ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.03.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ մի ասա, կրակ ու պատիժ ասա: Ահա վերջերս նա ինչ է հայտարարել. «Հակահարված պատժիչ գործողությունները, որ մեր ազգի սերուցքի ներկայացուցիչները հասցնելու են ռեժիմին, որակական հատկանիշներով եւ մասշտաբային առումով զգալի չափով գերազանցելու են նախորդներին: Դիմադրությունը եւ հակահարվածը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել ռեժիմը, ու Հայաստանը չի ազատազրկվել»: Այսինքն` նա սպառնում է ավելի մասշտաբային գործողություններով, քան` ՊՊԾ գնդի գրավումը: Ու զարմանալի է, որ այսքանից հետո նրա ճամբարակիցները նեղանում են, որ իրենց տեռորիստ ես ասում: Բայց առավել զարմանալի է նրա լեզվի սայթաքումը` որ ինչ անելու է, անելու է մինչ այն պահը, երբ Հայաստանը կազատազրկվի: Դրանով նա ակամա մատնում է իր երազանքը` իշխանություն գրավելու դեպքում երկիրը վերածել համակենտրոնացման ճամբարի: Անշուշտ, իշխանության նա երբեք չի հասնի, հետեւաբար այդ հեռանկարը մեզ չի սպառնում, բայց... ՀՅԴ անդամներ, ձեր կուսակցական ընկեր Լեւոն Մկրտչյանին հարցրեք` ինչո՞ւ է նույն Սէֆիլյանի անունը հանվել դասագրքերից: Օրուելի վեպում նկարագրված հանրային մոդե՞լն է ձեզ հոգեհարազատ, թե` հիշել եք, որ ժամանակին նա հեռացել է ՀՅԴ-ից: Ի վերջո, ինչ էլ նա արել է Ազատամարտից հետո, նրա մասնակցությունը Ազատամարտին հո պատմական փաստ է:

ԶԱՐՄԱՆՔ

Քանի որ խոսք գնաց ՀՅԴ-ի մասին, չենք կարող չհիշատակել տարօրինակ առաջարկությունը, որը հնչեցրել է ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, այն է` ԱԺ կանոնակարգում փոփոխություն մտցնելու. «Եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ»: Սա ի՞նչ տարօրինակ մոտեցում է` քանի որ քիչ ենք, պետք է լինենք մի հոգով միաժամանակ մի քանի հանձնաժողովներում: Իսկ կարո՞ղ է պատահել, որ վաղն էլ ասեն` քանի որ մենք քիչ ենք, ապա կառավարությունում թող մեր մեկ նախարարը ղեկավարի ոչ թե մեկ, այլ երկու նախարարություն միաժամանակ:

Զարմանալի բան է տեղի ունեցել ոստիկանության պրակտիկայում: Ոստիկանները գրպանահատության համար բերման էին ենթարկել 28-ամյա ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ: Անշուշտ, դա լավ է, որ ոստիկանները վերջին ժամանակներում ակտիվորեն բռնում են գրպանահատներին, սակայն զարմանալին այն է, որ մինչ այդ, նույն գրպանահատը էլի բերման էր ենթարկվել գրպանահատության համար, բայց ստորագրությամբ ազատ էր արձակվել եւ ահա իր նկատմամբ քրգործի առկայության պայմաններում նորից գրպանահատություն է կատարել: Իսկ միգուցե ժամանա՞կն է վերագնահատել գրպանահատության հանրային վտանգավորության աստիճանը, ու դա հավասարեցնել բավականին խոշոր բնակարանային գողություններին: Չէ՞ որ ի վերջո, մարդը կարող է պինդ կողպեքներով փակել իր բնակարանը, բայց հո փողոցում կամ հասարակական տրանսպորտում չի կարող կողպեք դնել իր գրպանների վրա:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА