական մակարդակով որոշակի խոչընդոտներ ունենան: Այնպես որ, սա բավական զգայուն թեմա է, որին պետք է նուրբ մոտենալ»:

Ինչու կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ուրացավ ՀՀԿ-ին, կամ հուշագիրդ հուշագրիս վնաս է

«ՆԺԴԵՀԻ ԴԵՊՔՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ Է ՄՆԱՑԱԾԻՑ»

Եզրափակելով թեման` Ա. Ղազարյանը նշեց. «ՌԴ-ում նախագահական ընտրություններ են եւ պաշտոնական քարոզարշավ է ընթանում, հետեւաբար այդ շրջանակում յուրաքանչյուր ոք ունի ազատ մտքի արտահայտվելու իրավունք` անկախ այն հանգամանքից նրա միտքը աբսուրդի է հասնում, թե լուրջ գիտական ներուժ ունի»: Մ. Հովհաննիսյանն էլ փաստեց, որ ամեն օր Ռուսաստանում կարող են  նմանատիպ  վեճեր, վիճաբանություններ լինել, քանի որ այն մեծ ու բազմազգ պետություն է, որտեղ ապրու մ են ժողովուրդներ, որոնցայդ ազգերից յուրաքանչյուրն ունի իր շահը եւ դրանց համար համապատասխան բարձրախոսներ. «Ընդ որում` այդ բարձրախոսները վճարվում են, նույնիսկ համալսարանների մակարդակներում կարող են նման գիտաժողովներ լինել: Սա նորմալ երեւույթ է, պարզապես, Նժդեհի դեպքն առանձնանում է մնացածից  նրանով, որ սա մեզ համար, մեր ազգի ներկայացուցիչների համար զգայուն թեմա է, ու դրա համար էլ այս ձնագնդին սկսեց պտտվել»: Ամփոփելով` Հ. Նահապետյանը եւս շեշտեց, որ հակառակորդն իսկապես գտել է այն, ինչ մեզ համար թանկ է եւ խփում է այդ թանկ տեղին. «Ու խփում է ոչ իր ձեռքով, այլ օգտագործում է այլոց միջոցները, հնարավորությունները: Հետեւաբար այստեղ պետք են մասնագիտական ռեսուրսներ, որպեսզի ցույց տրվի, որ հակառակ կողմը արդարացի եւ ճշմարիտ չէ: Եվ, ի վերջո, եթե Մարկովը եւ իր կոլեգաները, իրոք, նացիզմի քարոզչության դեմ են, ապա առաջին հերթին պետք է այն իրենց մոտ փնտրեն»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА