ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ՇԱՆՏԱԺԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԲՆՈՐՈՇ ՆԿԱՐԱԳԻՐ Է»

20.03.2018 21:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ՇԱՆՏԱԺԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԲՆՈՐՈՇ ՆԿԱՐԱԳԻՐ Է»

ԱՄՆ-ն այս օրերին կրկին ռազմական սպառնալիք է հնչեցնում Սիրիայի հասցեին: Մասնավորապես, որ եթե Սիրիայում քիմիական զենքեր օգտագործվեն, Վաշինգտոնը կարող է հարվածել անգամ մայրաքաղաք Դամասկոսին: Ի պատասխան, ՌԴ-ն էլ նշել է, որ պատրաստ է պատասխան հարված տալ: Որքանո՞վ են ԱՄՆ-ի սպառնալիքները իրատեսական, ի՞նչ հանգուցալուծում է տեսնում այս ամենի հետ կապված պաշտոնական Սիրիան, ի վերջո, որքանո՞վ է ստեղծված լարված իրավիճակից տուժում տեղի հայ համայնքը: Հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր ԺԻՐԱՅՐ ՌԵԻՍՅԱՆԻՆ, ով սակայն, չցանկացավ դեռեւս ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքների վերաբերյալ կարծիք հայտնել` պատճառաբանելով.

«Հանրահավաքների ընթացքում աստիճանաբար նկատելի է դառնում արտաքին գործոնը»

 

«Սիրիան պայքարում եւ շարունակելու է պայքարել»

- Այդ հարցի վերաբերյալ առայժմ ձեռնպահ կմնամ կարծիք հայտնելուց: Իհարկե, ես ունեմ իմ անձնական տեսակետը, կարծիքը, բայց որեւէ պաշտոնական մեկնաբանություն դեռեւս չեմ ցանկանում անել: Ուզում եմ հստակ լինի, թե ինչու եմ առայժմ հրաժարվում ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքների մասին խոսել: Միակ պատճառն այն է, որ քանի որ ես պատգամավոր եմ, իմ ցանկացած մեկնաբանություն այդ թեմայով կարող է լրիվ այլ երանգներ ստանա:

- Լավ, ամեն դեպքում ինչպե՞ս եք տեսնում այս հակամարտության հանգուցալուծումը:

- Պետք է ասեմ, որ այն լուրերը, որ Սիրիայում իրավիճակը լարված է, մի փոքր այլ բառով պետք է ներկայացնել: Իրականում լարվածության հարց, որպես այդպիսին, չկա: Միակ եւ թերեւս այդպես անլուծելի խնդիրը Սիրիայում հետեւյալն է՝ վերջ տալ ահաբեկչական գործողություններին: Այն ահաբեկչական գործողություններին, որոնք հովանավորվում են միջազգային մի շարք գերտերությունների ուղղակի կամ անուղղակի աջակցությամբ: Հենց այդ երկրների թեթեւ ձեռքով Սիրիան դարձավ պատերազմի թատերաբեմ՝ տարբեր երկրների շահերի համար: Ինչ վերաբերում է այս ահաբեկչական գործողություններին վերջ տալուն ուղղված քայլերին, ապա Սիրիան եւ մեր երկրի կողքին կանգնած Ռուսաստանը ջանք չեն խնայում՝ վերացնել լարվածությունը: Դրա արդյունքներից մեկն այն է, որ Սիրիայի մեծ մասն այսօր ազատագրված է:  Հենց այդ ազատագրման ճանապարհին ահաբեկչական խմբավորումները հասկացան, որ Սիրիան չի պատրաստվում հանձնվել, հակառակը՝ պայքարում եւ շարունակելու է պայքարել ամբողջական ազատագրման համար: Չգիտեմ երբ, բայց շատ շուտով Սիրիան ամբողջապես կազատագրվի ահաբեկչական խմբավորումներից, հետ կվերադարձնի բոլոր զավթված տարածքները եւ կվերականգնի իր իրավունքները՝ ողջ երկրով:

 

«ԱՄՆ-ի վերջին սպառնալիքները մեծ մտահոգության տեղիք են տվել»

- Պարոն Ռեիսյան, թեպետ նշեցիք, որ Սիրիան շուտով կվերականգնի իր տարածքները, բայց ընդամենը շաբաթներ առաջ Թուրքիան բավականին տարածքներ գրավեց եւ դեռ առաջ է շարժվում:

- Այո, ճիշտ եք, որովհետեւ Թուրքիան ոչնչով չի տարբերվում ահաբեկիչներից: Ավելին, ահաբեկչությունը, շանտաժը Էրդողանի իշխանությանը բնորոշ նկարագիր է: Եթե նախորդ տարիներին Թուրքիան զինված խմբավորումներին ստվերային ձեւով էր օգնում, օժանդակում եւ թիկունք կանգնում թե՛ զենքով, թե՛ զինյալներով, ապա այժմ անցել է բացահայտ ձեւով գրոհի: Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան այժմ փորձում է Սիրիայի տնտեսական, արդյունաբերական կարողությունները կողոպտել: Թուրքիայի հակասիրիական տրամադրությունը այլեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ, բայց միեւնույն ժամանակ միջազգային հանրությունը եւ հենց ինքը՝ Թուրքիան, շատ լավ գիտակցում է, որ իր կողմից իրականացվող բոլոր գործողություններն ապօրինի են եւ անկասկած, ի վերջո, մատնվելու են անհաջողության: Ընդամենը ժամանակի հարց է:

Ադրբեջանցի զինծառայողների հուշերը 2016թ.-ի ապրիլյան մարտերից

- Գուցե ժամանակի հարց է, բայց այս ընթացքում տուժում է հասարակ ժողովուրդը, որի մեջ մտնում է նաեւ տեղի հայ համայնքը:

- Իրավացի եք, հայ համայնքը Սիրիայի ժողովրդի անբաժան բաղկացուցիչն է: Եվ որքանով որ սիրիացիներն են տուժում, այնքան էլ հայերն են տուժում ստեղծված իրավիճակից: Հալեպի մեջ կյանքը, թեեւ իր բնականոն ընթացքին է վերադարձել, բայց ԱՄՆ-ի վերջին սպառնալիքները հասարակ քաղաքացիների մեջ մեծ մտահոգության տեղիք են տվել, այդ թվում՝ հայ համայնքում: Բայց դրան զուգահեռ` պետք է ասել, որ վերջին մեկ տարվա մեջ հայ համայնքի՝ Հալեպ վերադառնալու միտում է նկատվում:Այն հայկական ընտանիքները, որոնք պատերազմական տարիներին լքեցին Հալեպը, կամաց-կամաց վերադառնում են իրենց լքված, կիսաքանդ, բայցեւ՝ հարազատ տները: Ոմանք փորձում են հնի վրա նորը կառուցել, ոմանք՝ նոր բնակարաններ են ձեռք բերում: Ամեն դեպքում՝ միտում նկատվում է, որ հայ համայնքը կրկին մեծամասնություն է կազմում: Իհարկե, ասել, որ բոլորն են վերադառնում, սխալ կլինի, բայց որ վերադարձի տենդենց կա, ակնհայտ է:

 

«Սպասել է պետք»

Նշենք, որ Սիրիայի խորհրդարանի հայազգի մեկ այլ պատգամավոր՝ ՆՈՐԱ ԱՐԻՍՅԱՆԸ եւս զերծ մնաց մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքների եւ հնարավոր հանգուցալուծման վերաբերյալ մեր հարցը՝ նկատելով.

- Սպասել է պետք, դեռ որեւէ պաշտոնական պատասխան տալ չեմ կարող: Պետք է խնդիրը բազմակողմանի ուսումնասիրել: Խնդրում եմ, մի որոշ ժամանակ անց անդրադառնալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА