Բացօթյա բարեգործական համերգ՝ ի աջակցություն Բեյրութի
Հասարակություն
Առաջին անգամ, գրեթե հինգ ամիս դադարից հետո, Երեւանում տեղի կունենա մեծամասշտաբ մշակութային իրադարձություն: Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի հյուրընկալ այգում կկայանա Վերդիի ‹‹Տրավիատա›› օպերայի համերգային կատարումը:
Միջոցառման հեղինակների նպատակն է այս կերպ մեր մշակութային զորակցությունը հայտնել վերջերս տուժած Բեյրութին, որը հայտնի է նաեւ ‹‹Արեւելքի Փարիզ›› անվամբ: Տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերականգնմանը: Հավաքված գումարը կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից:
Նշենք, որ Վերդիի ամենահայտնի այս փարիզյան սիրո պատմության գլխավոր հերոսներն են՝ միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) եւ Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն): Այլ դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը (Ֆլորա), Հովհաննես Անդրեասյանը (Գաստոն), Աշոտ Ղանթարջյանը (Բարոն Դյուֆոլ), Պողոս Բիազբեկյանը (Մարկիզ դ’Օբինյի), Հովհաննես Ներսեսյանը (Բժիշկ Գրենվիլ), Լուսինե Օրդուխանյանը (Անինա): Օպերայի «Փարիզյան հասարակությանը» կներկայացնի Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը: Միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր պայմանները: Տոմսերը վաճառվում են միայն առցանց: