Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙՍՊՈՐՏԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԵՆ՚

Արխիվ 12-16

ՙՍՊՈՐՏԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԵՆ՚


Ապրիլի 18-ին ՀՀ վաստակավոր գործիչ, միջազգային, ինչպես նաեւ օլիմպիական մրցավար, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Դերենիկ Գաբրիելյանը Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից արժանացել է ՙՖիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման առաջընթացին նպաստելու համար՚ պատվո մեդալի: Անդրադառնալով պարգեւին` պարոն Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար անակնկալ էր ԱՊՀ երկրների մրցանակին արժանանալը.
-Շուրջ հիսունհինգ տարի է` սպորտում եմ, եւ եթե անկեղծ` չէի պատկերացնի, որ մի օր  պատիվ կունենամ ԱՊՀ երկրների պարգեւը ստանալուն: Դա ինձ համար իրոք անակնկալ էր, բայց իհարկե` հաճելի: Դրա համար նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել ԱԺ-ի բոլոր պատգամավորներին, որ ներկայացրել էին ինձ այդ պարգեւին: Չկա աշխարհում մի մարդ` երբ տեսնում է, որ իր աշխատանքը գնահատում են` ավելի չոգեւորվի: Ապրիլի 18-ը ինձ համար իրոք շատ երջանիկ եւ հիշարժան օր էր, երբ ես տեսա, թե ինչպիսի փայլուն ելույթներ ունեցան Սանկտ Պետերբուրգում մեր պատգամավորները, այդ թվում` Հայկ Բաբուխանյանը, մեծ հպարտություն ապրեցի: Հենց այդտեղ` Սանկտ Պետերբուրգում, տիկին Մատվիենկոն ինձ պարգեւատրեց ՙՖիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման առաջընթացին նպաստելու համար՚ մեդալով:
Ի դեպ` պարոն Գաբրիելյանը միակն է, ում մրցանակը ստանալուց հետո, որպես երախտիք` հաջողվել է համբուրել Վալենտինա Մատվիենկոյին.
- Շուրջ տասը պետության ներկայացուցիչներ էին պարգեւատրվում, եւ երբ հերթը հասավ ինձ` տիկին Մատվիենկոն պարգեւատրեց ինձ եւ վարդեր նվիրեց, ես էլ պահը չկորցրի եւ առաջարկություն արեցի համբուրել իրեն, ասելով. ՙԻմ ընկերները, իմ հայրենակիցները ինձ չեն ների, եթե ես Ձեզ չհամբուրեմ՚: Պետք է ասեմ, որ տիկին Մատվիենկոն չմերժեց խնդրանքս, ես էլ նրան համբուրեցի:
Անդրադառնալով սպորտի բնագավառին` պարոն Գաբրիելյանն ասաց.
- Միշտ ասել եմ ու էլի կասեմ, որ սպորտում մարզչի, մանկավարժի աշխատանքը ամենաբարձր աշխատանքներից մեկն է: Քանի որ մեր տարիների աշխատանքը երեւում է միայն տարիներ հետո` երբ տեսնում ենք, թե մեր աշակերտները ովքեր են դարձել եւ ինչով են զբաղվում: Ես ուրախ եմ, որ տարիների ընթացքում տվել եմ շուրջ յոթ հազար շրջանավարտ ու նրանցից ոչ ոքի համար չեմ կարմրել: Այսօր իհարկե` հատկապես ֆիզիկական կուլտուրայում եւ սպորտում, կան բազմաթիվ հարցեր, խնդիրներ, բայց կարծում եմ, որ եթե լինի ճիշտ մոտեցում` կարելի է լուծել բոլոր խնդիրները` առանց մեծ ներդրումներ անելու: Այսինքն, յուրաքանչյուրը պետք է շատ լավ կատարի իր աշխատանքը, իսկ մեր ֆեդերացիաները, մեր Օլիմպիական կոմիտեն պետք է զբաղվեն մեծ սպորտի խնդիրները լուծելով: Վստահ եմ` համատեղ աշխատանքը իր արդյունքներին երկար սպասեցնել չի տա: Եթե այսօր հանրակրթական դպրոցներում մենք չկարողանանք բարձրացնել ֆիզիկական կուլտուրայի դերը, ուրեմն  վաղը չենք ունենա ուժեղ եւ պիտանի զինվորներ, քանի որ մեկը մյուսի շարունակությունն է: Այդ իսկ պատճառով ես ասել եմ ու էլի կասեմ, որ Սպորտի, Առողջապահության, Պաշտպանության   նախարարությունները պետք է համատեղ աշխատեն, այդ շղթան չպետք է թուլանա:
Պարոն Գաբրիելյանի խոսքով, այսօր սպորտում կան բազմաթիվ խնդիրներ, բայց հիմնական խնդիրները երկուսն են.
-Գիտեք, որ մեծ սպորտը, իսկապես մեծ քայլերով է առաջ գնում, մենք պետք է կարողանանք հասնել դրան: Այսօր սպորտի հիմնական խնդիրները երկուսն են` մարզաբազաների եւ կադրերի վերապատրաստում: Ինչպես ասում են` առանց մեծ ներդրումների չի լինի մեծ սպորտ: Այնպես, որ խնդիրները շատ են, բայց ես կարծում եմ, որ լուծումները պետք է գտնենք միասին:
- Որ ոլորտներում եք առաջընթաց նկատում` համեմատած նախորդ տարիներին:
- Սպորտը միշտ գնահատում են մեդալներով, վերջին ոսկե մեդալը բերեց մեր քոլեջի շրջանավարտ Արմեն Նազարյանը` Ատլանտայի օլիմպիական խաղերից: 1996 թվականից հետո, ցավոք, մենք ոսկե մեդալ ձեռք չենք բերել: Մինչ օրս մեր օլիմպիական չեմպիոնների ընդհանուր թիվը տասներեքն է, եւ այդ տասներեք թիվը, չգիտես ինչու, չի հաջողվում ջարդել: Բայց հուսով եմ, որ առաջիկայում Բրազիլիայում անցկացվելիք օլիմպիական խաղերի ժամանակ մեր մարզիկները ամեն ինչ կանեն, որ ոսկե մեդալ բերեն: Իսկ մարզաձեւերից այսօր մեծ վերելք է ապրում շախմատը: Այսօր կաղում ենք խաղային ձեւերից` չունենք թենիսի, վոլեյբոլի կարգին թիմեր:
- Ինքներդ նշեցիք, որ սպորտը միշտ գնահատում են մեդալներով: Սակայն օլիմպիական խաղերի ժամանակ հաճախ ենք լսում հետեւյալ արտահայտությունը. ՙԿարեւորը մասնակցություն է՚, Դուք ինչպե±ս եք վերաբերվում:
- Ընդհանրապես ճիշտ եք` հատկապես օլիմպիական խաղերի ժամանակ հաճախ ենք լսում նման արտահայտություն, բայց, ինչ խոսք, կյանքն ապացուցել է, որ հենց հաղթանակն է կարեւորը: Այդպես ասում են, բայց ինչքան հաճելի է, որքան հպարտություն է ապրում ազգը, երբ իր ներկայացուցիչը հայկական դրոշն է բարձրացնում, հնչում է հայկական հիմնը: Ամեն դեպքում, ըստ իս` կարեւորը ոչ թե մասնակցությունն է, այլ` մեդալը: Մեդալ բերողի անունը պատմության մեջ ոսկե տառերով է գրվում: Տեսեք, եթե մեր օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Հրանտ Շահինյանը, Վլադիմիր Ենգիբարյանը եւ այլոք ոսկե մեդալ ստացած չլինեին, չեմ կարծում, որ միայն մասնակցությամբ նրանց այսօր ինչ-որ մեկը հիշեր:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Հ.Գ.
Ի դեպ` մայիսի 17-ին կբոլորի սպորտի ականավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանի ծննդյան 70-ամյակը: Եվ, հատկանշական է, որ իրեն տրված մեդալի համարը` թիվ 17, համընկել է հենց իր ծննդյան օրվա հետ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ