Պարետատունը դադարեցրել է «Դվին»-ում ընթացող «Քանաքեռցի Տույի» դստեր հարսանիքը․ հրավիրված է եղել 300 հոգի
Արխիվ 16-20
Ոստիկանության և պարետատան աշխատակիցներն այս պահին «Դվին» համալիրում են։ Դադարեցվել է ռեստորանային համալիրում ընթացող հարսանիքը։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ «Դվին» ռեստորանային համալիրում այսօր նախատեսված էր քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) դստեր հարսանիքը։
Մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Ղազարյանի դստեր հարսանիքին հրավիրված է եղել ավելի քան 300 հոգի, ինչը խախտում է, քանի որ պարետի համապատասխան որոշմամբ թույլատրվում է մինչև 40 հոգանոց խնջույքներ։
Պայմանավորված այս հանգամանքով էլ պարետատան աշխատակիցները ոստիկանության ուղեկցությամբ այցելել են «Դվին» համալիր։
Ներկաներից մեկը Irakanum.am-ին պատմեց, որ ռեստորանից դուրս են հրավիրվել բոլոր հյուրերը, սկսվել է իրարանցում։
Չի բացառվում, որ կասեցվի նաեւ «Դվինի» գործունեությունը։
Մեր տեղեկություններով քրեական հեղինակության դստեր հարսանիքին հրավիրված են եղել ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ովքեր ոստիկանների ներս մտնելուն պես արագ լքել են ռեստորանը։
Նյութի աղբյուրը՝ Irakanum.am