ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տարաձայնությունները վերաբերում են կոնկրետ հարցի եւ էմոցիոնալ արդյունք չեն»

20.03.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Տարաձայնությունները վերաբերում են կոնկրետ հարցի եւ էմոցիոնալ արդյունք չեն»

Երեւանի ավագանին երեկ քննարկեց «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացրած երկու նախագծերը, որոնցից մեկը վերաբերում էր մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով վերանվանելուն, իսկ մյուսը` Մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան տեղադրելուն: Սակայն, ԵԾ-ական նախագծերի քննարկմանը ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը չմասնակցեց ու դուրս եկավ նիստերի դահլիճից: Այս ամենը հատկապես ուշագրավ էր, որովհետեւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունում տարաձայնություններ կային` վերոնշյալ նախագծերից մեկի հետ կապված: Խնդիրն այն է, որ «Ելքի» անդամ երկու կուսակցությունները` «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Լուսավոր Հայաստանը» կողմ էին «Երկիր ծիրանի» խմբակցության` Երեւանում Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցնելու առաջարկին« իսկ «Հանրապետություն» կուսակցության 4 ավագանու անդամները` դեմ: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻ հետ:

Ծիծեռնակաբերդում Փաշինյանը ոստիկաններին «հրամաններ» էր տալիս (Տեսանյութ)

–Պարոն Խաժակյան, Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցնելու «Երկիր ծիրանիի» նախագծի վերաբերյալ հակասություններ կային Ձեր խմբակցությունում: Միգուցե, նաեւ դրանո՞վ էր պայմանավորված, որ բոյկոտեցիք ու չմասնակցեցիք քննարկմանը:

– Ես նիստերի դահլիճում էլ հայտարարեցի, որ Մարտի 1-ի հուշարձանի տեղադրմանը մենք կողմ ենք եւ չենք բացառում, որ այդ կապակցությամբ քայլեր կանենք: Բայց նաեւ մեր ելույթներով արտահայտեցինք մեր դիրքորոշումը, որ երկու հարցերն էլ, ըստ էության, ո՛չ վերաբերում էին անվանափոխմանը, եւ ո՛չ էլ հուշարձանի տեղադրմանը, դրանք բոլորովին այլ նպատակաուղղվածություն ունեին: Մեր դիրքորոշումը հայտնել ենք, որ չենք քննարկում այն հարցերը, որոնք մեզ համար անքննարկելի են:

– Իսկ գուցե, պարզապես կար մտավախություն, որ քննարկմանը մասնակցելու դեպքում Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը միասնական չէր քվեարկի...

– Մենք ի սկզբանե էլ հայտարարել ենք, որ միասնական ենք նաեւ այս առումով, պարզապես, մեր այս քայլով արտահայտել ենք մեր վերաբերմունքը: Այսինքն` մենք ոչ թե քվեարկությունից ենք խուսափել, այլ հայտարարել ենք, որ քննարկելն առհասարակ ինքնին ընդունելի չէ, ուր մնաց քվեարկելը:

– ԱԺ «Ելք» խմբակցությունում կան տարաձայնություններ` այս շրջանում   փողոցային պայքար սկսել-չսկսելու վերաբերյալ, հետաքրքիր է` այդ հակասությունները կա՞ն նաեւ «Ելքի» ավագանու անդամների միջեւ:

– Մեր թիմակիցների տարաձայնությունները վերաբերում են կոնկրետ հարցի եւ  էմոցիոնալ արդյունք չեն, ուստի` մենք էլ այստեղ ունենք կոնսենսուս` քննարկվող հարցերի նկատմամբ: Այնպես որ, որեւէ բացասական էներգետիկա մեր մեջ չկա:

– Իսկ կոնկրետ փողոցային պայքարի գնալու հետ կապված` այսօր ի՞նչ դիրքորոշում ունեք:

– Կարծում եմ` մոտ օրերս արդեն հայտարարությունը կլինի: Մենք հստակ արձանագրել ենք, որ փողոցային պայքարից չենք խուսափում, նկատի ունեմ` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, եւ քննարկվում են արդյունավետ ճանապարհները: Իսկ թե որը կլինի արդյունավետ ճանապարհը, մոտ օրերս պարզ կդառնա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА