Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. Լուսանկարներ
Առողջապահական
Այսօր առավոտյան՝ ժամը 8:00-ին, ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ կասկածվում է սննդային թունավորում, հայտնում են ՍԱՏՄ-ից։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել:
ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության և ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը:
Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին:
ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: Արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց, և հիշեցնում է, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է», - ասված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրությունում։