ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՐԴՈՂԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ

09.02.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԷՐԴՈՂԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ

Էրդողանը, այդպես էլ դեռ չկարողանալով որեւէ լուրջ հաջողության հասնել Աֆրինի քրդերի նկատմամբ, այս վերջին օրերին Աֆրինից հարավ գտնվող Իդլիբի տարածաշրջանում է փորձում ամեն կերպ օժանդակել  այստեղ գործող գրոհային կառույցներին, այդ թվում՝ սիրիական «Ալ-Քայիդային»՝ «Ջեբհաթ ան-Նուսրային»: Այսպես, նախօրեին սիրիական աղբյուրները ֆիքսեցին հերթական փաստը, թե ինչպես է թուրքական զինված ուժերի շարասյունը մտնում Իդլիբի տարածաշրջան:

Իրանը Բաղդադին ռազմական օգնություն է առաջարկել

 

ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Թուրքական պաշտոնական աղբյուրները ներքին խողովակներով փորձում են հավաստիացնել, թե պարբերաբար Իդլիբ ռազմական շարասյուներ մտցնելու նպատակը, այսպես ասած, «անվտանգության գոտիներում» մոնիտորինգն է: Սակայն այն, որ շատ չանցած թուրքական զենք-զինամթերքը հայտնվում է սիրիական բանակի դեմ կռվող գրոհայինների մոտ, քանիցս արձանագրվել է: Իսկ ահա քաղաքական տեսանկյունից Էրդողանի գործողություններն այս պատկերն ունեն: Մի կողմից, նա ՌԴ-ի եւ Իրանի հետ միասին հանդես է գալիս` որպես սիրիական խնդրի քաղաքական կարգավորման կողմ: Եվ մյուս կողմից, Աֆրինում եւ հատկապես՝ Իդլիբում նրա գործողությունները փաստում են, որ Էրդողանը ոչ թե միայն մտածում է քրդական վտանգը չեզոքացնելու մասին, այլ դեռ սիրիական տորթից իր համար մի պատառ փախցնելու հույսեր ունի: Բայց որքանո՞վ է դա իրատեսական...

Այստեղ նախ նկատենք, որ անգամ էրդողանական օգնությունը Իդլիբի գրոհայիններին ջախջախումից խուսափելու երաշխիք չեն տալիս: Այսպես, թեեւ այդ տարածաշրջանի մի մասը վերահսկող գրոհայինները Թուրքիայից օգնության հերթական խմբաքանակը ստանալուն պես փորձում են հակագրոհել: Սակայն սիրիական բանակը, որն այս վերջին օրերին այդ ուղղությամբ անցել է պաշտպանության, հաջողությամբ չեզոքացնում է այդ հակահարձակումները՝ նկատելիորեն թուլացնելով գրոհայինների պոտենցիալը: Ընդ որում, սիրիական բանակի այդ պաշտպանողական վիճակն իր տրամաբանությունն ունի: Իդլիբի օպերացիայի առաջին փուլում սիրիական ուժերը մի մեծ հատվածում շրջապատման մեջ էին առել գրոհայինների ուժերի մի մասին ¥տե՛ս քարտեզը¤: Եվ ահա, դեպի Իդլիբի խորքերն հարձակման դեպքում, այդ շրջապատված հատվածի գրոհայինները սպառնում էին սիրիական բանակի թիկունքին: Վերջին երեք-չորս օրերին, Իդլիբի ուղղղությամբ անցնելով պաշտպանության, հենց այդ «կաթսայի» չեզոքացման վրա էլ կենտրոնացել էր սիրիական բանակը, ու երեկվա դրությամբ խնդիրը գործնականում լուծվեց:

 

ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է

Այսպիսով, առաջիկա օրերին, երբ շրջապատման գոտու չեզոքացմանն ուղղված ուժերը կվերադառնան Իդլիբի ուղղություն, հարձակումը կվերսկսվի: Ընդ որում, անհաջող հակահարձակումներից եւ այս օրերին շարունակվող օդային ու հրթիռային հարվածներից հետո Իդլիբի նկատելիորեն թուլացած գրոհայինները հազիվ թե կարողանան լուրջ դիմադրություն ցուցաբերել: Իսկ դա նշանակում է, որ եթե Էրդողանը վերջնականապես չհրաժարվի Իդլիբի մի մասը պոկելու հույսերից, ապա ստիպված կլինի գրոհայիններին ուժեղացնել թուրքական բանակի հաշվին: Իսկ դա նրա համար հավասարազոր է վա-բանկ գնալուն, ընդ որում` ձեռքին ունենալով հաղթելու որեւէ հույս չտվող խաղաթղթեր: Նկատի ունենք նախ այս հանգամանքը. հիշատակված շրջապատման գոտին, որ այս օրերին չեզոքացվեց, փոքր չէր. այն չափերով համադրելի էր քրդական Աֆրինի հետ: Այնուհետեւ. այստեղ գտնվում էր ոչ թե մանր-մունր խմբավորումներ, այլ «Իսլամական պետության» մարտունակ ուժերը: Չնայած դրան, սիրիական բանակին հաջողվեց մի քանի օրում չեզոքացնել «կաթսան», այն դեպքում, երբ նույն ծավալներ ունեցող Աֆրինում թուրքական բանակը կարողացել է միայն հաշված կիլոմետրեր առաջ շարժվել: Նման ուժային համեմատականի պարագայում, եթե Էրդողանը որոշի՝ քրդերից զատ, նաեւ Իդլիբում ուղղակի բախման մեջ մտնել սիրիական բանակի հետ, հազիվ թե ծանր քոթակից կարողանա խուսափել: Առավել եւս, որ քաղաքական իրավիճակը եւս ամենեւին էլ նրա օգտին չէ: Նախ ՌԴ-ի մասով: Այն, որ ռուսական աղբյուրներն աստիճանաբար ավելի բարձրաձայն են խոսում գրոհայիններին Անկարայի կողմից զենք մատակարարելու մասին, տեսանելի է: Ընդ որում, եթե հանկարծ պարզվի, որ Անկարան է մատակարարել Իդլիբում ռուսական ինքնաթիռը ոչնչացրած զենիթահրթիռային համակարգը, ապա դա բոլորովին այլ պատմություն կդառնա: Համենայնդեպս այն, որ Մոսկվան Էրդողանի նկատմամբ որեւէ վստահություն չունի, հուշում է նաեւ այն փաստը, որ Հայաստան-Թուրքիա սահմանին եւս ռուսական ռազմաբազայի ուժերն ուժեղացված հսկողություն են սկսել: Եվ ահա, Թուրքիայի հանդեպ ռուսական տրամադրությունների ակնհայտ ծանրացման այս ֆոնին երեկ կայացավ նաեւ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, որն Աֆրինի եւ Իդլիբի թեմայով էր եւ, ըստ ռուսական որոշ աղբյուրների, եղել է բավականին ծանր: Էլ ավելի ծանր է դարձել նաեւ պաշտոնական Թեհրանի հրապարակային ռեակցիան Անկարայի նկատմամբ: Սակայն դեռ Թուրքիան՝ ՌԴ-ի եւ Իրանի հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն ունի, հաշվի առնելով, որ նախատեսված է Պուտին-Ռոհանի-Էրդողան ձեւաչափով հանդիպում Անկարայում: Սակայն կարգավորման համար, հասկանալի է, Էրդողանը ստիպված է լինելու իր այս ռազմական ավանտյուրաներից ձեռք քաշել:

Էրդողանի ու Թիլերսոնի հանդիպումը շարունակվել է ավելի քան երեք ժամ

Ռուսական ուղղությունից զատ, Անկարային չհաջողվեց նաեւ Եվրոպայում հենարան գտնել: Մոտ 60 տարվա դադարից հետո Թուրքիայի նախագահի այցը Հռոմի պապին, ինչ խոսք, Անկարայի նկատմամբ եվրոպական տրամադրությունները փոխելու իմաստ ուներ: Եվ ահա, Էրդողանը խոստովանեց, որ Պապի հետ մինչեւ իսկ Հայոց ցեղասպանությունից է ստիպված եղել խոսել: Հաշվի առնելով Ցեղասպանության խնդրի նկատմամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտնի վերաբերմունքը` դժվար չէ կռահել, որ այդ թեմայի արծարծումն արդեն իսկ հուշում է, որ Էրդողանի հանդեպ Վատիկանը ցուցաբերել է, մեղմ ասած, ոչ բարեհաճ վերաբերմունք: Ասենք, դա շատ ավելի պարզ ցույց տվեց Պապին այցելելուց հետո՝ ԵՄ-ի գլխավոր դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինին եւս, այն էլ՝ Եվրախորհրդարանի նստաշրջանում դատապարտեց Էրդողանի պատերազմական քայլերը. «Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում նոր ռազմաճակատների հայտնվելու կապակցությամբ»: Ավելին, ըստ Մոգերինիի. «Բոլոր ռազմական գործողությունները պետք է կենտրոնանան ՄԱԿ-ի համապատասխան ցուցակում ներառված ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի վրա, այլ ոչ թե ուրիշ որեւէ մեկի դեմ»: Իսկ դա հիշեցում է, որ ՄԱԿ-ը քրդական կազմակերպություններին ահաբեկչական չի համարում, այսինքն՝ Էրդողանն իրականացնում է ոչ թե ահաբեկչության դեմ պայքար, այլ՝ ներխուժել է Սիրիայի տարածք: Այն դեպքում, երբ, ըստ Մոգերինիի, Եվրոպան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

Վերջապես, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նույնպես Էրդողանը միայն հետընթաց է արձանագրում: Իսկ դա նշանակում է, որ եթե նրան անգամ հաջողվի Աֆրինում մի որոշ ռազմական առաջընթաց ապահովել, մեկ է՝ Էրդողանը Սիրիայի հյուսիսում սկսած պատերազմն աշխարհաքաղաքական տեսանկյունից արդեն իսկ տանուլ է տվել: Իսկ նաեւ ռազմական պարտությունից խուսափելու համար մեկ տարբերակ ունի՝ Պուտինի եւ Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ իրեն դրսեւորել պետք եղածի պես:

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Վերադառնանք նաեւ փաստին, որ Ալիեւը ստիպված էր արագացնել նախագահի աթոռին իր վերարտադրման գործընթացը: Դա, իհարկե, հուշում է, որ նա մոտ ապագայի հարցում մտավախություններ ունի: Սրան զուգահեռ, ադրբեջանական ընտրություններն առաջ բերելու հետ կապված, առիթ էինք ունեցել ենթադրել, որ դա կարող է հանգեցնել նաեւ ղարաբաղյան բանակցությունների ակտիվացման:

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը քննադատել է ԼՂ հարցում ներկայիս ԱԳ նախարարի քաղաքականությունը

Եվ ահա, նախօրեին Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած այցից եւ Ալիեւի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցությունները շարունակել Ադրբեջանում եւ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո: Այլ կերպ ասած, արդեն մայիս-հունիսին: Թե ինչ տրամաբանություն է այստեղ գործում, մեր վերջին հրապարակման մեջ անդրադարձել էինք եւ չկրկնենք: Սակայն այս մի հանգամանքին իմաստ ունի անդրադառնալ: Նրան, որ Էրդողանի այսքան անհաջող պատերազմն ու դրանից սպասվող աշխարհաքաղաքական հետեւանքները ուղղակի ազդեցությունն են ունենում նաեւ Ադրբեջանի դիրքերի վրա: Ոչ միայն այն առումով, որ ապագայի հանդեպ մտավախություններն Ալիեւին ստիպում են օր առաջ ամրապնդել իր աթոռը: Այլ նաեւ, որ Սիրիայում թուրքական դիրքերի թուլացումը Անկարային թուլացնում է նաեւ հարավկովկասյան հարթակում: Իսկ եթե պակասում կամ՝ բացակայում է թուրքական աջակցությունը, ապա Ալիեւը ստիպված է այլ կերպ մոտենալ տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ Արցախին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА