ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱԿՏԻՎ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ

09.02.2018 23:10 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱԿՏԻՎ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ

Հայ շախմատիստներն այս օրերին շարունակում են ուժերը փորձել մի քանի միջազգային մրցաշարերում: «Մոսկվա Օփենին» մասնակցող հայ շախմատիստներին չհաջողվեց բարձր արդյունքներ գրանցել, թեեւ հնարավորություն կար:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը` Ստրանջայի մրցաշարում

«Մոսկվա Օփենը» ներառում էր 5 մրցաշար՝ A, B, C, D1, D2: Հայաստանը ներկայացնող 18 շախմատիստները բաշխված էին առաջին 3 խմբում: A մրցաշարի մեր մասնակիցներից լավագույն արդյունքը Գեւորգ Հարությունյանինն էր, ով 6.5 միավորով կիսեց 6-16-րդ տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Սեմյոն Լոմասովը՝ 8 միավորով:

B մրցաշարում մասնակցում էին միայն կանայք: Սուսաննա Գաբոյանը մինչեւ մրցաշարի ավարտը առաջատար դիրքերում էր եւ եզրափակիչ տուրում հաղթանակ տանելու դեպքում վերջինս կգրանցեր երկրորդ արդյունքը, բայց պարտություն կրեց եւ բավարարվեց 13-րդ հորիզոնականով: Գաբոյանը նաեւ 4-րդ անգամ լրացրեց կանանց միջազգային վարպետի նորմա եւ 50 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: ՖԻԴԵ-ի մոտակա կոնգրեսին նրան կշնորհվի կանանց միջազգային վարպետի կոչում:

Իսկ Բելառուսում ավարտվեց «Օրշա 2018» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 8 երկրների 78 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր եւ 4 միջազգային վարպետ: Այստեղ իրեն շատ լավ դրսեւորեց հայ պատանի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը: Մրցաշարում սահմանված էին մրցանակներ լավագույն արդյունք ցույց տված կին մասնակիցների համար: Մարիամ Մկրտչյանի արդյունքը երրորդն էր: Մկրտչյանը նաեւ շուրջ 100 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Մկրտչյանը հաջող ելույթ ունեցավ նաեւ մրցաշարի շրջանակներում անցկացված մինչեւ 14 տարեկանների կայծակնային մրցաշարում: Հայ շախմատիստուհին 6 միավորով լավագույնը դարձավ աղջիկների հաշվարկում: Մրցաշարում լավ ելույթներ ունեցան նաեւ պատանի շախմատիստներ Արման Ղեւոնդյանը, Սամվել Անտոնյանը եւ Արգիշտի Պետրոսյանցը, ովքեր իրենց վարկանիշները բարելավեցին համապատասխանաբար 150, 130 եւ 113 կետով:

Այս օրերին լարված պայքար է ընթանում Իրանում՝ «Ֆաջրի» Գավաթի խաղարկությունում: 6-րդ տուրից հետո 4 շախմատիստ՝ Յուրի Կուզուբովը, Փարհամ Մաղսուդլուն, Ամին Տաբատաբեյը եւ Պուրամեզանալի Ամիրեզան վաստակել են 5-ական միավոր եւ գլխավորում են աղյուսակը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն իր ակտիվում ունի 4 միավոր, Վահե Դանիելյանը՝ 3.5, Սիրանուշ Ղուկասյանը՝ 2, իսկ Արփինե Գրիգորյանը՝ 1 միավոր:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА