ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷԼԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆՔ

07.02.2018 22:40 ՍՊՈՐՏ
ԷԼԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆՔ

Ինչպես հայտնի է, Ժնեւում գտնվող Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) բավարարել էր 28 ռուսաստանցի օլիմպիական մարզիկների բողոքարկումը եւ չեղարկել նրանց ցմահ որակազրկումը: Նաեւ՝ Սոչի-2014 Օլիմպիական խաղերի մյուս ռուս մասնակիցների արդյունքները վերականգնվել էին: Ըստ որոշման` նրանք իրավունք կունենան ապագայում մասնակցել Օլիմպիական խաղերի:

Սպալետի. Մխիթարյանի գինը կլինի 30 միլիոն եվրո, իսկ մենք չունենք այդ գումարը

Սակայն այսքանից հետո անգամ Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, հրաժարվել է Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին հրավիրել արդարացված 15 ռուսաստանցի մարզիկների: ՄՕԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ CAS-ի որոշումը չի հանել այդ մարզիկների նկատմամբ դոպինգի օգտագործման կասկածները: Իհարկե, սա եւս մեկ անգամ փաստում է, որ ՄՕԿ-ի գործողություններն ուղղված են Ռուսաստանի դեմ, եւ դրանք բացառապես քաղաքական բնույթի են: Սակայն խնդիրն արդեն միայն դա չէ: Շատ ավելի մեծ սկանդալ է առաջ բերել այն, որ ՄՕԿ-ը փաստորեն հրաժարվում է ի կատար ածել բարձրագույն դատական վճիռը: Այն դեպքում, երբ այդքան փառաբանված արեւմտյան ժողովրդավարության հիմքերից մեկը հենց դա է՝ դատական վճիռներին անվերապահորեն ենթարկվելը:

Այս ամենը հուշում է, որ բարդ իրադրություն կլինի նաեւ ամառային խաղերի ժամանակ: Մինչդեռ ՌԴ-ում, եթե հայազգի մարզիկները ձմեռային մարզաձեւերում սահմանափակ թվով են, ապա ամառային մարզաձեւերում պատկերը որակապես այլ է: Այսինքն, զգալի թվով հայազգի մարզիկներ զրկվում են ՌԴ-ի կազմում օլիմպիական մեդալների հույսերից: Ընդ որում, ռուսահայ մարզիկները նաեւ այս խնդիրն ունեն. մինչեւ Տոկիո-2020-ը մարզիկները դեռ պետք է օլիմպիական վարկանիշներ ձեռք բերեն: Սակայն որպես ռուսաստանցի, վարկանիշներ ձեռք բերելով, նրանք հետո այդ նույն վարկանիշով չեն կարող հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, եթե անգամ հաջողվի երկքաղաքացիությամբ լուծել նրանց մասնակցության հարցը:

Իսկ այս օրերին օլիմպիականները վերջին պատրաստությունն են տեսնում 29-րդ ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ: Փհենչհան-2018-ին հանդես կգան ռեկորդային թվով` 92 երկրների 2925 մարզիկներ: Ամենամեծ պատվիրակությունը կունենա ԱՄՆ-ը (242 մարզիկ), իսկ Կանադան երկրորդ տեղում է (226 մարզիկ): Հայաստանը Փհենչհան-2018-ում կներկայացնեն դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ Փհենչհան-2018-ին մեր պատվիրակությունը մասնակցելու է` «կարեւորը մասնակցությունն է» սկզբունքով: Այսինքն, էլի մեդալների հույս չունենք:

Օլիմպիական խաղերը կկայանան փետրվարի 9-25-ը: 15 մարզաձեւերում կվիճարկվի մեդալների 102 հավաքածու:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА