ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԱՐԴԱՍԻԼՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՆԳՐԱԳԵՏ ԲՈՒԺԱԿՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵՔ

09.02.2018 22:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԳԱՐԴԱՍԻԼՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՆԳՐԱԳԵՏ ԲՈՒԺԱԿՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵՔ

Հայաստանում բժշկական լաբորատորիաների կողմից հաճախակի իրականացվող խայտառակ գործառույթների ապացույցներից դարձավ Մասիս բկ-ի լաբորատորիայի աղմուկ հանած պատմությունը: Սակայն ամենավատն այն է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կտրուկ միջամտելու փոխարեն, փորձում է ցույց տալ, թե դա իրեն ամենեւին էլ չի վերաբերում: Համենայնդեպս, մեր հարցմանը նախարարությունից նման պատասխան տվեցին:

 

«ԱՅՍ ՄԻ ԴԵՊՔԸ ԼՍԵԼ ԵՄ»

Այդ դեպքում՝ ո՞վ է վերահսկում լաբորատորիաների աշխատանքները: Այս հարցով դիմեցինք Առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ, ով մեզ հետ զրույցում ասաց.

- Իսկ ով ասաց, որ նման դեպքեր շատ են լինում, չկա նման բան: Այս մի դեպքը լսել եմ, կարդացել եմ թերթերում, բայց դեռ զեկույց չեմ ստացել:

- Դեպքերը իրականում շատ են, պարո՛ն նախարար, ժողովուրդը չի վստահում պոլիկլինիկաների եւ առհասարակ՝ լաբորատորիաների անալիզների պատասխաններին:

- Չեմ կարծում, որ դա այդպես է, կամ որ ժողովուրդը չի վստահում լաբորատորիաներին:

- Դե, դա Ձեր կարծիքն է:

- Կոնկրետ դեպքեր որ լինեն, կարող ենք խոսել: Եկեք չընդհանրացնենք:

- Դեպքերը շատ են, բայց այնուամենայնիվ, կասեք` ո՞վ է լիցենզիա տալիս լաբորատորիաներին, եւ ում կողմից են դրանք վերահսկվում:

- Վերահսկողություն իրականացնում է տեսչական մարմինը, իսկ լիցենզիան տրամադրում է լիցենզիոն կենտրոնը:

- Իսկ կոնկրետ նախարարությունը որեւէ գործառույթ չունի՞:

- Արդեն ասացի, ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ես խոսել եմ տեսչական մարմնի հետ, հանձնարարականները տրված են, քննություն է ընթանում դեպքի վերաբերյալ: Հնարավոր է, ինչ-որ կողմնակի մեկը շեղել է, խանգարել, ամեն ինչ կարող է լինել: Դրա համար եմ ասում, թող պարզվի ամեն բան, նոր վերջնական եզրակացություն կանենք: Հիմա կարող եմ միայն ասել, որ մարզային բուժկենտրոնների մեծամասնությունում աշխատողները բարեխիղճ են կատարում իրենց պարտականությունները:

 

ՆԱԽԱՐԱՐՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՍԱՐՔԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Ինչո՞ւ միայն մարզային: Կարող ենք տասնյակ օրինակներ բերել, որ մայրաքաղաքի տարաբնույթ լաբորատորիաներ եւս, մեղմ ասած, անալիզներին ոչ կոմպիտենտ եզրակացություններ են տալիս: Ավելին, կարող ենք նաեւ բազում օրինակներ բերել, որ նման եզրակացությունների հիման վրա հիվանդին սխալ ախտորոշում են տվել: Եվ դրանից հետո արդեն «բուժումը» մարդուն մահվան դուռն է հասցրել: Բերենք այլ օրինակ, թե ինչպես էր բուժհաստատության բուժքույրը զինկոմիսարիատից բուժզննման ուղարկված պատանու ծնողին խորհուրդ տալիս՝ «Մի քանի կոպեկ տվեք, որ նորմալ անալիզ անեն: Թե չէ, կարող են մեկ ուրիշի անալիզի եզրակացությունն արտագրել ու տալ»: «Չեմ կարծում, որ ժողովուրդը չի վստահում լաբորատորիաներին»,- ասում է նախարարը: Դա կարծել-չկարծելու բան չէ. դուրս եկեք փողոց, պարոն նախարար, գոնե մի 10 մարդու հարցրեք ու կտեսնեք՝ վստահում են, թե՝ չէ:

Հանուն արդարության ֆիքսենք, որ մեր իմացած օրինակներից շատերը գործող նախարարի օրոք չեն եղել, նա չէ պատասխանատուն: Այսինքն, նա մաքուր էջից եղածը շտկելու շանս ուներ: Բայց, փորձելով չտեսնելու տալ վիճակը, նա մեխանիկորեն ստանձնում է առկա խայտառակ պատկերի պատասխանատվությունը: Առավել եւս, երբ փորձում են ցույց տալ, թե դա նախարարությանը չի վերաբերում: Ուրեմն պարզ հարց՝ ո՞վ ինչպե՞ս, ի՞նչ չափանիշներից ելնելով է լաբորատորիաներին գործունեության լիցենզիա տալիս: Չկա՞ն վատ գործողներին լիցենզիայից զրկելու մեխանիզմներ: Մի քիչ էլ ընդլայնենք: Ո՞վ է տարաբնույթ մասնավոր բուժական կառույցներին, ասենք՝ ատամնաբուժարաններին լիցենզավորում: Այն դեպքում, երբ դրանցից շատերն առաջնորդվում են` «Ատամնացավը բուժելու համար պետք է գլուխը կտրել» սկզբունքով: Այ, այս հարցերը լուծեք, թե չէ՝ գարդասիլ, ծխելու դեմ պայքար: Ձեր բազում մազոխիստ ատամնաբույժներին տուգանեք, ոչ թե՝ ծխողներին: Հաստատ դա հանրային առողջության համար բազմապատիկ անգամ օգտակար կլինի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА