Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԵՐԲԵՔ ՉԵՄ ԲՈՂՈՔԵԼ, ՈՐ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ՚

Արխիվ 12-16

ՙԵՐԲԵՔ ՉԵՄ ԲՈՂՈՔԵԼ, ՈՐ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ՚


Հայ մեծանուն գրողներից մեկի` ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ կյանքն ու գործունեությունը ներկայացնող բոլոր վկայությունները` շուրջ 11 հազար, գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, քանդակներ, փաստաթղթեր եւ այլն, պահպանվում են գրողի-տուն թանգարանում: Այստեղ Իսահակյանը ապրել է կյանքի վերջին 10 տարիները, եւ նրա ցանկությամբ է, որ շենքը կառուցվել է սրբատաշ սեւ տուֆ քարից:
Գրողի մահվանից մի քանի տարի անց` 1963 թվականի հոկտեմբերի 31-ին, հանդիսավորությամբ բացվում է Իսահակյանի տուն-թանգարանը: Բացման օրվանից մինչ այսօր թանգարանը շարունակում է իրականացնել մշակութային մի շարք միջոցառումներ: ՙԱվ. Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաքի լավագույն թանգարաններից է, որը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Թանգարանի վերջին մշտական ցուցադրությունը բացվել է ընդամենը մի քանի տարի առաջ` 2009 թվականին: Բացի ցուցադրությունից` թանգարանում տեղի են ունենում բազմաբովանդակ եւ բազմաբնույթ միջոցառումներ, որոնց դեպքում հաշվի ենք առնում մարդկանց տարիքային խմբերը` սկսած դպրոցահասակ երեխաներից մինչեւ թոշակառուներ: Թանգարանը իրականացնում է նաեւ կրթական ծրագրեր, ՙԻսահակյանի հեքիաթներն ու առակները՚ մեկն է այդ ծրագրերից, որը իրականացվում է թանգարանի աշխատակիցների կողմից: Ընտրելով հիմնականում թիրախային դպրոցների, նրանք այցելում են այնտեղ եւ երեխաներին ծանոթացնում Իսահակյանի եւ նրա ստեղծագործությունների հետ: Ծրագրի հաջորդ փուլում տվյալ դպրոցի աշակերտներին հյուրընկալում ենք մեզ մոտ` թանգարան, եւ ծանոթացնում թանգարանի հավաքածուի հետ: Ծրագրի վերջում արդեն ստեղծագործում են երեխաները` բեմադրելով առակներ կամ հեքիաթներ, ինչը շատ է ոգեւորում նրանց: Բացի այդ` երեխաները իրենց զգացածը վերարտադրում են  նկարներում: Տարվա վերջում լավագույն աշխատանքների համար կազմակերպում ենք ցուցահանդես: Թանգարանը անցկացնում է նաեւ դասախոսություններ, որոնք նվիրված են ոչ միայն Իսահակյանին, այլեւ հայ մեծանուն մյուս գրողներին՚,- ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:

ՙՈՒՆԵՆՈՒՄ ԵՆՔ ՆԱԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՀՅՈՒՐԵՐ՚

-Արդյոք մշակութային միջոցառումները նպաստում են թանգարանի այցելուների թվաքանակի աճին:
- Աշխատում ենք այնպիսի միջոցառումներ կազմակերպել, որ իսկապես հասարակության համար հետաքրքիր լինի: ՙԹանգարանային գիշեր՚ միջոցառման ընթացքում թանգարանը լեփ-լեցուն է: Այդ մեկ օրում ունենում ենք մոտ 3 հազար այցելու, ովքեր տեղավորվում են նույնիսկ աստիճանների վրա եւ մասնակիցը դառնում մեր կազմակերպած հետաքրքիր ծրագրերին: Թանգարան են գալիս նաեւ ընտանիքներով: Նախորդ տարի 8-9 հազար այցելու ենք ունեցել: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով թանգարանն ունեցել է 770 այցելու, որը վատ ցուցանիշ չէ տարվա այս եղանակի համար: Մեր հիմնական այցելուները շարունակում են մնալ դպրոցականներն ու ուսանողները, չնայած` չեմ կարող ասել, որ մեծահասակներ չեն այցելում թանգարան: Քիչ թվաքանակով ունենում ենք նաեւ արտասահմանցի հյուրեր:

ՙԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՆԱԵՎ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ՚

Հասմիկ Մելքոնյանի խոսքով` Ավ. Իսահակյանի անվան թանգարանը արդեն 10 տարի մասնակցում է ՙԹանգարանային գիշեր՚ միջոցառմանը: Այս տարի եւս իր այցելուների համար թանգարանը նախապատրաստել է հետաքրքիր ծրագրեր` ՙՀավաքածուները` որպես հաղորդակցության միջոց՚ խորագրով: Թանգարանի ֆոնդերում պահվում է Իսահակյանի խոսքերով գրված ռոմանսների ժողովածուն, որը կոմպոզիտորների նվերն է եղել գրողի 75-ամյակին.
- Այդ օրը կլինի համերգային ծրագիր` կհնչեն հայկական ռոմանսներ Իսահակյանի խոսքերով, կցուցադրվեն գրողի մասին փաստագրական ֆիլմեր, որոնք պահվում են թանգարանի ֆոնդերում: Միաժամանակ կլինի երկու ցուցահանդես` Իսահակյանի խոհերը, մտքերը Հայոց ցեղասպանության մասին: Քանի որ մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, դեռեւս անցած տարվանից սկսել ենք իրականացնել ծրագիր` նվիրված Ցեղասպանության հետեւանքով ձեւավորված հայկական սփյուռքին ու գաղթօջախներին: Անցկացնում ենք դասախոսությունների շարք` հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախների մասին: Վերջին դասախոսությունը Ֆրանսիայի հայկական համայնքին եւ այստեղ Իսահակյանի ապրած տարիներին էր նվիրված, այդ տարիները արտացոլող լուսանկարների եւ փաստաթղթերի հիման վրա նախապատրաստում ենք ժամանակավոր ցուցահանդես:
ՙ
ՄԵԾ ԲԱՐԵԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՇԽԱՏԵԼ ԱՅՆ ՏԱՆԸ, ՈՐՏԵՂ ԱՊՐԵԼ Է ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԸ՚

-Տիկին Մելքոնյան, նման ակտիվ գործունեության հետ մեկտեղ ի±նչ խնդիրներ ունի տուն-թանգարանը:
- Բավականին ժամանակ է, որ աշխատում եմ թանգարանում` 1987 թվականից, այդ ժամանակ թանգարանը վերանորոգվում էր, հետո 2007 թվականին էլ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ երկրորդ հիմնանորոգումը` այսինքն անցել եմ երկու հիմնանորոգում: Եղել են ՙմութ ու ցուրտ՚ տարիների աշխատանքներ, բայց  երբեք չեմ բողոքել, որ  թանգարանը խնդիրներ ունի: Չեմ ասել, ոչ թե, որ խնդիրներ չկան, այլ դրանք այն խնդիրներն են, որոնք լուծելի են: Խնդիր էր նոր ցուցադրություն կազմակերպել` կազմակերպեցինք, թանգարանը վերանորոգել` վերանորոգեցինք: Կան խնդիրներ, որոնք պետք է վերհանել, բարձրաձայնել, բայց, փառք Աստծո, մենք չունենք այդպիսի խնդիրներ: Փոքր խնդիրներն էլ աշխատում ենք լուծել: Գիտական առումով էլ խնդիրներ չունենք, Իսահակյանը այն գրողն է, որը լավ ուսումնասիրված է եւ ներկայացված: Պարզապես աշխատում ենք Ավ. Իսահակյանի բարձրարժեք գրականությունը համապատասխան ձեւով ներկայացնել հանրությանը: Թանգարանի համար ապահովել ենք առավելագույն պահանջները: Մեծ բարեբախտություն է աշխատել այն տանը, որտեղ ժամանակին ապրել է մեր մեծերից մեկը` Ավ. Իսահակյանը: Օրվա մեծ մասն ապրում ես այն մթնոլորտում, որը շատ ապրեցնող եւ տրամադրող է:

ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՎԱՐՊԵՏԻ ԴԻՄԱՆԿԱՐՈՎ

Ըստ Հ. Մելքոնյանի` թանգարանի բոլոր ցուցանմուշները լուսանկարվում եւ թվայնացվում են: Այս ուղղությամբ թանգարանը շարունակում է աշխատել եւ մեկ տարի անց թվայնացման աշխատանքները կավարտվեն: Իսկ ինչ վերաբերում է թանգարանի համալրման աշխատանքներին, ապա Հ. Մելքոնյանը փաստում է, որ հավաքածուն ամբողջական է, ի սկզբանե, երբ հիմնադրվել է թանգարանը, այն կայացել է արդեն առկա ֆոնդերի հիման վրա` հուշային սենյակներ, հարուստ գրադարան, ննջասենյակ, աշխատասենյակ եւ այլն: Այնուամենայնիվ, հիմնադրման օրվանից մինչ այսօր թանգարանը շարունակում է համալրվել: Նախորդ տարի թանգարանը համալրվել է Վարպետի  դիմանկարով: ՙՄեր ունեցած ցուցանմուշներով կարողանում ենք ե°ւ ժամանակավոր, ե°ւ մշտական ցուցադրություններ կազմակերպել: Այն, ինչ չենք հասցնում ցուցադրել, տարբեր միջոցառումների եւ ցուցադրությունների ժամանակ ներկայացվում է հանրությանը՚,- մեկնաբանեց տնօրենը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ