ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԻԵՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽԱՓԱՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ

09.02.2018 21:15 ԶԱՐԿԵՐԱԿ
ԱԼԻԵՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽԱՓԱՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ

Ալիեւի օգնականը, նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովն Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը բացատրել է Բաքվում առկա այն մտավախություններով, թե՝ Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների իրավիճակը կարող է սրվել, որին պետք է պատրաստ լինել: Ի՞նչ է ենթադրում նման հայտարարությունը, հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

 

«Նորավանք» գիտակրթական կենտրոնի Քաղաքական հետազոտությունների ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ.

- Չեմ կարծում, որ Ադրբեջանի ընտրությունների տեղափոխման հանգամանքը պայմանավորված է հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումներով: Ակնհայտ է դառնում, որ ընտրությունների ժամկետային տեղափոխման հարցը մեծամասամբ ունի ներքաղաքական շարժառիթներ, որոնք քողարկելու համար հարեւան երկրի ղեկավարությունը փորձում է դրան տալ արտաքին տարածաշրջանային հետք կամ շեղել հանրության ուշադրությունը ներքին խնդիրների օրակարգից: Այս քայլով Ալիեւի նպատակը մեկն է՝ փորձել տապալել երկրի ընդդիմության կոնսոլիդացման եւ ամրապնդման հնարավորությունները՝ կոնսոլիդացման առաջին իսկ նշույլների փուլում: Այլապես երկրի իշխանությունները կարող են կանգնել լուրջ ներքաղաքական սրացումների առջեւ, եթե ընդդիմությունը մինչ աշուն հնարավորություն ունենար ընդլայնելու իր հասարակական ռեսուրսները: Սա իր հերթին հնարավորություն կարող էր ստեղծել՝ նախընտրական փուլը զարգացնելու հերթական «գունավոր հեղափոխության» սցենարով, որի ուղղությամբ կան հստակ հիմքեր հատկապես արեւմտյան բեւեռում: Վերջին ամիսների ընթացքում Ալիեւի ներքին քաղաքականությունը հասցրել է արժանանալ բավական սուր քննադատությունների ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԵՄ-ում, ընդունվել են այն դատապարտող բանաձեւեր եւ զեկույցներ: Այս առումով հատկանշական է այն հանգամանքը, որ արտահերթ ընտրությունների նշանակման իրողությունը չի հակասում ՌԴ շահերին եւս: Ուստի Ադրբեջանում ընտրությունների տեղափոխման պատճառը պայմանավորված է արտաքին հետքով:

 

Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ.

- Ալիեւը ցանկանում է երկարաձգել իր իշխանությունը, խոչընդոտում է իշխանափոխության ընթացքը եւ սա կապում տարբեր իրադրությունների հետ՝ դրանք անվանելով տարածաշրջանային իրավիճակի սրացումներ, արտակարգ դեպքեր եւ այլն: Իհարկե, այս ամենը չի համապատասխանում իրականությանը:

 

Ադրբեջանագետ ՏԱԹԵՎ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ.

- Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ մինչ այս որեւէ պաշտոնական մեկնաբանություն չկար: Ուստի՝ նախագահի աշխատակազմը սկսեց քայլեր ձեռնարկել, որպեսզի ընդդիմությունը չշրջանառի այն վարկածը, որ իշխանությունը վախեցել է ընդդիմության հնարավոր միավորումից: Նովրուզ Մամեդովի այս հայտարարությունից առաջ եղավ Ալիեւի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի հայտարարությունը: Նա էլ նշում էր, թե արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պատճառն այս տարի այդ երկրում սպասվող խոշոր իրադարձություններն են` այդ երկրի հռչակման 100-ամյակը, «Ֆորմուլա-1» մրցույթի անցկացումը եւ այլն: Տարածաշրջանային սրացումներ ասելով, եթե դիտարկենք Արցախի հատվածը, ապա  այժմ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են տարածաշրջանում եւ, ցավոք, նույնիսկ այս դեպքում սահմանին զոհ ունեցանք: Այսինքն` անգամ այն պայմաններում, երբ համանախագահներն են գտնվում տարածաշրջանում եւ փորձում են կազմակերպել խաղաղեցման գործընթաց, միեւնույնն է, Ադրբեջանը կրկին գնում է սադրիչ գործողությունների:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА