ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եվրոպական դասականի կողքին հայկականն ինձ համար առաջնակարգ է, հատկապես Կոմիտասը».լիբանանահայ սոպրանո

09.02.2018 18:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«Եվրոպական դասականի կողքին հայկականն ինձ համար առաջնակարգ է, հատկապես Կոմիտասը».լիբանանահայ սոպրանո

Լիբանանահայ երգչուհի, սոպրանո ՇՈՂԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ կրկին Հայաստանում է, այս անգամ էլ երգչուհին հայրենիք էր վերադարձել համերգային գեղեցիկ ծրագրով, որը հայ հանդիսատեսին ներկայացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): Սա նրա երկրորդ համերգն է Հայաստանում եւ առաջին համագործակցությունը պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ս. Սմբատյանի հետ ծանոթությունը եւ համագործակցությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ եւ հերթական հանդիպման ժամանակ որոշել են համատեղ ներկայացնել համերգային ծրագիր.«Հուսամ, նվագախմբի հետ համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ մեծ հաճույքով ու կազմակերպված աշխատեցինք: Կարծում եմ` կշարունակենք համագործակցել եւ ներկայանալ ավելի մեծ գործերով»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Շ. Թորոսյանը:

«Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է»

Համերգի ընթացքում հնչեցին ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:

«Ինձ համար միշտ էլ երազանք է եղել մենահամերգով հանդես գալ իմ հայրենիքում: Մեծ ուրախություն է ներկայանալ հայ հանդիսատեսին: Ինչպես սփյուռքում, այնպես էլ այստեղ մեծ հաճույք է ներկայացնել մեր արվեստը: Հայաստանում ելույթ ունենալիս զգացողությունները տարբեր են, բայց արտիստը որտեղ էլ լինի` պետք է իր արվեստը գերազանց ներկայացնի»:

Երգչուհու երգացանկի անբաժան մաս են կազմում Կոմիտասի ստեղծագործությունները եւ հայ հոգեւոր դասական երգերը, որոնք սիրով կատարելուց զատ, Շողիկ Թորոսյանը պատասխանատվություն է ստանձնել տարածել Սփյուռքում եւ ծանոթացնել հայ երիտասարդներին.«Ցանկանում եմ, որ հայ երիտասարդներն էլ ծանոթանան մեր հայ հոգեւոր երաժշտությանը, որպեսզի նրանք մոտենան մեր ակունքներին: Այնպես որ, եվրոպական դասականի կողքին հայկականն ինձ համար առաջնակարգ է, հատկապես Կոմիտասը: Հայ հոգեւոր երաժշտությունն իմ հոգում է»:

Շողիկ Թորոսյանը խոստանում է կրկին վերադառնալ Հայաստան` արդեն նոր համերգային ծրագրով:

Համերգին Շ. Թորոսյանը կատարեց նաեւ լիբանանահայ բանաստեղծ Աշոտ Բագրատունու բանաստեղծության հիման վրա գրված ստեղծագործությունը, որի երաժշտությունը հեղինակել է Էդգար Գյանջումյանը, ով նույնպես ներկա էր համերգին:

Կատարումը լսելուց հետո Գյանջումյանն անձամբ բեմ բարձրացավ եւ շնորհակալություն հայտնեց Շողիկ Թորոսյանին եւ նվագախմբին` Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ.«Երկար ժամանակ կանխավայելում էի այս օրը, շնորհակալ եմ: Երբ առաջին անգամ հանդիպեցի Շողիկի հետ, հասկացա, որ գործ ունեմ մի մարդու, արվեստագետի հետ, ով գիտակցում է իր առաքելությունը: Ստեղծագործությունը նրան ցույց տալուց հետո տեսա նրա աչքերի հմայքը` հասկացա, որ այսօրը լինելու է: Թող Աստված կրկնապատկի Ձեր եւ այն արվեստագետի ուժերը, ով ծառայում է իր ժողովրդին եւ արվեստագետի ազնիվ տեսակն է»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА