ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեծարելով մեծերին, մեծարում ենք մեզ».այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

09.02.2018 14:16 ՄՇԱԿՈՒՅԹ
«Մեծարելով մեծերին, մեծարում ենք մեզ».այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ծննդյան 133-ամյակն է: Նրա մուտքը գրական ասպարեզ առաջինը ողջունեց Հովհաննես Թումանյանը եւ Վերնատանը պատվավոր տեղ հատկացրեց նրա համար: Բանաստեղծ, ով ամբողջ կյանքում երազեց Հոգեւոր Հայաստանի մասին:
Անդրադառանալով մեծանուն բանաստեղծի 133-ամյակին «Իրավունքի» հետ զրույցը տեյրանագետ ՎԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԸ սկսեց Ե. Չարենցի խոսքերով.«Վահան Տերյանը մեզ պարտադրում է եւ մենք պարտավոր ենք նրան լսել»:  Տերյանը  մեծ անհատականություն է, ում մասին խոսելը ե′ւ հեշտ է ե′ւ դժվար, քանի որ նրա մասին ասելիքը շատ է, բայց դժվարանում ես այն  ձեւակերպել: Նա այն հայ մեծերից է, ով աստվածատուր է: Կար ժամանակ, որ Տերյանին բանաստեղծ չէին համարում, ասելով, որ նա ռուսախոս է եւ նրան չեն հասկանում: Բայց այսօր, փառք Աստծո,  մեր հասարակության մեջ Տերյանը գնալով ավելի է պայծառանում եւ մեծարվում: Նա մեծ գրող է, եւ  մենք մեծարելով մեծերին, մեծարում ենք մեզ»,-նշեց Վ. Ղազարյանը:

Երգահանը զորավարի ծնունդը շնորհավորեց երգով (Տեսանյութ)

Ներկայացնում ենք Վահան Տերյանի Հոգեւոր Հայաստան հոդվածից մեկ հատված.

«Հայաստանի վիճակն այսօր զբաղեցնում է ոչ միայն հայերին, այլեւ օտարներին: Հայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է դարձել, նորից ամբողջապես կլանել է հայ հասարակության բոլոր խավերի լարված ուշադրությունը, միեւնույն ժամանակ քննության առարկա է դարձել օտար, մանավանդ ռուս մամուլի մեջ: Ամեն մի հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին բնականաբար ջանում է թափանցել մշուշոտ ու անհայտ ապագայի խորքը՝ իր հիվանդագին տարակուսանքների լուծումը որոնելով: Այո՛, հիվանդագին են այդ մտորումները, պետք է խոստովանել, չնայած ընդհանուր ոգեւորությանը: Հայության համար չափազանց կարեւոր, կյանքի եւ մահու խնդրի բնավորություն ստացած այդ տարաբախտ հարցն իրերի ներկա դասավորությամբ դրված է հրապարակի վրա իր ամբողջ ծանրությամբ՝ անթիվ հույսերի, ցնորքների, մտահոգությունների, գուշակությունների եւ դատողությունների ժխոր ստեղծելով:

Բավական է թռուցիկ մի ակնարկ նետել մեր ազգի մերձակա պատմության վրա, որպեսզի համոզվես, թե որքա՜ն կարեւոր ու վճռական դեր է հատկացրել մեր մտավորականությունն այդ չարաբախտ խնդրին: Բավական է թերթել մեր գրականության լավագույն ներկայացուցիչների երկերը՝ համոզվելու համար, թե ի՛նչ նշանակություն է ստացել այդ հարցը մեր կյանքում, որպիսի անմոռանալի ոգեւորությունների, զոհաբերումների, որպիսի ծանր հիասթափումների ու լքումի աղբյուր է եղել մեր ոչ միայն մտավորականության, այլ նաեւ ժողովրդի ամենալայն խավերի համար: Արդեն թվում է, որ եթե անգամ այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա, մենք դարձյալ պիտի այրվենք նույն իղձերով, նույն ցավագին, մեզ համար մի տեսակ կրոնական գունավորում ստացած այդ խնդրով:

Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով եւ ոսկե երազներով սերունդներ են կրթվել, այդ հարցի շուրջը պտտվող գրականությամբ սնվել են սերունդներ: Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն:

Բնական է դրա համար, որ մենք անկարող ենք այդ խնդրի մասին սառնասիրտ խոսել, հանգիստ մտածել: Ավելին կասեմ, մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառը մտքով, անտարբեր գիտնականի ոճով: Մենք ուզում ենք ճչալ, որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում: Օտարներն անգամ վարակվել են հաճախ եւ վարակվում են մեր օրերում մեր այդ հիվանդագին զգացումներով եւ սառը դատողի եւ տրամաբանորեն մտածողի փոխարեն՝ դառնում են մասնակից այդ տարերային բաղձանքներին:

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԵԾ ԼՈՌԵՑՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ԲԱՑՎԵՑ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

Թվում է, թե ո՛չ դիվանագիտական խուճուճ հարաբերությունները, ո՛չ տնտեսական-հասարակական անսասան օրենքները, ո՛չ բնական անկարելիությունը չեն կարող դեմ կանգնել այդ միահոգի, միահամուռ ու բորբոքուն տենչանքին, այդ տարերային հեղեղի բնույթ կրող, ճակատագրական դրոշմով կնքված ընթացքին:

Այդ հոսանքի լոզունգը բացարձակ ու վճռական է, նրա դրոշակի վրա գրված է՝ «դեպի Հայաստան»:

Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետեւանք էլ ունենա՝ միեւնույն է -«դեպի Հայաստան»: «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել:

Եվ հասկանալի է դա:

Չէ՞ որ ամեն մի հայ մտավորականի, ոչ միայն մտավորականի, այլեւ ամեն մի հայ մարդու համար այդ հարցը սրբազան մի ավանդ է դարձել, նվիրական մի տվայտանք, ամեն մի հայ մարդու առջեւ ծառացել է իր եղերական, արյունաներկ պատկերով:

Մի՞թե կարող ենք սառնասիրտ լինել մենք, երբ այժմ դրված է այդ հարցը, երբ կանգնած ենք նրա այս կամ այն լուծման հանդեպ:

Մի՞թե իրավունք ունենք մենք տարակուսելու կամ տատանվելու. պետք է հավատալ, պետք է հուսալ լիասիրտ, պետք է տենչալ սրտի բոլոր զորությամբ եւ մեր բոլոր կարողությամբ ձգտել, որ այժմ վերջնական կերպով լուծվի այդ արյունլվիկ հարցը:

Սակայն դրանով չի վերջանում մեր անելիքը. դա միայն նախադուռն է մեր ապագա հայրենաշեն, ազգակառույց գործի…»

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА