ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԲԵՄԻՑ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԽՈՍԵԼ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ»

07.02.2018 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԲԵՄԻՑ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԽՈՍԵԼ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ»

Երիտասարդ բեմադրիչ ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ մտահղացմամբ՝ մարտի 2 եւ 3-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում սպասվում է անսովոր ներկայացում: «Խաղաղության փողոցի վրա» այդպես են վերնագրել թատրոնի նոր ներկայացումը՝ նվիրված Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին: «Իրավունքի» հետ զրույցում բեմադրիչն ասում է, որ «Խաղաղության փողոցի վրա» ներկայացումը փաստագրական է, բայց բեմում չեն պատրաստվում հանդիսատեսի ուշադրությանը ներկայացնել միայն չոր փաստեր:

«Երիտասարդները շատ քիչ բան գիտեն Սումգայիթի ջարդերի մասին». Բեմադրիչ

 

«ԱՅՆ ԻՆՉ ՈՐ ԵՂԵԼ է, ՍԱՐՍԱՓԵԼԻ Է ԵՂԵԼ...»

Ն. Գրիգորյանը նկատում է, որ թատրոնի համար այս ժանրը նորություն չէ, սակայն իր եւ դերասանների համար իր իսկ կողմից ընտրված ձեւաչափը փորձության պես մի բան էր: «Բեմում մարդիկ են, որոնք ոչ թե հենց այնպես գալիս ու պատմություններ են պատմում, այլ փորձում են վերապրել իրենց հետ կատարվածը: Այն շատ օրգանական է նայվում բեմում: Իմ նպատակն այն չէր՝  բեմում փաստեր ներկայացնել ու ցույց տալ այն ամենը, ինչ կատարվել է 30 տարի առաջ: Այն ինչ որ եղել է, սարսափելի է եղել, ու դու չես կարող այն բեմում ցույց տալ: Անցյալի դառը հիշողությունները մեզ մոտ յուրովի են ներկայացվում՝ մեկը երաժշտության միջոցով է վերհիշում եղածը, մյուսը՝ թղթի կտորի, մյուսը՝ երեխային գրկելով կարոտն առնում, որը մահացել է…»: 

Խոսելով ներկայացման ձեւաչափի մասին՝ բեմադրիչն ընդգծում է, որ սկզբնական շրջանում անսովոր է եղել նաեւ դերասանների համար. «Այն, ինչ ես առաջարկեցի, միանշանակ ընդունվեց, սակայն… Այս ներկայացման մեջ յուրաքանչյուր դերասան երկու դեր ունի. գլխավոր եւ երկրորդական (նկատի ունի զանգվածային տեսարաններում զբաղվածությունը.- հեղինակ), եւ դա մի քիչ դժվարությամբ ընդունվեց: Դժվար է երկու դեր համատեղելը: Այժմ բոլորը շատ լավ աշխատում են»:

Ն. Գրիգորյանը փաստում է, որ ներկայացման մեջ զբաղված են դերասաններ, որոնց հետ առաջին անգամ է աշխատում. «ՀՀ վաստակավոր արտիստներ Աննա Բալանդինայի եւ Վերոնիկա Սարոյանի հետ առաջին անգամ եմ աշխատում: Ու ասեմ, որ ես հիմա հասկանում եմ, թե ինչու էր հայրս գերագույն հաճույք ստանում այս դերասանուհիների հետ աշխատելուց: Նրանք միանգամից ընկալում են տեքստը: Նրանք գիտեն, թե ինչ է իրենցից պահանջվում, ու բնականաբար աշխատանքն էլ ավելի հաճելի է դառնում»:

 

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՇԱՏ ՔԻՉ ԲԱՆ ԳԻՏԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ»

«Մենք չենք դադարել սեր խոստովանել միմյանց». Ռոքսանա Բաբայան

Երիտասարդ բեմադրիչը խոստովանում է, որ ներկայացման թեմայի շուրջ  երկար է մտածել. «Մտահղացումը հանկարծակի ծնվեց: Ալեքսանդր Սամսոնիչի եւ Ֆրեդ Դավթյանի հետ խոսում էինք խաղացանկային ներկայացումների, հայկական պիեսների մասին… Եվ ես այն ժամանակ ասացի, որ պետք է գտնել ու բեմադրել մի պիես 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանության մասին… Նրանք չառարկեցին: Բայց որոնման արդյունքում գտա Սումգայիթի ու Բաքվի ջարդերի մասին գրքեր, այնուհետեւ՝ «Սովորական ցեղասպանություն» գիրքը, որի հեղինակն ու գլխավոր խմբագիրը Մարինա Գրիգորյանն է: Այն ինձ շատ օգնեց: Հետագայում հանդիպեցի ու զրուցեցի հեղինակի հետ, ինչի համար շնորհակալ եմ: Երբ Սումգայիթի ջարդերի մասին էի կարդում, ես կարծես տեսնում էի այդ սահմռկեցուցիչ պատմություններն ու անցնում դրանց միջոցով: Հասկացա, որ մինչ այդ ոչինչ էլ չգիտեի…

Թատրոնում փորձեր էին ընթանում. բեմ բարձրացավ «Իդեալական տղամարդը»:  Սկզբնական շրջանում մտածում էի, որ այս թեմայով պետք է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (Ռուսական բաժին) ուսանողների հետ ներկայացում բեմադրել. երիտասարդները շատ քիչ բան գիտեն Սումգայիթի մասին, բայց մտափոխվեցի: Պետք է խոստովանեմ, որ երբեք, ամեն դեպքում, ես չեմ լսել, որ բեմից Սումգայիթի ջարդերի մասին խոսեն: Առաջարկեցի այն բեմադրել թատրոնում… Առաջարկս շատ լավ ընդունվեց, ու ես անցա գործի: Ի դեպ, ներկայացման աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն Արմեն Ամիրյանին»:

 

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՎՐԱ»

Սումգայիթի ջարդերի մասին պիեսը հետեւյալ կերպ ծնվեց. «Պիեսը հավաքել եմ ես: Պիեսի խմբագրման հարցում ինձ օգնել է թատրոնի գրականության մասի վարիչ Մարինա Մարինոսյանը: Անշուշտ, դրամատուրգիական երկխոսություններ  ինքս կառուցել չէի կարող, բայց բոլոր մենախոսություններն ինքս եմ հավաքել: Ներկայացման անվանումը երկիմաստ է: Այն իր բացատրությունն ունի՝ բոլոր հանրահավաքներն ու սպանությունները տեղի են ունեցել հենց Խաղաղություն կոչվող փողոցի վրա… Ուստի որոշեցինք այդպես էլ վերնագրել»: 

Երիտասարդ բեմադրիչը համոզված է, որ անտարբեր չի թողնի հանդիսատեսին. «Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք պրոպագանդում են պատերազմը, մանավանդ, որ թատրոնը դա չի սիրում: Թատրոնը միակ տեղն է, որտեղ չկա պատերազմ… Հենց այդ պատճառով, գուցե շատերին դուր չգա, բայց ես չեմ թաքցրել նաեւ այն, որ եղել են ադրբեջանցիներ, որոնք օգնել են հայերին:  Ու դա չի նշանակում, որ մենք, ելնելով այդ արարքից, պետք է ամեն ինչ մոռանանք ու ներենք նրանց: Իմ ցանկությունն է, որ ադրբեջանցին զղջա կատարվածի համար ու ներողություն խնդրի: Կրկնում եմ, սա իմ ցանկությունն է»:

«2018-ի ամենանորաձեւ գույնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհրդանշանի գույնն է»

 

«ՀԱՅ ՍՊԱՅԻՆ ԿԱՑՆԱՀԱՐԱԾ ՍԱՖԱՐՈՎԻՆ ՀԵՐՈՍ ԵՆ ՀՌՉԱԿԵԼ»

Ն. Գրիգորյանն ասում է, որ ոչինչ չի փոխվել, եւ պատմությունը կարծես կրկնվում է, եւ Ադրբեջանն ու Թուրքիան ծավալում են նույն քաղաքականությունը. «Եթե հիշում եք, Սումգայիթում ընտանիքներ կործանող մարդասպանները մի քանի տարի անց դարձան հերոսներ: Նրանց նկարներով պաստառներ էին տեղադրում ու ի լուր ամենքի հայտարարում՝ կեցցե Սումգայիթի հերոսները: Այսօր էլ պատմությունը կրկնվում է՝ հայ սպային կացնահարած Սաֆարովին հերոս են հռչակել: Նրանց նպատակը մեկն է՝ ոչնչացնել հայերին, ցույց տալ, որ մենք չունենք պատմություն, չկանք ու այն ինչ արել են մեր հանդեպ, իսկապես լավ են արել»:

Զրույցի ավարտին Նորան ասում է, որ Հայաստանում ապրում են մարդիկ, որոնք Մարինա Գրիգորյանի գրքի հերոսներն են. «Նրանք կիսվել են իրենց անցյալի դառը հուշերով, եւ ես գիտեմ, որ նրանց համար խոսելն անգամ այս թեմայի մասին, ծանր է… Նրանք գերադասում են այդ մասին չխոսել… Չեմ համարձակվի նրանց հրավիրել այս ներկայացմանը»:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА