ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազգապահպան առաքելությանը սպառնալով` խոցելի ենք դարձնում հայ մարդու ոչ միայն ինքնությունը, այլեւ անվտանգությունը»

13.02.2018 23:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ազգապահպան առաքելությանը սպառնալով` խոցելի ենք դարձնում  հայ մարդու ոչ միայն ինքնությունը, այլեւ անվտանգությունը»

Շրջանառության մեջ է դրվել ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Ավելին` այս օրերին նախագծի վերաբերյալ ակտիվ հանդիպումներ են ունենում փորձագիտական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները: Անդրադառնալով վերոնշյալ նախագծին, որն, ի դեպ, վերջին 10 տարվա ընթացքում 5-րդ անգամ է մշակվում, «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

«ԴՐՍԵՎՈՐՎԵԼ Է ԱԿՆՀԱՅՏ ԱՆՀԻՄՆ ԶԳՈՒՇԱՎՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ»

–«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախորդ նախագծում, որը կյանքի չկոչվեց, տարանջատվում էր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մյուս կրոնական կազմակերպություններից: Այս նախագծով, կարծես, հավասարության նշան է դրվում: Չե՞ք կարծում, որ սա հակասահմանադրական է, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր հոգեւոր, մշակութային կյանքում եւ ազգային ինքնության հարցում:

– Ձեր կողմից մատնանշված դրույթն արմագրված էր նաեւ 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ, ընդ որում, տվյալ դեպքում` վճռորոշը «ազգային եկեղեցի» եզրույթն է, որն ինքնին նախանշում է ինքնուրույն սահմանադրական կարգավիճակ: Ցավով պետք է նկատեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակի եւ, ընդհանրապես, առաքելության հարցադրումները դեռեւս համարժեք չեն ընկալվել, հստակ չեն մեկնաբանվել, իսկ հաճախ էլ դրսեւորվել է ակնհայտ անհիմն զգուշավոր մոտեցում, ինչը բնավ չեք նկատի անգամ ԵՄ անդամ երկրներում: Մի պարզ օրինակ` «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը նորանկախ Հայաստանի առաջին օրենքներից էր, այն ընդունվել է դեռեւս 1991 թ. հունիսի 17-ին, երբ երկրում չէին հասցրել անգամ մեկ տասնյակ օրենքներ ընդունել: Անկախության ոգին այնքան զորեղ ու զգայուն էր, որ հիշյալ օրենքում անարգել ամրագրվեց «ազգային եկեղեցի» եզրույթը, ինչը սակայն արդեն մի քանի տարի անց` 1995 թ. հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունված Սահմանադրության տեքստում անտեսվեց: Հետագայում, ինչպես նկատեցինք, այն, այնուամենայնիվ, արտացոլվեց Սահմանադրությամբ, սակայն այդպես էլ փորձ չարվեց օրենսդրական ամրագրում տալու այդ եզրույթի բնորոշմանը: Այդ փորձը բացակայում է նաեւ ներկայումս դրված օրինագծում:

Ինչ վերաբերում է առաքելությանը, ապա առ այսօր փորձ է արվում այն հրամցնելու իբրեւ պատմական փաստ, բայց ոչ երբեք ամրագրված եւ երաշխավորված գործառույթ` որպես տեսլական: Մինչդեռ` ազգային ինքնության պահպանման առաքելությունը, ինչը վերապահված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ավելի, քան այժմեական է: Գործնականում այդ առաքելությունը կյանքի է կոչվում ամենուր, հատկապես, Սփյուռքում: Այս եւ բազում այլ փաստարկները վկայում են, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դասական, ինչպես նաեւ օրինագծում նախատեսված իմաստով չի կարող կրոնական կազմակերպություն լինել: Ու սա բնավ չի հանգեցնի խտրականության սկզբունքի խաթարմանը, քանզի այն աղերսներ չունի անձանց մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրացման հետ: Վերջին հաշվով, Սահմանադրությամբ արդեն իսկ ճանաչված կառույցին հարիր չէ օրինական կարգավիճակ վերապահել սոսկ գրանցման ընթացակարգով: Բնորոշ է, որ Սահմանադրությամբ ճանաչված որեւէ այլ մարմնի կամ կազմակերպության առնչությամբ գրանցման ընթացակարգ սահմանված չէ:  

«Սուրբ գիրքն ամեն օր»

«ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆԸ»

– ԵԽ Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները, ըստ էության, փորձում են իրենց քիմքին հարմար նախագիծ անցկացնել Հայաստանում: Մինչդեռ եվրոպական մի քանի երկրներ էլ կան, որտեղ աղանդավորական որոշ կազմակերպությունների գործունեությունն արգելվել է, ի՞նչ է հուշում արտասահմանյան փորձը:

– Ծանոթ եմ այդ միջազգային կառույցների եզրակացություններին, իսկ փետրվարի 7-ին հանդիպումներ եմ ունեցել նաեւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ` իրենց իսկ խնդրանքով: Մի վերապահում. այդ եզրակացություններում սակավաթիվ են միանշանակ դիրքորոշումները, իսկ իրավական լուծումները թողնվում են ազգային օրենսդրության հայեցողությանը: Նկատեմ, որ մտավախություններն էլ միշտ չէ, որ հստակ հիմնավորումներ ունեն: Այսպես, Վենետիկի հանձնաժողովի 2009 թ. հունիսի 23-ի եզրակացությամբ (20-րդ կետ) արձանագրվել է. «Այն երկրում, որտեղ ազգային ծագման ու որոշակի եկեղեցու պատկանելության միջեւ գոյություն ունի հստակ կապ (օրինակ` Հայաստանում, որտեղ բնակչության 98%-ը ծագումով հայ է, իսկ քաղաքացիների 90%-ը անվանականորեն պատկանում է ՀԱՍԵ-ին), հավանական է, որ այլ կրոնների հանդեպ խտրականության առաջացման առիթ լինի: Այս հավանականությունը կանխարգելելու նպատակով հարկավոր է պաշտպանել կրոնական բազմախոհությունը, որը ժողովրդավարության կարեւոր տարր է»: Եթե այս տրամաբանությամբ շարունակենք, ապա ԵՄ բազմաթիվ երկրներում գրեթե նույն պատկերն է, սակայն որպես մտավախության հիմք հարկ է դիտարկել ոչ թե վիճակագրությունը, այլ եկեղեցական կառույցների դե ֆակտո պահվածքը: Ակնհայտ է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կրոնական կազմակերպությունների եւ այլ կրոնական կառույցների նկատմամբ դրսեւորում է ընգծված հանդուրժողականություն, ինչը բնավ հնարավոր չէ ասել բազում այլ կրոնական կազմակերպությունների եւ աղանդների առնչությամբ, որոնց բուն կրոնական «առաքելությունը» հանգում է բացառապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն տարաբնույթ մեղադրանքներ ներկայացնելուն: Ինքս արդեն անդրադարձա կրոնական կազմակերպությունների իրավական հիմքերի նկատմամբ անհարկի ու հաճախ անհիմն զգուշավոր քաղաքականությանը, հավելեմ միայն, որ այո` ԵՄ մի շարք երկրներում, հատկապես, Ֆրանսիայում եւ Նորվեգիայում մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների իրացմանը խոչընդոտող եւ հասարակական կարգին վտանգ սպառնացող կրոնական կազմակերպությունների գործունությունը դադարեցված է: Խոսքը նաեւ այնպիսի կազմակերպությունների մասին է, որոնք գրանցված են ու անարգել գործում են Հայաստանում, բայց, միեւնույնն է, դժգոհում են եւ հանրային իշխանությանը մեղադրում` հանդուրժողականության բացակայության մեջ:

ԳՈՒՄԲՈՒՐԴՈՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՁԳՁԳՈՒՄ Է

– Ի դեպ, նոր նախագծում նաեւ կրոնական կազմակերպությունների հաշվետվողականությունն է մեղմացվել, չե՞ք կարծում, որ սա կանաչ լույս է վառում արտասահմանից խոշոր գումարներ ստացող եւ Հայաստանում կրոնական քողի տակ այլ նպատակներ հետապնդող կազմակերպությունների համար:

– Հաշվետվողականության հարցում Հայաստանում գրանցված որոշ կրոնական կազմակերպություններն անգամ դա են վիճահարույց համարում` ակնկալելով, որ չբացահայտվեն ընդհուպ ֆինանսավորման աղբյուրները. այդ դիրքորոշումը միանշանակ հնչեց Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ ս.թ. փետրվարի 7-ին կայացած հանդիպմանը: Ինքս այդ քննարկման ընթացքում հրավիրեցի մասնակիցների ուշադրությունն առնվազն փողերի լվացման դեմ պայքարի տեսանկյունից ողջամիտ հաշվետվողականության անհրաժեշտության վրա: Պետությունը, բնականաբար, չի կարող թույլ տալ, որպեսզի կրոնական ազատության պատրվակով անարգել ու առանց որեւէ հսկողության Հանրապետություն ուղղվեն հսկայական ծավալի գումարներ, որոնք կարող են ծառայել բացառապես այլ, ազգային անվտանգության տեսանկյունից խիստ խոցելի նպատակներով: Ակնհայտ է, որ իրավաչափ ֆինանսավորման հարթությունում գործող եւ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու պատրաստ ցանկացած կազմակերպություն դեմ չի լինի խելամիտ հաշվետվողականությանը:

«ՃՇԳՐԻՏ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՅՆ ԽՈՑԵԼԻ ՉԷՐ ՀԱՄԱՐՎԻ»

–Նախագծում հանված է «հոգեորսություն» տերմինը, չե՞ք կարծում, որ սա լուրջ բացթողում է` հաշվի առնելով այն տոտալիտար աղանդների գործունեությունը մեր երկրում, որոնք կարող են ազգային անվտանգության սպառնալիք դառնալ:

– «Հոգեորսություն» եզրույթն իսպառ օրենսդրական շրջանառությունից հանելը պայմանավորված է եղել ՄԻԵԴ-ի նախադեպային մի շարք դատական ակտերով, որոնցով իրավաչափ չի համարվել այդ հիմքով անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը: Սակայն խնդիրը դեռեւս մակերեսային վերլուծության հարթության վրա է, քանի որ ՄԻԵԴ-ը ոչ թե ընդհանրապես է բացառել հոգեորսությունը, այլ այդ արարքի անհիմն ձեւակերպումը (օրինակ` Հունաստանի պարագայում), ինչից բխում է, որ ճշգրիտ ձեւակերպման պարագայում այն խոցելի չէր համարվի. վերջին հաշվով, Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն, խղճի եւ կրոնի ազատությունը բացարձակ իրավունք չէ եւ կարող է սահմանափակվել պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: 

«ԱԼԻԵՎՆ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է, ՔԱՆ ՋԼԱՏՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԸ»

Այդ եզրույթին համարժեք մեկ այլ եզրույթ է ներկայումս շրջանառության մեջ դրված՝ «պռոզելիտիզմ», որն ի սկզբանե վերաբերում էր հրեական կրոնին անցած հեթանոսներին, իսկ վաղքրիստոնեական շրջանում՝ քրիստոնյա դարձած այլադավաններին: Մեր ժամանակներում այն արդեն բացասական երանգով է օգտագործվում, մասնավորապես դրանով մատնանշվում է քարոզչության կանոնների չարաշահումը: Տեսությունների համադրման արդյունքում կարող ենք ուրվագծել պռոզելիտիզմի դրսեւորումները՝ ա) կրոնական որեւէ ուսմունքի կամ առանձին բաղադրիչների ծաղրում, բ) որեւէ դավանանք բացառիկ ճշմարիտ որակելը՝ մյուս դավանանքերին սխալ համարելու համատեքստում, գ) սեփական դավանանքը կրոնաբարոյական բարձր արժեքներ հռչակելը՝ այն հիմնավորելու համար այլ դավանանքների հիմնախնդիրներին բեւեռվելու միջոցով, դ) որեւէ դավանանքի հետեւորդների նկատմամբ, համապատասխան կրոնական կառույցների դժվարությունների, հավատացյալների լքվածության, հիվանդությունների եւ նմանաբնույթ այլ խոցելի վիճակների օգտագործմամբ դավանափոխ լինելու նկատառումով հակաքարոզչություն իրականացնելը, ե) հումանիստական միջոցների, ինչպես նաեւ պատմական խեղաթյուրումների գործադրմամբ այլ դավանանքի պատկանող հետեւորդներին դավանափոխ անելուն միտված ջանքերը, զ) մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտմամբ կրոնական քարոզչություն իրականացնելը եւ է) տարաբնույթ բռնությունների միջոցով կրոնական դավանափոխության նկատառումով մարդկանց ներաշխարհի վրա ազդեցությունը:

Քարոզչության անվան տակ մարդկանց տարրական իրավունքների ոտնահարման դեպքերը բացառելու նկատառումով ներկայումս շրջանառության մեջ գտնվող օրինագծերը, կարծում եմ, նպատակահարմար է լրամշակել, թեպետ՝ հասկանալի պատճառներով, անգամ եղածն են վիճահարույց համարում վերոհիշյալ որոշ կրոնական կազմակերպություններն ու աղանդները:

Ցավոք, վերջին շրջանում պատմական փաստերն աղավավաղելու, օրենսդրությամբ միանգամայն իրավաչափ լուծումներ առաջադրելուն անհարկի խոչընդոտելու սիրահարների պակաս չի զգացվում, անտեսվում է այն պարզ իրողությունը, որ ազգապահպան առաքելությանը սպառնալով, խոցելի ենք դարձնում յուրաքանչյուր հայ մարդու ոչ միայն ինքնությունը, այլեւ անվտանգությունը: Անհարիր է այնպիսի պարզունակ դատողություններով, ինչպիսիք են՝ իբր քրիստոնեությունը նվազեցնում է բանակի մարտունակությունը, թույլ չի տալիս զենքով պաշտպանել Հայրենիքը, քանի որ դա հակասում է պատվիրաններին եւ այլն, հույս փայփայել, որ կքանդվեն Հայ մարդու հոգեւոր ներաշխարհի հիմնասյունները եւ նա կդառնա տարաբնույթ փորձարկումների համար հարմար հումք:  

Տարադրամի փոխարժեքը Հայաստանում

Հավելեմ, որ Արդարադատության նախարարությունը, իմ համոզմամբ, համարժեք պատասխանատվությամբ ու արհեստավարժությամբ է մոտենում հիշյալ ոլորտի օրենսդրական կարգավորումների բարդություններին, պարզապես մեր դժգոհությունը հանգում է որոշ խնդրահարույց հարցադրումների, որոնց մասամբ անդրադարձա՝ Ձեր հարցերին պատասխանելիս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА