Տավուշի մարզի 19 համայնքների միավորմամբ կհիմնվի Իջեւան միավորված համայնքը. Պապիկյան
Արխիվ 16-20
ՀՀ Տավուշի մարզի 19 համայնքների միավորմամբ կհիմնվի Իջեւան միավորված համայնքը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Նախատեսվում է ունենալ Իջեւան միավորված համայնք՝ բաղկացած ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն գյուղերից»,- ասաց Պապիկյանը:
Բացի դրանից՝ նախատեսված է Լոռու մարզի 2 համայնքների միավորումից՝ Լերմոնտովո եւ Անտառաշեն, հիմնել Լերմոնտովո միավորված համայնքը:
Նախարարն ընդգծեց, որ խոշորացված համայնքները մի քանի անգամ ավելի սուբվենցիոն ծրագրեր են ներկայացրել ու համաֆինանսավորման ավելի մեծ մասնաբաժին են վերցրել, ինչն էլ այդպիսի համայնքների՝ ավելի արդյունավետ լինելու ցուցիչներից է:
2020 թվականի հունիսի 14-ին Լոռու մարզի Լերմոնտովո եւ Տավուշի մարզի Իջեւան համայնքներում առաջարկվում է անցկացնել համայնքի ղեկավարների եւ ավագանու ընտրություն: