«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՆԵՐՔԻՆ ԽԱՂԵՐ` ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻ ՖՈՆԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

ՆԵՐՔԻՆ ԽԱՂԵՐ` ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻ ՖՈՆԻ ՎՐԱ



Հետաքրքրական է, որ անգամ ադրբեջանական դիվերսիաները խոչընդոտ չեղան, որպեսզի գրանտակերները տարատեսակ հայ-թուրքական կամուրջներ իրականացնեն, լրագրողական մրցանակներ շնորհեն եւ այլն: Եվ ահա հնչեց Դավութօղլուի լպիրշ հայտարարությունը, թե` ՙԵրբ Հայաստանը դուրս կգա օկուպացված տարածքներից, նրա հետ եւս հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել՚:

ԹՈՒՐՔԸ ՄՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ, ԲԱՅՑ ՈՄԱՆՔ ԴԱ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ

Բնականաբար, քաղաքական ուժերը Հայաստանում արձագանքել են ինչպես Ադրբեջանի դիվերսիաների, այնպես էլ Թուրքիայի լկտի կեցվածքին: Ի պատասխան Դավութօղլուի լկտիությանը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. ՙԹուրքիան համառորեն շարունակում է արհամարհել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները եւ խեղաթյուրել իրականությունը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր Թուրքիա եւ եվրաինտեգրում հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող: Ի գիտություն, թե Հայաստանից արեւմուտք եւ թե Արցախից արեւելք ընկած երկրների ղեկավարների` եւս մեկ անգամ փաստեմ, որ, այո, կան օկուպացված տարածքներ, եւ այդ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան հենց թուրքերն ու ադրբեջանցիները: Թարմացնելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հիշողությունը` տեղեկացնեմ, որ իր երկիրն օկուպացրել է Եվրամիության նախագահությունը ստանձնող Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասը` իսկ Ադրբեջանը Արցախի հանրապետության տարածք հանդիսացող Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը…
Անընդունելի եմ համարում Թուրքիայի` վերջնագրերով խոսելու գործելաոճը եւ եւս մեկ անգամ վերահաստատում, որ մենք վճռական ենք մեր համազգային նպատակներին հասնելու ուղղությամբ՚:
Իսկ դիվերսիաներին ՀՀԿ-ն արձագանքեց բարձրագույն մակարդակով` ՀՀ նախագահի այն զգուշացումով, որ ադրբեջանական սադրանքները պատժվելու են մեր զինված ուժերի կողմից: Եղան նաեւ ազգային պահպանողական դաշտում տեղավորվող այլ արձագանքներ:Այսպես, ՙՀայոց արծիվներ՚ կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը հայտարարել է, որ դիմում է ՀՀ նախագահին` թույլտվություն ստանալու, որպեսզի իր կազմակերպության շուրջ երկու հազար անդամներ մասնակցեն մարտական գործողություններին: Նա նաեւ նշել է, որ եթե բանը հասնի պատերազմի, ապա այս անգամ հայրենասիրական վերելքի ալիքը լինելու է նույնիսկ ավելի հուժկու, քան 1988-ին:
Ի դեպ, ուշագրավ է եւ երիտասարդական արձագանքը: ՙՀայազն՚ երիտասարդական միությունը բողոքի երթ կազմակերպեց եւ նամակներ հանձնեց ԱԳՆ եւ ՀՀ նախագահի նստավայր` պահանջելով դադարեցնել բոլոր տեսակի բանակցություններն Ադրբեջանի հետ, Արցախը հռչակել Հայաստանի մարզ եւ մեր կորուստների դիմաց պատասխան գործողություններով հակառակորդից խլել առնվազն տասնապատիկ կորուստներ: Ի դեպ, ինչ վերաբերում է այդ վերջին կետին, արդեն շրջանառվում է ադրբեջանական կողմի տված 25 զոհերի մասին տեղեկատվությունը, իսկ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի տվյալներով` հակառակորդն ունեցել է 47-ից ոչ պակաս զոհ:
Հասարակական հարթության նախաձեռնությունների թվում է եւ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, զինվորականների միջավայրում կան եւ անձնական նախաձեռնություններ: Այսպես, պահեստի կապիտան Արթուր Եղիազարյանը պաշտոնապես դիմել է ՊՆ-ին, որպեսզի լարվածության շրջանում մարտական դիրքերում զորակոչիկները փոխարինվեն փորձառու պահեստազորայիններով, եւ պատրաստակամություն հայտնեց առաջինը գնալ մարտական դիրքեր, ու ՊՆ-ից ստացվեց պատասխան, որ երկրի պաշտպանությունն ապահովելու համար առայժմ կամավորների անհրաժեշտություն չի զգացվում:
Ընդհանրապես, ռազմական լարվածությունը սահմանում բոլորին մեկ անգամ եւս հիշեցրեց թուրքի իրական էությունը, ինչը հանգեցրեց նրան, որ կոսմոպոլիտիզմի, ՙխաղաղարարության՚ ու այլ տեսակի անընդունելի գաղափարների քարոզիչները հիմնականում մտել են ծակուծուկերը: Ծակուծուկերն են մտել նաեւ բանակը փնովողների մեծ մասը, քանզի ռազմական գերատեսչության հստակ աշխատանքը տեսանելի եղավ բոլորին, եւ անգամ սոցիալական ցանցերում մեծավմասամբ հենց այլ օգտատերերը սկսել են հաջողությամբ լռեցնել տարատեսակ թափթփուկներին:
Բայց ՙնարնջագույն՚ շրջանակները բավականին կասկածելի ելույթներով դեռ հանդես գալիս են: Մասնավորապես` Լեւոն Զուրաբյանը բարբաջում է Ադրբեջանի ՙաճող գերազանցության՚ մասին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը տարածեց մի այնպիսի հայտարարություն, որը արժանի է, Ռոբերտ Քոչարյանի ասած, ՙուրիշ մասնագետի՚: Ահա որոշ ՙմտքի գոհարներ՚ ՙԺառանգության՚ առաջնորդից. ՙՀակառակորդը պատասխան պե°տք է ստանա` ոչ թե իր խեղճուկրակ գյուղացի զինվորների մատաղով, այլ իր ողջ իշխանակարգով: Նա պիտի° հարգի մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը` Հայաստանով ու Արցախով: Իսկ դրա համար` մեր պետությունն ու իր իշխանությունը պիտի դառնան իրավակարգ, բարեխիղճ, պարկեշտ, մարդու ազատությունն ու ընտրությունը հարգող, իսկ ամենակարեւորը` հաշվետու յուրաքանչյուր քաղաքացի-զինվորի կյանքի համար՚: Դե, ավելի մեծ տխմարություն երեւի հնարավոր չէր մոգոնել, քան ադրբեջանական սադրանքները եւ դիվերսիաները պայմանավորելը ընտրություններով, ու փաստացի Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում հակառակորդին պատասխան տալ` առանց հասարակ ասկյարների ոչնչացման: Դե, իսկ վերջում էլ հնչում է մարազմատիկ ուղերձ. ՙՙԺառանգություն՚ կուսակցությունը մեր ողջ ազգ-երկրին բախտորոշ համախմբման կոչ է անում` պատրաստելու համար նախահարձակ թշնամուն եւ անիրավ ժամիշխանին վերջնական ի°ր պատասխանը: Ուրիշ ոչ մեկը եւ` այլեւս երբեք՚:
Բայց բացի կլինիկական դեպքերից, առկա են եւ ավելի զգուշավոր արտահայտություններ: Այսպես, Վարդան Սիվիլիթասովիչը սկսել է խոսել ՙհամարժեք պատասխանի՚ անհրաժեշտության մասին, բայց այնպիսի ենթատեքստով, կարծես մեր զինված ուժերի պատասխանը չափազանցված համարի: Բայց, ի տարբերություն ԲՀԿ-ի օսկանյանական թեւի, ԲՀԿ-ի հիմնական մասը այլ ուղղությամբ են գնում, ու մասնավորապես Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է պատգամավորներին` մեկնել հարձակումների թիրախ դարձած գյուղերը եւ ուսումնասիրել բնակիչների վիճակը:
Անշուշտ, թուրքի թեման դեռ շատ է շրջանառվելու Հայաստանի ներքաղաքական կյանքում, ու ոչ քիչ թվով քաղաքական ուժեր դա դարձնելու են նախագահական ընտրություններին ընդառաջ քարոզչության բաղկացուցիչ մաս:

ԱՅԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Անշուշտ, խոսակցությունները, ենթադրությունները, ասեկոսեները կառավարության ապագա կազմի մասին դեռեւս բավականին տարածված են, զի որպես նախարար առայժմ հաստատվել են միայն Սեյրան Օհանյանը (ով, ի դեպ, անձամբ է մեկնել դիվերսիաների թիրախ դարձած շրջանները), Էդուարդ Նալբանդյանը եւ Արմեն Երիցյանը:
Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, ապա, զորօրինակ, բավականին տարակուսելի են արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի գործողությունները: Եհովականները դիմել են եվրադատարան, որպեսզի նույնիսկ այլընտրանքային քաղաքացիական ծառայության կայքով չառնչվեն անգամ զինկոմիսարիատի հետ, իսկ Հրայր Թովմասյանը կոշտ դիրքորոշմամբ հանդես գալու փոխարեն դեռ մի բան էլ պատրաստակամ է դրանց հետ բանակցելու: Բայց, կարծես թե, այդ աստիճանի անխոհեմություն անողներ նախարարների պաշտոնակատարների մեջ էլ չկան:
Իսկ նախագահական ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում ամբողջ ՙնարնջագույն՚ դաշտում: Այսպես, պարզվում է, որ ՙԺառանգությունում՚ այնքան էլ համաձայն չեն իրենց թուլակամ առաջնորդի այն կարծիքին, որ պետք չէ մասնակցել նախագահական ընտրություններին: Եվ ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը մասնավորապես հայտարարել է. ՙԿուսակցությունը կառաջադրի նախագահական ընտրություններին այն մարդու թեկնածությունը, ում կտեսնի այդ դերում, մի կողմից էլ` տվյալ մարդը պետք է պաստրաստ լինի առաջադրվելու՚:
Ու պարզվում է, որ ՙժառանգականներից՚ շատերի տեսակետը արտահայտող Ա. Մարտիրոսյանը, արդեն գնալով Լեւոն Զուրաբյանի հետքերով, հետամուտ է լինում միասնական թեկնածուի ամերիկյան նախագծի իրագործմանը. ՙՄենք կողմնակից ենք, որ առավել լայն կոնսոլիդացում լինի ներքաղաքական դաշտում՚: Ու հայացքը էլի դեպի ԲՀԿ է. ՙԵթե, օրինակ, ԲՀԿ-ն հայտ ներկայացնի` պաշտպանելու իր հնարավոր այլընտրանքային թեկնածուին, մենք կքննարկենք հարցը եւ պատասխան կտանք՚: Դե, նույնաբովանդակ հույսեր ԲՀԿ-ի հետ կապում է եւ ՀԱԿ-ը: Այսինքն` այդ երկու ՙնարնջագույն՚ ուժերի բաղձանքն ու ձգտումն այն է, որ ԲՀԿ-ն առաջադրի հենց ՙնարնջագույն՚ թեկնածու, որպեսզի միասին պաշտպանեն այդ թեկնածուին: Նույն հակումը, ի դեպ, ունեն եւ ՙԱզատ դեմոկրատները՚, այդ ուղղությամբ իր քայլերն է ուղղում եւ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի հետ գլուխ չդրած Դավիթ Շահնազարյանը, կարծես թե ԲՀԿ-ական ՙնարնջագույն՚ թեկնածուի տարբերակին վատ չի վերաբերվում եւ Արամ Զ. Սարգսյանը:
Բայց արդյոք ԲՀԿ-ն իրոք առաջ կքաշի ՙայլընտրանքային՚ թեկնածու: Բայց նաեւ երեւում է, որ ԲՀԿ-ն, որպես այդպիսին, փորձ է կատարում իր քայլերն ուղղել դեպի Արեւմուտք, ու կուսակցության առաջնորդն էլ մասնակցել է Հիլլարի Քլինթոնի կազմակերպած ընդունելությանը, ուր ՙոչ ֆորմալ՚ ձեւով շփվում էր տարբեր ՙնարնջագույն՚ կադրերի հետ, բայց ԱՄՆ պետքարտուղարի հետ այդպես էլ զրույց չստացվեց: Ու կան ենթադրություններ, որ առայժմ հենց ամերիկացիներն են վերապահումով վերաբերվում այդպիսի շփումներին, քանի որ, բնականաբար, չեն կարող մոռանալ եւ ԲՀԿ-ի ու վերջինիս առաջնորդի շփումներն ու մտերմությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Ինչեւէ, մոտակա նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգը այն է, թե ինչ կստացվի ՙԲՀԿ-ի այլընտրանքային թեկնածու՚ գաղափարից, առայժմ պարզ չէ: Ի վերջո, Օսկանյանն այդ դերի համար չափազանց թույլ է, ԲՀԿ առաջնորդին ինչ-ինչ ՙնարնջագույն՚ դերերում պատկերացնելը բավականին դժվար է, Ռոբերտ Քոչարյանն էլ առայժմ ստվերից դուրս եկողը չէ, չնայած բավականին հետաքրքիր եւ զվարճալի կլիներ դիտարկել, թե ինչպես պետք է ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ պաշտպանեն Ռոբերտ Սեդրակիչին, որին առնվազն ՀԱԿ-ը ժամանակին ուզում էր Հաագայի դատարան տանել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ