Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ԿԼԻՆԻ ԵՌԱՏՈՆ ՎԱՐԴԱՏՈՆ

Արխիվ 12-16


ԿԼԻՆԻ ԵՌԱՏՈՆ ՎԱՐԴԱՏՈՆ



Ինչպես մամուլի ասուլիսում նախօրոք տեղեկացրել էր ՀՀ ժողովրդական արտիստ, ՙՍայաթ-Նովա՚ մշակութային միության նախագահ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ , կիրակի օրը մեծ շուքով ու տոնախմբությամբ նշվեց Սայաթ-Նովայի 300-ամյակը: Կազմակերպվեց քայլարշավ Չարենց փողոցից մինչեւ Սայաթ-Նովայի հուշարձան, որին մասնակցեցին դպրոցականներ, մտավորականներ, ինչպես նաեւ երգի-պարի ազգային անսամբլներ: Երթի մասնակիցները հագել էին ազգային տարազ: Բանաստեղծի հուշարձանի մոտ շարունակվեց միջոցառումը երգ ու տաղով, ապա կայացավ համերգ արդեն կոնսերվատորիայի բակում:  Թբիլիսիում, որտեղ գտնվում է բանաստեղծի շիրիմը, նույնպես տոն է կազմակերպվելու:
Մենք նաեւ պարզեցինք, որ Հայաստանում Սայաթ-Նովային նվիրված եւս մեկ տոն է կազմակերպվելու, բայց այս անգամ... Լսենք ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻՆ.
-Սայաթ-Նովան, երեւի թե, մեր պոեզիայի եւ աշուղական արվեստի, երաժշտության շրջադարձային դեմքերից եւ անհատականություններից մեկն է, որն արդեն մոտ 300 տարի իր երգով, երաժշտությամբ եւ պոեզիայով մնում է անգերազանցելի` գոնե իր տեսակի պոեզիայով, իր տեսակի երգ-երաժշտությամբ: Եվ բնական է, որ եթե հոբելյան է (եթե անգամ հոբելյան չէ), մենք պարտավոր ենք ամեն տարի նշել Սայաթ-Նովայի ծննդյան օրը, ինչը եւ երկու տարի առաջ նախաձեռնեց ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միությունը: Այն արդեն երկու տարի է, ինչ անցկացվում է Հաղպատի վանքում, որովհետւ Հայաստանի իրական վայրերից մեկը, որն անխզելիորեն կապվել է Սայաթ-Նովայի կյանքի եւ գործունեության հետ, Հաղպատի վանքն է: Գաղտնիք չէ, որ նրա կինը եղել է այգեհատցի Շահվերդիի աղջիկը, ու նաեւ մայրը, ով, չնայած ապրել է Հավլաբարում, սակայն նույնպես ծագումով եղել է Սանահինից: Այսինքն` ինքը հազար թելերով կապված էր Լոռվա աշխարհի, Լոռվա ձորի հետ ու նաեւ ճգնության տարիներին կամ, առվազն, կուսակրոն ձեռնադրումից հետո նա ապրեց Հաղպատի վանքում եւ իր ստեղծագործություններից շատերը, անկասկած, գրել է հենց այդտեղ: Ամեն տարի տոնը նշում ենք սեպտեմբերին, եւ այս տարի, հաշվի առնելով նաեւ հոբելյանական իրողությունը, այն ինչ-որ նոր շուք, ոգի կունենա: Այդպիսով մենք կունենանք Սայաթ-Նովական վարդատոն երեք վայրերում` Թիֆլիս, որի հիմքը դրել է Հովհաննես Թումանյանը, Երեւանում, ուր արդեն քանի տարի նշվում է, եւ Հաղպատի վանքում: Այսինքն` մի հրաշալի եռատոն Վարդատոն կլինի մի, որն ամեն տարի ոգեկոչման տոն կլինի. մարդիկ գալիս, երգում են հենց այն եկեղեցու այն խցում, որտեղ Սայաթ-Նովան ապրել, գործել, ստեղծագործել է: Այնտեղ ազատ երաժշտական ամբիոն է.  տարբեր տեղերից, տարբեր վայրերից գալիս են, երգում, ներկայացնում իրենց ասելիքը, ու նաեւ մեր երաժշտական կոլեկտիվներն են ելույթ ունենում: Այնպես որ` Սայաթ-Նովան կա, գոյություն ունի, ու այս եռատոնը պետք է պահպանել, որովհետեւ Սայաթ-Նովան, անկասկած, սկսվում է հին Թիֆլիսով, նրա հաջորդ ճամփան Հաղպատի վանքն է եւ, այսօր, իհարկե, քաղաքամայր Երեւանը, կոնսերվատորիան եւ նրա հարեւանությամբ գտնվող Սայաթ-Նովայի հուշարձանը:  

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ