ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՍԵՎԱՆԻ ՄԵԾ ԹԱԼԱՆԻ ԴԵՄՆ ԱՌՆՈՂ ՉԿԱ

09.02.2018 21:30 ԹԵՄԱ
ԱՅԴՊԵՍ ԷԼ ՍԵՎԱՆԻ ՄԵԾ ԹԱԼԱՆԻ ԴԵՄՆ ԱՌՆՈՂ ՉԿԱ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը օրերս ստորագրեց «2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու  մասին» հրամանը: Հրամանով սահմանվել է, որ արդյունագործական որս կարելի է իրականացնել այս չափաքանակներով. Կարաս` ջրային բոլոր տարածքներում, անսահմանափակ: Խեցգետին` Սեւանա լճում, մինչեւ 500 տոննա:

Մեծ Մասրիկ համայնքում արևային կայան կկառուցվի

Այս հրամանից ելնելով` նախ ֆիքսենք. Սեւանում սիգի եւ իշխանի որսը չի թույլատրվում: Բայց չնայած դրան, մասնավորապես, Երեւանի փողոցներում սիգի վաճառք կարելի է տեսնել ամեն քայլափոխի: Սեւանի իշխանն էլ քիչ չէ, թեեւ այն դեռ չի հասել փողոցային վաճառքի աստիճանի: Այսպիսով, եթե արգելված ձկնատեսակներն ամենուր են, ուրեմն այդ ինչպե՞ս են հսկելու, որ Սեւանից որսան հենց 500 տոննա խեցգետին: Այսինքն, ո՞րն է նախարարի հիշատակված հրամանի իմաստը, երբ էս գլխից է ակնհայտ, որ այն որեւէ գործնական հետեւանք չի ունենալու:

 

ՆՈՐԻՑ ՃՈԽ-ՃՈԽ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Մեզ հետ զրույցում «Սեւան» ազգային պարկի տնօրեն ՎԱՀԵ ԳՈՒԼԱՆՅԱՆԸ նախ անդրադարձավ խեցգետնի որսի վերահսկողության մեխանիզմներին՝ նկատելով.

- Այո, համաձայն եմ, Ձեր մտահոգությունը իրոք տեղին է, որովհետեւ մինչ օրս ոչ ոք հստակ չէր կարողանում վերահսկել, թե ինչքան խեցգետին է որսվել արդյունագործական նպատակներով: Միակ վերահսկողությունն ընդամենը այն էր, որ երբ խեցգետին որսացողը այն հանում էր երկրի սահմաններից դուրս, այդ ժամանակ էին իմանում, որ իքս տոննա խեցգետնի որս է իրականացվել: Բայց թե ինչ էր կատարվում երկրի ներսում, ով որքան էր որսում եւ ինչ նպատակներով էր օգտագործում, ոչ ոք չէր իմանում, որովհետեւ պրակտիկապես էլ անհնար էր:

- Իսկ հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է:

- Այո, իմ տնօրեն նշանակվելու ժամանակվանից: Եղել է իմ կողմից հստակ առաջարկ, որ խեցգետնի որսը բերվի օրինական դաշտ եւ հնարավոր լինի վերահսկել: Պետք է օգտագործվի պատասխանատու ձկնորսության տարբերակը, ինչը եւ արվեց: Նախ, սահմանվեց որսի կոնկրետ չափ, թե որ չափն է համարվում արդյունագործական, խեցգետնի համար՝ թույլատրելի, եւ երկրորդ` ինչպես մենք պետք է դա վերահսկենք: Եվ արդեն հիմա Բնապահպանության նախարարությունը ձկնորսական կազմակերպության հետ կնքում է քվոտայի պայմանագիրն, երեք օրինակից բաղկացած` մեկը մնում է որսն իրականացնող ընկերության մոտ, մեկը` նախարարությունում, մյուսը` «Սեւան» ազգային պարկում: «Սեւան» ազգային պարկն է թույլատրում, թե որտեղից պետք է ձկնորսությամբ զբաղվող ընկերությունը որս կատարի, ինչ որսագործիքով եւ այլն: Այնուհետեւ, «Սեւան» ազգային պարկի հետ կնքվում է մեկ այլ լրացուցիչ պայմանագիր, որում կազմակերպությունը ներկայացնում է, թե ովքեր են իր ձկնորսները, որոնք են լողամիջոցները, եւ ինչ որսագործիքներ իրենք պետք է օգտագործեն: Հետեւաբար, մենք նաեւ որսագործիքի վերահսկողություն ենք իրականացնում, որպեսզի ձկնորսությամբ զբաղվող անձինք արգելված կամ վնասակար որսագործիքով որս չիրականացնեն: Մենք նշում ենք նրանց ներկայացրած որսագործիքների քանակը, գրանցում լողամիջոցները, ամեն ձկնորսի համար տրամադրվում է որսի անձնագիր, որտեղ նշված է ձկնորսի անուն-ազգանունը, տվյալները, լողամիջոցի համարները, եւ որ ամենակարեւորն է` որս անելու վայրը, թե ստույգ որ տարածքից ինքը պետք է մտնի, քանի հատ ինչ տեսակի որսագործիք պետք է տեղադրի: Որսի անձնագրի մեջ գրվում է նաեւ «Սեւան» ազգային պարկի  այն տեսուչի անվանումը, ով վերահսկելու է այդ քանակը: Կարեւոր է նաեւ, որ ձկնորսը որսը ավարտելուց հետո չի կարող ինքնուրույն թողնել ու գնալ. նրա տարածքից դուրս գալը պետք է թույլ տա տեսուչը: Մինչեւ որ տեսուչը չստուգի որսված խեցգետնի քանակը, եւ համապատասխան անձնագրում երկուստեք պետք է ստորագրեն որսված խեցգենտի չափաքանակի մասին: Այստեղ, ո՛չ տեսուչին, ո՛չ ձկնորսին ձեռնտու չէ այդ ստորագրությունը չդնել: Քանի որ ձկնորսին պետք է, որպեսզի որսված կիլոգրամի չափը գրվի անպայման, որպեսզի ինքը հետագայում ապրանք արտահանելիս` իր որսված օրերի չափը համընկնի իր արտահանած խեցգետնի հետ: Մենք հենց այդ հարցն ենք լուծել, որպեսզի ոչ մի ձկնորս չկարողանա պարկի տեսուչի հետ մտնի հանցավոր կապի մեջ եւ որսված խեցգետնի քանակը քիչ գրի:

Վահրամ Բաղդասարյանն ընտանիքով այցելել է Արամ Առաջինին

- Նույն վերահսկողական սխեման գործում է նաեւ ձկնորսությա՞ն պարագայում:

- Իհարկե, ես, այսպես ասած, պայքարում եմ, որ նույն սխեման կիրառվի նաեւ ձկան որսի դեպքում: Ցավոք,  դեռեւս ձկան արդյունագործական որսի թույլտվություններ չունենք, եւ այս մեխանիզմը չի գործում: Փորձում ենք, որ այս տարի ձկան որսն էլ այդ տարբերակով լինի, տեսնենք:

- Պարոն Գուլանյան, կարծում եմ ինքներդ էլ չեք ժխտի, որ սիգ եւ իշխան ձկան վաճառք իրականացվում էր նաեւ արգելքի ժամանակ եւ մինչ օրս էլ` շարունակվում է:

- Այո, իհարկե, չեմ կարող չհամաձայնել, որ անգամ արգելքի ժամանակ շուկայում առկա էր սիգ եւ իշխան ձկնատեսակները, եւ պետք չէ դրանից հրաժարվել կամ ծածկել: Այո, որսագողությունը մեծ խնդիր է, առհասարակ: Ձկնագողության դեմ պայքարը խնդիր է ամբողջ աշխարհում:

- Այդ դեպքում ո՞ւմ են պետք նախարարության հրամանները կամ արգելքները, եթե մարդիկ ականատես են լինում, թե ինչպես է սիգ ու իշխան ձկնատեսակը ազատ վաճառվում անգամ օրենքով արգելված շրջանում:

- Այսպես պատասխանեմ, մեր երկրի օրենքներով գողություն անել էլ չի կարելի, մարդ սպանել, հող զավթել էլ չի կարելի: Բայց բոլոր երկրներում էլ կա հանցագործություն: Կարեւոր է, որ մենք կարողանանք դրա դեմ պայքարել:

-  Տարիներ շարունակ խոսվում է պայքարի միջոցների մասին, բայց արդյունքը այդպես էլ տեսանելի չէ: Ուրեմն, ի՞նչ պայքարի մասին է խոսքը:

- Համաձայն եմ, որ խնդիրը դեռ առկա է: Բայց պայքարի միջոցներ էլ կան: Օրինակ,  այս տարի ես առաջարկել եմ, եթե խեցգետնի որսի թույլտվություն լինի, ներառվի մեջը նաեւ չնախատեսված որսը` սիգը, որպեսզի կազմակերպությունը պայմանագիրը կնքելիս նախապես տաս տոկոսի չափով գումար վճարի նաեւ չնախատեսված որսի համար: Նույնը կարասի որսի թույլտվության ժամանակ եմ առաջարկել, որպեսզի մտցնենք սիգի չնախատեսված որս:

 

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Մի խոսքով՝ արդարացումներ եւ ճոխ-ճոխ խոստումներ, որ հազար անգամ լսած կլինենք տարբեր այլ պաշտոնյաներից: Լավ արդարացում է՝ «Բոլոր երկրներում էլ կա հանցագործություն»: Իհարկե՝ կա: Բայց այդ ո՞ր մի երկրում են գողոնը, թեկուզեւ լինի ձկան տեսքով, ամեն քայլափոխի եւ ամենայն ազատությամբ վաճառում մայրաքաղաքի փողոցներում: Եվ եթե նման ազատությամբ վաճառում են, դա մեկ բան է ակնարկում. այս դեպքում գողության դեմ պայքարողները կա՛մ իրենց տեղում չեն, կա՛մ՝ իրենց բաժինն ունեն: Թե չէ՝ քվոտա, պայմանագիր... Իսկ ո՞ւմ է դա պետք, եթե առանց պայմանագրի էլ ուզածների չափ որսում ու վաճառում են:

Ադրբեջանի բանտում ասացին, որ Ալլահից բացի այլ Աստված չկա ու Աստվածաշունչը նետեցին աղբամանը. Լապշին

Հարցազրույցը`

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА